Ի՞նչ է պահանջում հերքել վարչապետը․ Մուրազին պատասխան նամակ է ուղարկել

Ի՞նչ է պահանջում հերքել վարչապետը․ Մուրազին պատասխան նամակ է ուղարկել

«Politik.am» լրատվականը վարչապետից նամակ է ստացել, որում Փաշինյանը կայքից պահանջում է հերքել իր պապի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի վերաբերյալ կայքի հոդվածում տեղ գտած ձևակերպումները։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։
Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։

Մենք կապվեցինք Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ է պատրաստվում անել․ հերքելո՞ւ է հրապարակումը, թե՞ մտնելու է դատարան՝ նկատի ունենալով, որ Փաշինյանը չհերքելու դեպքում պատրաստվում է դատական հայց ներկայացնել։ Մուրազին մեզ ասաց, որ պատասխան նամակ են ուղարկել, որում Փաշինյանին առաջարկում են հստակեցնել պահանջը․

«Հարգելի պարոն վարչապետ, ստանալով ձեր կողմից մեզ ուղղված հերքման պահանջը, խնդրում ենք որոշ հստակեցումներ իրականացնել․

1․ մեզ համար անհասկանալի է ձեր պահանջը, խնդրում ենք հնարավորության դեպքում հստակեցնել, թե հոդվածի ո՞ր մասն եք հերքում և արդյո՞ք խնդիրը միայն հոդվածի վերնագիրն է

2. Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ինչո՞ւ եք հոդվածը մեջբերել մասնակի, քանի որ հոդվածում մեր կողմից չկա պնդում, որ ձեր պապը դավաճան է, ավելին, ի նպաստ ձեզ մենք պնդում ենք, որ ԽՍՀՄ-ում գերի ընկած բոլոր զինվորականներին (դուք հաստատել եք, որ ձեր պապը գերի է եղել) համարել են դավաճան (Այսինքն մենք միարժեք չենք կարող պնդել, որ նա պատերազմի տարիներին կռվել է Նացիստական Գերմանիայի կողմից...):

Հատկանշական է, որ ձեր հիշատակած բովանդակության հատվածը նույնիսկ ավարտական միտք չէր հանդիսանում այսինքն չէր դրվել` վերջակետ, այլ ստորակետով շարունակվում էր: Խնդրում ենք պարզաբանել նաև, ինչով է պայմանավորված նման տևական ժամանակի անցման պայմաններում ծանուցման-դիմումի ներկայացումը, քանի որ այն հաստատապես Ձեզ հասանելի էր հրապարակման պահից: Տեղեկացնում ենք նաև, որ ներկայացված հսրցերին սպառիչ և պատշաճ հիմնավոր պատասխան ներկայացվելու դեպքում, մեր կողմից կիրականացվեն համապատասխան գործողություններ Խմբագիր ՝ Բորիս Մուրազի»,- ասված է Մուրազիի պատասխան նամակում։