Պայքարեք նմանների դեմ. Ռուսաստանի հայ մտավորականությանը

Պայքարեք նմանների դեմ. Ռուսաստանի հայ մտավորականությանը

Ղազախստանում լույս է տեսել ռուս պատմաբան, քաղաքագետ Օլեգ Կուզնեցովի «Государственная политика героизации нацизма в Армении» գրքի լրամշակված տարբերակը:  Առաջին անգամ այն տպագրվել է Բաքվում, ինչը միանշանակորեն վկայում է, թե ում պատվերն ինչ նպատակով է կատարում ռուս «գիտնականը»: Այսօր նա չի թաքցնում, որ Ղազախստանում գրքի նոր տարբերակի հրատարակությունը մտածված քայլ է՝ «ցույց տալ, թե 1918թ. դաշնակներն ինչ գազանություններ են գործել Թուրքեստանում»:

Պարզ հասկացվում է, որ Ադրբեջանում հակահայկանություն տարածելու անհրաժեշտություն ամենեւին չկա: Այդ գործը մեծ հաճույքով անում է իշխանությունը: Իսկ ահա Կենտրոնական Ասիայի երկրներում, որտեղ հայկական համայնքներ կան, պետք է բնիկ ժողովուրդներին «լուսավորել»: Դա կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ՝ բարդացնել հայ-ղազախական, հայ-ուզբեկական, հայ-թուրքմենական հարաբերությունները: Եւ Բաքվում ձեւավորված քարոզչակաղապարը, որ բասմաչների դեմ պայքարի անվան տակ «հայկական զինված ջոկատները մուսուլմանական բնակչության կոտորածներ են իրականացրել» ռուս հեղինակի միջոցով ներդրվում է ղազախների, ուզբեկների, թուրքմենների գիտակցության մեջ: Ինչու՞:

Որպեսզի հանրային կարծիքը ճնշում գործադրի իշխանությունների վրա եւ խզվեն Հայաստանի հետ հարաբերությունները: Զուգահեռաբար քարոզվում է նաեւ ռուսատյացություն: Որովհետեւ ո՞վ էր բասմաչների ապստամբությունը ճնշում: Բոլշեւիկյան Ռուսաստանը: Այո, հաջորդ քայլն  այն է լինելու, որ ռուս հեղինակի «թեթեւ» ձեռքով Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին ներշնչվելու է, որ ռուս-հայկական «ավազակախմբերը 1918-21թվականներին Թուրքեստանում իրականացրել են մուսուլմանների ցեղասպանություն»:

Եթե կարող եք՝ պայքարեք այս երեւույթի դեմ: Ռուսաստանի օրենսդրությունը քսենոֆոբիա, ազգամիջյան երկպառակություն քարոզելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսում: Ձեր կողքին, հարգարժան ռուսաստանցի հայ մտավորականներ, քաղաքագետներ, լրագրողներ եւ մշակույթի գործիչներ, բացահայտ հայատյացություն է քարոզվում: Իսկ դուք ինչ-որ երեւութական «հակառուսականություն» եք փնտրում Հայաստանում: Եթե քաջություն ունեք, դիմեք պատկան մարմիններին՝ պատասխանատվության ենթարկելու Օլեգ Կուզնեցովին, մեկ տասնյակից ավելի ռուսաստանցի փորձագետներին, վերլուծաբաններին, որ ադրբեջանական մամուլի ցանկալի հյուրն են գրեթե ամեն օր եւ քսանչորսժամյա ռեժիմով կոչ են անում, որ Բաքուն ԼՂ հարցը լուծի զենքի ուժով: Դուք նրանց մեկնաբանությունները չե՞ք կարդում: Երեւի: Փոխարենը գտնում եք (թե ձեզ Երեւանից հատուկ թարգմանում-առաքու՞մ են) վարչապետ Նիկոլ Փաշինյանի տասնհինգամյա վաղեմության հոդվածի համատեքստից կտրած մի մեջբերում եւ այդ հիմքով «աշխարհաքաղաքական» տեսություն կառուցում:

Հայ-ռուսական հարաբերություններն իրականում վտանգողները ձեր կողքին են՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ռուսաստանի այլ կենտրոններում: Նրանք Բաքվից առաքվող «երեսուն արծաթի» դիմաց ռուսաստանցիներին ներարկում են սեր Ադրբեջանի, ատելություն՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ առհասարակ: Վաղը, մեկ-երկու տասնամյակ հետո այդ մարդիկ ձեզ են ռուսատյաց եւ սեպարատիստ կոչելու: Եւ հրահրելու են հայկական ջարդեր: Առնվազն՝ Մարգարիտա Սիմոնյանի ծննդավայր երկրամասում, որտեղ ադրբեջանցի էմիսարներն օրինբուն բորբոքում են կազակների արյունը՝ հայերին ներկայացնելով  Կրասնոդարի երկրամասում անկախ պետություն հռչակելու «նենգ ծրագրի կրողներ»: Կարո՞ղ եք այս եւ շատ այլ բաների մասին ռուսական հեռուստալիքներով խոսել:

Կարո՞ղ եք հետամուտ լինել, որ Ռուսաստանի սրտում թուրք-ադրբեջանականության գաղափարի գործակալ Օլեգ Կուզնեցովը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ հայատյացություն քարոզելու եւ Ռուսաստանում ազգամիջյան բախումներ կանխածրագրելու համար: Եթե չեք կարող, թողեք, որ այդ պատասխանատու եւ նաեւ Ռուսաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող գործը Հայաստանի կառավարությունն անի: Այլապես տպավորություն կստեղծվի, որ դուք նույնպես մասնակիցն եք ձեր պատմական հայրենիքի դեմ նյութվող դավերին: Առնվազն՝ տեղյակ լինելու, բայց լռելու իմաստով: