Դա կմիավորի ընդդիմադիր դաշտը

Դա կմիավորի ընդդիմադիր դաշտը

Ազգային ժողովը վերջերս կրկին ակտիվացրեց ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», իսկ իրականում՝ «Ընտանիքում զուգընկեր ունենալու մասին» նախագիծը, որն արդեն իսկ ընդունվել է։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը վերը նշված օրինագծի առնչությամբ հայտարարություն տարածեց, որն իրավամբ կարելի է համարել որպես կառուցողական քննադատության դասական նմուշ։ Ակնհայտ է, որ այս հայտարարությունը քաղաքական է, բայց քանի որ այն կատարում է եկեղեցին, ուստի հայտարարությունը ստանում է եկեղեցա-քաղաքական երանգ։ Քաղաքականությամբ զբաղվելու հենց այս ոճն ու մեթոդն է, որը պատշաճ է եկեղեցուն եւ օրինակելի այն հոգեւորականների համար, ովքեր ստեպ-ստեպ հարցազրույցներ են տալիս կամ հրապարակային ելույթներ են ունենում, եւ ճիշտ կլիներ, եթե քաղաքացիական ընդդիմադիր դաշտն ընկալեր Մայր Աթոռի ուղերձներն ու, ինչքան հնարավոր է՝ լայն շրջանակների իրազեկեր դրանց մասին։ Այդպիսի գործելաոճն ընդդիմադիր դաշտի միասնականությանը միտված կարեւոր քայլ կլինի։ Իսկ ավելի նպատակահարմար կլիներ, անշուշտ, եթե իշխող կուսակցությունն ականջալուր լիներ Մայր Աթոռի հայտարարությունում հնչած հորդորին, այն է՝ «մերժել նախագծի ընդունումը» եւ հնարավորություն տալ խորհրդարանական ընդդիմությանը՝ մեկ այլ կարեւոր հարցում «ըմբոստանալու»։ Որքան էլ Ազգային ժողովի կողմից դրանք քվեարկությամբ ընդունվեն, հայ քրիստոնյայի համար սրբապիղծ օրինագծերն ու օրենքները հետ կանչելու հնարավորությունն ակտուալ պահելը խրախուսելի է։ 

Հոգեւորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու նպատակահարմարությունը, մի փոքր վերապահությամբ, արդեն իսկ ընդունելի է հասարակության համար։ Այդուհանդերձ, որոշ ճշտումներ անենք։ Եթե հայտարարություն են կատարում Ամենայն հայոց հայրապետը, Գերագույն հոգեւոր խորհուրդը կամ Մայր Աթոռի որեւէ պատասխանատու պաշտոնական կառույց, ապա դա դիտարկվում է որպես եկեղեցու խոսք, որովհետեւ եկեղեցուց ներս Վեհափառի կամ նշված կառույցների կողմից արված հայտարարությունները, բացառությամբ թերեւս որոշ ֆորսմաժորային իրավիճակների, անբեկանելի են։ 

Այլ է մոտեցումը մյուս հոգեւորականների պարագայում։ Սարկավագ թե արքեպիսկոպոս՝ կարող է, անշուշտ, հրապարակային ելույթներ ունենալ, արտահայտել անձնական տեսակետները՝ իր նախընտրած հարցերի վերաբերյալ, սակայն որպեսզի Վեհափառից բացի որեւէ հոգեւորականի խոսք դիտարկվի որպես եկեղեցու խոսք, կարեւոր է, որ հոգեւորականը չանցնի այն կարմիր գծերը, որոնք եկեղեցին գծում է իր պաշտոնական հայտարարություններում, իսկ դրա անհնարինության դեպքում տվյալ հոգեւորականը թող խիզախություն ունենա՝ իրեն եկեղեցուց դուրս հռչակի եւ ինքնուրույն զբաղվի քաղաքականությամբ։ 

Այստեղ ես ինչ-որ մեկին նկատի չունեմ, քանի որ որեւէ հոգեւորական նման արարք դեռ իրեն թույլ չի տվել։ Ասածս թող ընկալվի որպես կանխարգելիչ խոսք եւ զգուշավորության կոչ, որպեսզի ավելորդ անգամ ագրեսիվ հակաեկեղեցական համայնքների կողմից եկեղեցուն քարկոծելու առիթ չտրվի։

Գենադի Մնացականյան