Քաղաքացիները բողոքում են «Մոգո» ՈւՎԿ-ից․ընկերության պարզաբանումը

Քաղաքացիները բողոքում են «Մոգո» ՈւՎԿ-ից․ընկերության պարզաբանումը

«Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպության վրա երկրում հաստատված արտակարգ դրությունը չի տարածվում»,- այս մասին «Հրապարակին»  ահազանգեց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ վարկային կազմակերպությունը պահանջում է, որ վարկառուները ամսական վճարումները իրականացնեն սահմանված ժամանակին, այսինքն՝ վարկային արձակուրդ չի տրամադրում, մինչդեռ քաղաքացիները չեն աշխատում և գումար չունեն։ Ընկերությունը ուշացնելու դեպքում տուգանում է ամեն չվճարված օրը մայր գումարի 1 տոկոսով։ Թեմայի առնչությամբ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերության տնօրեն, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանից, նա նախ խնդրեց իրեն զանգահարել կես ժամ հետո, ապա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Մեզ հետ կապվեց ՈւՎԿ-ի հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Աիդա Գրիգորյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքացիները պետք է դիմեն իրենց՝ վարկային արձակուրդ ստանալու համար․
«Մարտի 13-ին «Մոգո» ընկերությունը հայտարարեց, որ վարկային արձակուրդ է տրամադրում, մենք մի քանի պրոդուկտներով ենք վարկավորում , և կախված պրոդուկտի յուրահատկությունից տարբեր ընդառաջումներ կան։ Այն հաճախորդների համար, որոնք մեզ զանգահարում են, ներկայացնում են իրենց իրավիճակը, որ այս պահին վճարողունակ չեն, կապված իրենց վարկի տեսակից համապատասխան լուծումով ընդառաջում ենք։ Եթե հաճախորդի վարկը ժամկետնանց է, վերաբերմունքը մի փոքր այլ է, եթե վճարման օրը դեռ չի եկել, տեղի է ունենում երկարաձագում։ Անգրավ սպառողական վարկերի դեպքում ևս ընդառաջում ենք։ Այս պահի դրությամբ մենք մոտավորապես 1000 երկարաձգում ենք կատարել։ Լինում են դեպքեր, երբ բազմազավակ ընտանիք է,երբ վճարման մասին խոսք չկա, մենք երկարաձգում ենք անվճար։ հաճախորդը մեր զեղչից չի կարող օգտվել եթե, օրինակ, 150 օր ուշացրել է վճարումը, և վարկը արդեն վերակառուցված է, ժամկետը երկարաձգված է, վճարումը փոքրացված է։ Ավել բան այդ հաճախորդի համար չենք կարող անել, քանի որ նաև պարզ է դառնում, որ այս իրավիճակը չէ, որ անդրադարձել է նրա վճարողունակության վրա»,- ասաց Գրիգորյանը։
Բայց տվյալ դեպքում քաղաքացին ընդամենը 2 օր է ուշացրել և ստացել հաղորդագրություն, որ տուգանվում է 1 տոկոսով՝ հարցրինք Գրիգորյանին․
«Հնարավոր է։ Եթե հաճախորդները մեզ հետ կապ չեն հաստատում, իսկ մենք պարտավորվում ենք վճարման նախորդ և հաջորդ օրը հաճախորդին հաղորդագրություն ուղարկել։ Դա ավտոմատացված է, և մենք չենք կարող դա կանգնեցրել, քանի դեռ հաճախորդը մեզ չի զանգահարել և չի հայտնել, որ ցանկանում է զեղչից օգտվել։ Մեզ պետք է դիմել, մենք արդեն ունենք հաստատված ստանդարտ, որ կախված իրենց վարկի տեսակից մենք պետք է իրենց օգնենք»,- պատասխանեց ընկերության մասնագետը։