Մարդու էներգիայով աշխատող ջուր մաքրող պորտատիվ սարք են ստեղծել

Համաձայն ՄԱԿ տվյալների, աշխարհում ոչ այնքան զարգացած երկրներում մարդիկ սովորաբար ունենում են խմելու ջրի պակաս։ Ըստ վիճակագրության, աշխարհում 2 միլիարդ մարդ որակյալ խմելու ջրի հանդեպ հասանելիություն չունի։ Ավելի շատ մարդիկ էլ ապրում են այնպիսի պայմաններում, որտեղ նույնիսկ տարրական սանիտարա-հիգիենիկ ենթակառուցվածքներ չկան։ Խմելու ջրի հարցը կարգավորման տարբերակների մեկը դեզինֆեկցիան է կամ վարակազերծումը։ Դա կարելի է անել ինչպես տնային պայմաններում, օրինակ ջրի եռացմամբ, այնպես էլ արդյունաբերական տարբերակով՝ օզոնացմամբ կամ քլորացմամբ։ Սակայն ավելի ծավալուն վարակազերծման համար անհրաժեշտ է էներգիա․ ինչպես նաեւ անհրաժեշտ են բարդ մոդուլային կոնստրուկցիաներ։
Աղքատ երկրներում ամենուր չէ, իհարկե, որ հասանելի է էլեկտրականությունը, դրա համար էլ այնտեղ վարակազերծման տեխնոլոգիաներ պարզապես չկան։ Այս խնդիրը լուծելու համար, մի շարք երկրների գիտնականներ միավորվելով ստեղծել են ջրի մաքրման պորտատիվ սարք, որը աշխատում է ոչ թե էլեկտրականությամբ, այլ հենց մարդու ձեռքի ստատիկ էներգիայով։ Այն թանկարժեք չէ, թեթեւ է եւ կարելի է մշտապես ունենալ ձեռքի տակ։ Եւ այսպես, չինացի եւ հարավ-կորեացի գիտնականները վերցրել են 500 մլ-անոց բազմակի օգտագործման ջրի շիշը և ներսում տեղադրել ոչ մետաղական էլեկտրոդ՝ հաղորդող պոլիմերային պոլիպիրոլից պատրաստված նանոձողերով: Այդ նանոձողերը կենտրոնացնում են էլեկտրաստատիկ լիցքերը, որոնք «կուտակվում» են մարդու մարմնի վրա քայլելիս և ստեղծում են էլեկտրական դաշտեր, որոնք բավականաչափ ուժեղ են, որպեսզի սպանեն բակտերիաներն ու վիրուսները կամ նվազեցնեն դրանց կոնցենտրացիան՝ հասցնելով անվտանգ նվազագույն մակարդակի:
Գիտնականները շշի արտաքին մասում ամրացրել են ալյումինե փայլաթիթեղի մի փոքրիկ կտոր, որը մարդու ձեռքից «հավաքում» է ստատիկ էլեկտրականությունը, այնուհետև այն վերահղում դեպի պղնձե մետաղալարը: Այս մետաղալարն այնուհետև էներգիան տեղափոխում է շշի ներսում գտնվող էլեկտրոդին: Փորձարկումները ցույց են տվել, որ սարքն ի վիճակի է ամբողջապես վարակազերծել գետի ջուրը, որը պարունակում է ինչպես բակտերիաներ, այնպես էլ վիրուսներ։ Ընդ որում, ամբողջական վարակազերծումը տեղի է ունենում մարդու՝ ոչ ավել, քան 10 րոպե քայլելու ընթացքում։ Գիտնականները նշում են, որ այս սարքի աշխատանքի արդյունավետությունը կախված է հատկապես այն հանգամանքից, թե քայլելու դուրս եկած եւ իր հետ սարքը վերցրած մարդը ինչ տեսակի կոշիկներ է հագել։ Մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ խոնավ եղանակային պայմանները, օրինակ անձրեւը, թույլ չի տալիս, որպեսզի սարքը գործի արդյունավետ կերպով, քանի որ որքան մեծ է շրջապատի խոնավությունը, այնքան ավելի քիչ ստատիկ էներգիա է կուտակվում։ Այս ամենով հանդերձ, նման մեկ սարքի օրինակը չի կարող գերազանցել 2 դոլարը։ Ներկայումս այս սարքը ստեղծած գիտնականների թիմը զբաղված է վերջինիս արդյունավետության մակարդակի բարձրացման ուղիների որոնմամբ։ Առաջիկայում կստեղծվի սարքի կոմերցիոն տարբերակը եւ կհանվի վաճառքի։
Կարծիքներ