Դիմորդն այսուհետ կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ

Դիմորդն այսուհետ կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ

Կառավարության ընդունած որոշման համաձայն, փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար եւ հունիս-հուլիս ամիսներին:

Միեւնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ 

Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակը դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռելն է՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը:

Նոր կարգավորմամբ նախատեսվում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչեւ 25-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առցանց հայտագրում եւ հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը՝ միասնական քննությունների հանձնում:
Ինչպես նախորդ տարիներին, նոր կարգավորմամբ նույնպես, միասնական քննություններ տեղի կունենան նաեւ ամռանը` հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Ամռանը քննություններ հանձնելու համար տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտողները, ինչպես նաեւ նախորդ տարիների շրջանավարտները պետք է իրականացնեն քննական առարկաների առցանց հայտագրում:

Հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները կարող են մասնակցել մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլին, որն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակահատվածը:

Դիմորդը կարող է առցանց հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչեւ վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք քննություններից ունեն դրական գնահատականներ: