Հայը եւ հայկականը․ Հայանուն միներալներ (1-ին մաս)

Հայը եւ հայկականը․ Հայանուն միներալներ (1-ին մաս)

«Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը եւ հետո մեռնել»:
Հենրի Ֆինիս ԼԻՆՉ, 
ճանապարհորդ, հայագետ


Դեռեւս հնագույն ժամանակներից, երբ մարդն առաջին անգամ սկսեց առնչել միներալներին, այդ ժամանակներից ի վեր, ի հայտ են եկել առաջին հայանուն միներալները: Որոշ ուսումնասիրողների կարծիքով, հայերի «հայ» ինքնանվանումը, ծագել է հնդեվրոպական «հայո»-«պղնձագործ» բառից: Քանի որ «պղինձ» հնդեվրոպական բառն ուղղակի կոչվել է «հայոս»: Եթե վերոհիշյալ ենթադրությունը ճիշտ է, ապա առանց սխալվելու, կարելի է պնդել, որ մեր նախնիներն աշխարհում առաջին պղնձագործներն են եղել: Որ մեր նախնիները եղել են առաջին մետալուրգներից, անվիճելի է, որի վերաբերյալ կան բազում մատենագիտական տեղեկություններ: Ըստ հնդիկ հնագետ Դիքշիրի` մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհից Հնդկաստան Է արտահանվել երկաթ, որը հայտնի է եղել  «հայասա» անունով: Իրենց ստեղծագործություններում հույն գրողներ Հոմերոսը, Էսքիլեսը, Եվրիպիդեսը, Քսենոֆոնը հիշատակել են չժանգոտվող հայկական երկաթի մասին: Նրա ծագման եւ բարձր որակի մասին մ.թ.ա. 4-րդ դարում գրել է նաեւ Արիստոտելը: Նա հաստատում է, որ այս երկաթը չի ժանգոտվում:  Պլինիոս Ավագը նույնպես վկայում է այդ երկաթից պատրաստված շղթայի մասին, որով Ալեքսանդր Մեծը Եփրատի վրա կամուրջ է գցել: Նա գրում է. «Այն օղակները, որ ավելացվել են վերջին ժամանակներում, ժանգից կտրտվել են, իսկ առաջվանները մնացել են անվնաս»: Քիմիական անալիզը հաստատում է, որ չի ժանգոտվում 99,5%-անոց երկաթը: Իսկ թե ինչպես էին այդ ժամանակներում չժանգոտվող երկաթ ստանում, մինչ օրս գաղտնիք է մնում:
Նոր միներալների եւ նրանց անվանումների միջազգային հանձնաժողովի կողմից անվանակոչված, ինչպես նաեւ գիտական գրականության մեջ, ալքիմիական, մատենագիտական ձեռագրերում եւ այլ հիշատակարաններում հանդիպում են բազմաթիվ հայանուն միներալներ: Այդ միներալները հայտնի են հայ նշանավոր երկրաբանների, հայկական տեղանունների անուններով կամ ուղղակի Հայաստանից արտահանվելու պատճառով հայտնի են դարձել հայկական անունով՝ հայկական աղ, հայկական ներկ, հայկական քար եւ այլն: 
Հիշեցնենք, որ Միջազգային երկրաբանական կոմիտեի բարձրագույն մրցանակը կոչվում է Լ․ Սպենդիարյանի անունով:

 

ԱՐԾՐՈւՆԻՏ (հայ երկրաբան Անդրեաս Ե. Արծրունու անունից), կանաչավուն երանգով, վառ կապույտ, հազվադեպ հանդիպող միներալ: Արծրունիտը բյուրեղային նուրբ կեղեւի ձեւով հանդիպում է Դիլիջանի մոտ գտնվող Արծրունյաց հանքում, Չիլիի Չալլակոլլո եւ Զաիրի Լիկազի հանքավայրերում՝ հանքափորվածքների պատերի վրա։ Անվանվել է ի պատիվ երկրաբան Ա․ Արծրունու՝1899-ին: 
ԼՈԴՈՉՆԻԿԻՏ, գրանիտների, պեգմատիտների, ապլիտների մեջ, կվարցային երակներում հանդիպող սեւ, երբեմն գորշ դեղին գույնի խիստ ռադիոակտիվ միներալ: Լոդոչնիկիտի տարատեսակներից հայտն են բրաններիտը եւ աբեիտը: Լոդոչնիկիտ միներալը կոչվել է ի պատիվ խորհրդահայ երկրաբան Վարդան Լոդոչնիկովի (Ղայըղչյան, Նավավարյան): 
ԼՈԴՈՉՆԻԿՈՎԻՏ, նույնն է՝ լոդոչնիկիտ:
ԶՈԴԻՏ (լատ. zodit), միներալ: Հայտնաբերել է ակադեմիկոս Հովհ. Մաղաքյանը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոդք (Զոդ) բնակավայրի մոտ, որի պատճառով էլ այն կոչվել է զոդիտ: Միներալի անունը հաստատվել է Նոր միներալների եւ նրանց անվանումների միջազգային հանձնաժողովի կողմից:
ՇԱՄԼՈւՂԻՏ, փայլուն գորշ, փայլուն կանաչավուն եւ երբեմն էլ շագանակագույն միներալ: Հայտնաբերել է պրոֆ. Հովհ. Կարապետյանը` Շամլուղ բնակավայրի մոտ, որտեղից էլ անունը: Հանդիպում է նաեւ հվ. Ուրալում, Կովկասում, Ղրիմում, Լեհաստանում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում եւ այլուր:  Միներալը հանդիպում է երկաթի եւ պղնձի հանքերում: Անունը հաստատվել է Նոր միներալների և նրանց անվանումների միջազգային հանձնաժողովի կողմից:
 Շամլուղիտը համարվել է ոչ «օրիգինալ» հանքատեսակ: Տարիքի պատճառով այն չի կարելի դասել լիպարիտների շարքին, իսկ կալիումի քիչ պարունակության պատճառով չի կարելի այն դասել կվարցների շարքին: Այդ իսկ պատճառով մի շարք այլ անուններ են առաջարկվել կերատոֆիր, ալբիտոֆիր, պորֆիր եւ այլն: 
ՎԱՆԱ ԲՈՐԱԿ, միներալ, նույնն է` ազոտական աղը (բորակը): «Վանա» է կոչվել Վանա լճից արդյունահանվելու պատճառով:

 

Վանակնի բյուրեղ

 

ՎԱՆԱԿՆ (Վան քաղաքի անունից), միներալ: Գայլախազի տեսակ: Վանակն, առաջանում է բարձր լեռներում։ Միջնադարում հայերը լեռնային բյուրեղն անվանել են վանակն, որը նշանակում է Վանի քար: Նրա գունավոր տեսակները հնում համարվել են մոգական ազդեցություն ունեցող։ Նրա բյուրեղներն այնքան մաքուր են ու թափանցիկ, որ փայլում են ալմաստի պես։ Այս հատկության համար երբեմն նրան ալմաստ են անվանում՝ Բրիանսոնյան ալմաստ, Ալյասկայի ալմաստ, Հռենոսյան ալմաստ եւ այլն։ Վանակնի բյուրեղներն  արդյունահանում են ՌԴ-ում, Մադագասկարում, Մոնղոլիայում: Վանի եւ Բիթլիսի մոտերքում եղել են վանակնի հարուստ  հանքերը եւ առատորեն արդյունահանվել են: Այդ մասին հիշատակում է նաեւ ալ-Բիրունին:  Հայաստանում վանակնի գոյության մասին վկայել է նաեւ արաբ պատմաբան Բեն Մանսուրը․ «Բելլոր կա Հնդկաստանում, Թուրքեստանում, Եվրոպայում, Արաբիայում, Չինաստանում, Հայաստանում, Մագրիբի սահմաններում»։ Վերջին ժամանակներում վանակնի խոշոր բյուրեղներ են գտնվել Բրազիլիայում: Վանակնի բյուրեղների մեծությունը սովորաբար 10 սմ-ից պակաս է լինում։
Լեռնային ապարներում բյուրեղների կուտակումներն անվանում են գրպան, մառան։ Այդպիսի մառաններից մեկում, որ հայտնաբերվել է շվեյցարական Ալպերում 1719 թվականին, արդյունահանվել է քսան տոննայից ավել քաշ ունեցող վանակն, իսկ առանձին բյուրեղների կշիռը հասնում է 100-130 կիլոգրամի։
Հին Եգիպտոսում մինչդինաստիական ժամանակներից օգտագործվել են լեռնաբյուրեղից պատրաստված առարկաներ, որոնք մեծ մասամբ եղել են սկահակներ։ Պահպանվել է Թութանհամոնի դամբարանի երկաթյա դաշույնի երախակալը՝ զարդարված վանակնով։ Հայաստանում գտնվել են ոչ միայն անգույն (ջրաթափանց), այլեւ վանակնի բազմաթիվ գունավոր տեսակներ՝ ծխագույն, կանաչ (պրազեմ), մանուշակագույն (մեղեսիկ), դեղին (ցիտիրին), ինչպես նաև կաթնասպիտակ, վարդագույն, մոխրագույն եւ այլն։
Ընդունված կարծիքի համաձայն՝ վանակնը դարմանում է սրտի, ստամոքսի, աչքերի, բորբոքված գեղձերի հիվանդությունները։ Արիստոտելն ասել է․ «Ով վանակնի գավաթով ջուր խմի, նա չի տառապի ատամնացավից եւ ջրգողությունից»։
Հնում վանակնը համարվում էր գերբնական էներգիայի գաղտնարան։ Նա մեխանիկական ազդեցության տակ կարող է ստեղծել էլեկտրական լիցք։ Վանակնի խոշոր բյուրեղներն օգտագործվում էին օպտիկայի մեջ, նրանից պատրաստում էին խոշորացույցներ, ակնոցներ, հեռադիտակների, մանրադիտակների ոսպնյակներ, բազմապիսի զարդեր, բազմատեսակ անոթներ, կնիքներ, պաշտամունքի առարկաներ եւ այլն։ Խովաներն ու այլ ցեղեր այս միներալի խոշոր բյուրեղները դնում էին իբրեւ շիրմաքար կամ մահացածի հիշատակին կանգնեցված սյուն։ Շիրիմներին այցելելիս նրանք վանակնի կտորներ էին բերում՝ որպես հիշատակի ընծաներ։
ՔԱՋԱՐԱՆԻՏ, հազվագյուտ միներալ՝ ուրանիլ-մոլիբդատ: Հայտնաբերվել է Քաջարան քաղաքի մոտ գտնվող, Սոխ-Կարասու տեղամասում, Ողջի գետի վերնագավառում: Անունը հաստատվել է նոր միներալների եւ նրանց անվանումների միջազգային հանձնաժողովի կողմից: 1955-ին միներալի կարճ նկարագրությունը տվել է Լ. Ս. Ռուդիցկոյը եւ այն անվանել է քաջարանիտ, իսկ 1959-ին տրվել է միներալի մանրակրիտ նկարագրությունը, որտեղ այն կոչվել է ուրանի կալցիումային մոլիբդատ: 1962-ին Ա. Ս. Պովարենիխը Խ. Շտրունցի «Հանքաբանական աղյուսակները» ռուսերեն թարգմանելիս այս միներալը հիշատակել է կալկուրմոլիտ անունով:
ՀԱՅԿԱՎ (bolis armena), միներալ: Արաբների մոտ հայտնի է եղել «գիլ արմանի» («գիլ էրմենի») անունով: Հավանաբար,  նույնն է` Հայկական կավ:
ՀԱՅԿԱՎ, Անիի կավ, միներալ: Արաբների մոտ հայտնի է եղել «ստին արմանի» անունով: Անիի մոտերքից արդյունահանվելու պատճառով հաճախ կոչվել է «Անիի կավ»: Հավանաբար,  նույնն է` Հայկական կավ:
ՀԱՅԿԱՎԱԿ, կավաքար: Տես Հայկական կավ:
ՀԱՅՀՈՂ, կավաքար: Տես Հայկական կավ:
ՍՏԻՆ ԱՐՄԱՆԻ, միներալ: Տես Հայկավ:

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ