Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել որևէ մեկի հեռախոսը գաղտնալսել. ՀՀ դեսպան

Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել որևէ մեկի հեռախոսը գաղտնալսել. ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը կտրականապես հերքում է Հունաստանի ընդդիմադիր «ՊԱՍՕԿ» կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրուլակիսի գաղտնալսման գործին Երևանի առնչությունը։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։

«Սա անամոթ սուտ է, Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել որևէ մեկի հեռախոսը գաղտնալսել»,- politispress.gr լրատվական պորտալին ասել է ՀՀ դեսպան Մկրտչյանը։

Պորտալը նշում է, որ Հունաստանի կառավարության կողմից նույնիսկ Հայաստանին են փորձում գաղտնալսմամբ ներքաշել կեղտոտ խաղի մեջ՝ «արտահոսքեր» կազմակերպելով իշխանամետ պարբերականներում՝ իշխանությանն արդարացենելուհամար։

Ավելի վաղ հետախուզական ծառայության ղեկավար Կոնտոլեոնը հայտնել էր, որ լրագրող Կուկակիսի հեռախոսային գաղտնալսումն իրականացվել է օտարերկրյա հետախուզական ծառայության պահանջով։

««Կաթիմերինի» թերթը շաբաթ օրն իր հրապարակման մեջ հայտնել է, որ կառավարական աղբյուրներից տեղեկություններ են արտահոսել, որ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսը գաղտնալսելու հարցում Հունաստանի դատական ​​համակարգին և ԵՀՊ-ին դիմել են Հայաստանն ու Ուկրաինան»,- գրում է պորտալը։ նշելով, որ Հայաստանը «խաղաղասեր երկիր է և ավանդաբար Հունաստանի հավատարիմ դաշնակիցը»։

«Ի՞նչ պատճառ ուներ Հայաստանը հետևելու մի քաղաքական գործչի, ով բացահայտորեն սատարում է իրեն և բազմիցս իր օգտին հարցեր է բարձրացրել Եվրախորհրդարանում: Բացի այդ, ի սկզբանե կառավարությունից արտահոսքեր կային, որ Անդրուլակիսին հսկողություն խնդրած երկրները ԵՄ անդամ են և ո՛չ Հայաստանը, ո՛չ Ուկրաինան ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ չեն»,– գրում է հրապարակումը։