Մեզ հանգիստ թողեք  

Մեզ հանգիստ թողեք  

Պլատոն, Ուինսթոն Չերչիլ, Լի Կուան Յուի: Այս երեք հանրահայտ դեմքերը ժողովրդավարությունը չեն համարել պետական կառավարման արդյունավետ ձև: Պլատոնից «հեռու» ենք մի 26 դար, Չերչիլի ակտիվ գործունեության ժամանակաշրջանից՝ գրեթե 1 դար: Լի Կուան Յուն ապրել և գործել է մինչև վերջերս, 2015 թվականը: Նա Սինգապուրի առաջին վարչապետն էր, ով կառավարել է երեք տասնամյակ։

Պլատոնը նկատել է, որ օլիգարխիկ պետությունն ավելի դյուրին է կառավարել, քան՝ ժողովրդավարականը: 

Չերչիլի կարծիքով՝ «ժողովրդավարությունը՝ կառավարման վատագույն ձևն է»: Այս արտահայտությունը քաջ հայտնի է, ինչը չի կարելի ասել դրա համատեքստի մասին: Հակառակ տարածված կարծիքի, Չերչիլն այն արտասանեց ոչ թե որպես բրիտանական ժողովրդավարության ամենակարող ղեկավար, որը հաղթեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, այլ որպես պարտվող առաջնորդ: Այս խոսքերն ասվեցին Համայնքների պալատում 1947 թվականի նոյեմբերի 11-ին, երբ Չերչիլը ընդդիմության «ընդամենը» առաջնորդն էր 1945 թվականի հուլիսի ընտրություններում լեյբորիստ Քլեմենթ Էթլի կողմից կրած անսպասելի, բայց ջախջախիչ պարտությունից հետո: Այդ պահին Չերչիլը քննադատեց արագ անկում ապրող կառավարությանը, որը ձգտում էր սահմանափակել խորհրդարանի լիազորությունները և մասնավորապես Լորդերի պալատի վետոն.

«Ինչպե՞ս է ընկալում արժանապատիվ ջենթլմենը ժողովրդավարությունը: Թույլ տվեք ինձ, պարոն նախագահ, բացատրել նրան դա կամ ամենահիմնական պահերը: Ժողովրդավարությունը խոստումների վրա հիմնված մանդատ ստանալը, իսկ հետո ինչ ուզենալ անելը չէ: Մենք կարծում ենք, որ պետք է ամուր հարաբերություններ լինեն ղեկավարության և ժողովրդի միջև. «Կառավարությունը ժողովրդից է, ստեղծված ժողովրդի կողմից և ժողովրդի համար», ահա ժողովրդավարության սուվերեն սահմանումը։ (…) Հազիվ թե պետք է նախարարին բացատրեմ, որ ժողովրդավարություն չի նշանակում. «Մենք ստացել ենք մեծամասնություն, ընդ որում կարևոր չէ, թե ինչպես և հինգ տարվա ժամկետ: Ի՞նչ անենք դրանց հետ»։ Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ կուսակցական դատարկախոսություն, ինչը չի առնչվում մեր երկրի բնակիչների հիմնական մասին։
(…) Պետք է կառավարի ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը՝ խորհրդարանի միջոցով: (…)
Կառավարման շատ ձևեր փորձարկվել են ու դեռ կփորձարկվեն մեղքերի և տառապանքների այս աշխարհում: Ոչ-ոք չի պնդում, որ ժողովրդավարությունը կատարյալ և ամենահաս է: Իրականում, կարելի է ասել, որ այն կառավարման վատագույն ձևն է, եթե հաշվի չառնվեն մյուսները, որոնք փորձարկվել են ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ, կա կարծիք, և այն մեր երկրում լայնորեն տարածված է, որ ժողովուրդը պետք է լինի ինքնիշխան, ընդ որում, շարունակական, և որ հասարակական կարծիքը, որն արտահայտվում է սահմանադրական բոլոր միջոցներով, պետք է ձևավորի, ուղղորդի և վերահսկի նախարարների գործողությունները, որոնք հանդիսանում են ծառայողներ, այլ ոչ տերեր»:

Հավանաբար՝ 2020 թվականի պատերազմում հաղթանակի դեպքում, եթե ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը պարտություն կրեր, ապա մենք ականատես կլինեինք նրա առաջնորդի այսպիսի ելույթին: Պատերազմում պարտությունից և ընտրություններում այդ քաղաքական ուժի հաղթանակից հետո պարզվեց, որ մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է…

Աստված հեռու պահի այդպիսի «բարձունքից»: Մյուս կողմից էլ, լավ է, որ այդպես չէ: Մնում է ոչ ժողովրդավարական պետության մեքենան օգտագործվի խոստացված տնտեսական հեղափոխության իրականացման համար: Թվում է, թե իշխող քաղաքական ուժը, այդ առումով, «ձիով քայլ ունի» անելու, ինչն ուշանում է: Մինչդեռ Կառավարության 2021-2026 թվականի ծրագրում, որպես տնտեսական քաղաքականության թիրախ է նշվել է. «Միջնաժամկետ հատվածում տնտեսական բարդության ցուցանիշը -0.39-ից հասցնել 0.1 միավորի և ստեղծել հիմքեր՝ 10 տարվա ընթացքում դասվելու բարձր տնտեսական բարդություն ունեցող երկրների շարքին»: Նշանակում է, որ 2023 թվականին այդ ցուցանիշը կկազմի առնվազն 0.1, գուցե, ավելին, եթե հաշվի առնվի 10 տարվա բավական սեղմ ժամանակային հորիզոնը՝ այդպիսի նպատակին հասնելու առումով:
Լրահոսում հաճախ են հանդիպում կարծիքներ, որ ՀՀ-ն դարձել է ավտորիտար պետություն: Սա շատ լավ նորություն է: Մնում է դա գործադրել Կառավարության ստանձնած չափազանց ամբիցիոզ տնտեսական նպատակներին հասնելու եւ օր առաջ մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելու համար: Ուղղակի, պետք է հիշել Չերչիլի խոսքը մանդատի մասին. չի կարելի մի բան խոստանալ և անել այլ բան կամ ընդհանրապես ոչինչ չանել:

Այս տեսակետից, գուցե, Կառավարությանը, իշխող քաղաքական ուժին ոգևորեն ու գոտեպնդեն Լի Կուան Յուի ստորև բերված դատողությունները:  

«Ես չեմ հավատում, որ ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևն է բոլոր երկրների համար, և որ այն կտարածվի ամբողջ աշխարհում։ Եթե ​​այդպես էր, ինչո՞ւ են արևմտյան երկրները փորձում բռնությամբ պարտադրել բոլորին։ Եթե ​​լիբերալ դեմոկրատիան այդքան կատարյալ է, ապա այն արդեն կհաղթի ամբողջ աշխարհում, ինչպես շուկայական տնտեսությունը միանշանակ գերազանցում է պլանային տնտեսությունը և տարածվում է աշխարհով մեկ։ Ես շատ քննարկումներ եմ ունեցել ամերիկացիների հետ ժողովրդավարության շուրջ։ Ասում են՝ ինչպե՞ս է, որ Սինգապուրի իշխանությունը չի փոխվում։ Ես պատասխանում եմ. «Բայց ես պարզապես հաղթում եմ բոլոր ընտրություններում։ Մարդիկ գիտեն, որ եթե քվեարկեն ընդդիմության օգտին, ավելի քիչ լավ կապրեն։ Ես արդյունքի եմ հասնում՝ ես նրանց տվել եմ ազնիվ կառավարություն, տվել եմ առաջընթաց, ամեն տարի բարձրացնում եմ իրենց երեխաների կրթության որակը, բժշկական օգնության որակը։ Մենք բարձրացնում ենք մշակույթի մակարդակը, օգնում ենք արվեստին։ Ինչո՞ւ փոխենք «Ասում են՝ պետք է փոխվես, միայն այդ դեպքում կունենաս ժողովրդավարություն։ Ես պատասխանում եմ. «Թող այդպես լինի ձեզ հետ Ամերիկայում։ Եվ մեզ հանգիստ թողեք»: 
Մարդկանց արժանապատիվ կյանքն ապահովելու, մեր ազգային ինքնությունը պահպանելու համար, գուցե արժե դադարեցնել «ժողովրդավարական խաղերը», իսկ ժողովրդավարության առումով մեզ ապակողմնորոշողներին ասել. մեզ հանգիստ թողեք, մենք որոշել ենք ապրել արժանապատիվ կյանքով:

Հ.Գ. Հավանաբար, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային հորդորել է «խաղաղության», ըստ էության՝ նվաստացուցիչ պարտության պայմանագիր կնքել Հիտլերի հետ, Ուինսթոն Չերչիլը, առանց սիգարը բերանից հանելու, նույնպես ասել է՝ մեզ հանգիստ թողեք:

Գագիկ Վարդանյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, 
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր