Ինչ կարգավիճակ ունի Լիսկայի որդին

Ինչ կարգավիճակ ունի Լիսկայի որդին

Նոյմեբերի 9-ին ոստիկանները հայտնաբերել էին հետախուզման մեջ գտնվող Տիգրան Խաչատրյանին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Վերջինս, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հայտնաբերվել է Երևանի իրենց առանձնատանը՝ պահարանի մեջ ներկառուցված գաղտնի սենյակում։

Տիգրան Խաչատրյանը, հիշեցնենք, հետախուզվում էր Գորիսում տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված, նա վիճաբանության էր բռնվել գորիսեցի 46-ամյա մի տղամարդու հետ, որից պետք է անվադողեր գներ: Ըստ քննչականի ավելի վաղ տարածած հայտարարության, վիճաբանությունը ծագել էր այն բանի պատճառով, որ Խաչատրյանի որդուն դուր չէր եկել, թե իրեն ինչպես են դիմել, և 46-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք էր հասցրել։

Քննչականից փորձեցինք ճշտել, թե արդյոք կալանավորվե՞լ է Տիգրան Խաչատրյանը:

Այսօր մեզ փոխանցեցին, որ նա ձերբակալվածի կարգավիճակ ունի․ «Խաչատրյանին արդեն մեղադրանք ներկայացվել է և միջնորդություն է ուղարկվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերահաստատելու համար։ Այս պահին նա ձերբակալված է»,- փոխանցեցին քննչական կոմիտեից: