«Գիտենք՝ ինչու են կալանավորել Բադալյանին»․ «Արմեն Գրիգորյանի դեպքի համար ևս պիտի պատասխան տաք»

«Գիտենք՝ ինչու են կալանավորել Բադալյանին»․ «Արմեն Գրիգորյանի դեպքի համար ևս պիտի պատասխան տաք»

Բլոգեր Միքայել Բադալյանը(Միկա) ապրիլի 22-ին Ազատության հրապարակից բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա կալանավորվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը - խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։

Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։

Այս պահին մեկնարկել է Բադալյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Դատարանի բակում բողոքի ակցիա է մեկնարկել։ Մի խումբ քաղաքացիներ իրենց հետ կալանավորված մի շարք անձանց լուսանկարներ են բերել, որոնք փակցնում են ճաղավանդակներին։ Քաղաքացիները փակցնում են դաշնակցականներ Գերասիմ Վարդանյանի, Գոռ Սարգսյանի, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, Նարեկ Մանթաշյանի, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի լուսանկարները։ Փակցնում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի լուսանկարը։

«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ հանուն մեր ընկերների, որոնք Հայաստանի Հանրապետության փրկության համար հայտնվել են ճաղերի հետևում։ Նրանց թվում է նաև մեր ընկեր Միկա Բադալյանը։ Մեր ընկերները զուտ ազատ խոսքի իրավունքի համար հայտնվել են բանտում, ինչը միանշանակ արդարացի չէ»,- ասաց բողոքի ակցիա նախաձեռնողներից մեկը։

«Միկա Բադալյանը ընդամենը հաշված օրեր առաջ ակցիա էր իրականացնում ի աջակցություն Ռուսաստանի, այդ ակցիային մենք ևս ներկա ենք եղել։ Փաստորեն Բադալյանը Սորոսին ցույց էր տալիս իր տեղը։ Հիմա այսօր դուք վախենում եք կորցնել ձեր պաշտոնը, դրա համար էլ այսպես եք վարվում, իսկ այս մարդիկ ունեին իրենց հստակ քաղաքական հայացքները։ Հարգելի դատարան, հարգելի ոստիկանություն, ախր դուք ինքներդ երբ այս գժանոցից պրծնեք, պատասխան եք տալու, է։ Դուք հլը պատասխան պիտի տաք, թե ոնց եք մարդկանց սպանել, օրինակի համար հենց Արմեն Գրիգորյանին»,- հավելեց նա։