Անկախ նրանից, թե ով կմնա իշխանության, սոցիալական բունտերն անխուսափելի են լինելու

Անկախ նրանից, թե ով կմնա իշխանության, սոցիալական բունտերն անխուսափելի են լինելու

Պատերազմից հետո դոլարը Հայաստանում սկսեց կտրուկ արժեւորվել, դրամը՝ արժեզրկվել։ Այսօր 1 դոլարն արդեն 510 դրամ է, այսինքն՝ վերջին մեկ ամսում մոտ 20 դրամով թանկացել է։ Եվ սա մեծ ռիսկեր է պարունակում մեր՝ առանց այն էլ քայքայված տնտեսության համար։ Գլխավոր ռիսկը գնաճն է, ինչը սոցիալապես ծանր վիճակում հայտնված հասարակության համար լուրջ խնդիր է։ Ընդ որում, լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է դոլարի կուրսը հասնի 600 դրամի։

Կենտրոնական բանկը փորձում է վստահեցնել, որ վերահսկում են իրավիճակը, հետեւում Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում՝ դրամի փոխարժեքին։ «Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետեւանքով էական գնաճային եւ ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում, սակայն այդպիսի ռիսկերի դրսեւորման պարագայում պատրաստ է արձագանքել իր ողջ գործիքակազմով»,-ասացին ԿԲ-ից։ Թե ինչ գործիքակազմ է կիրառում ԿԲ-ն՝ մեղմելու դրամի արժեզրկումն ու գնաճը, մեզ պատասխանեցին․ «ԿԲ-ն մարտ ամսից ի վեր զգալիորեն ավելացրել է ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը, ինչն էապես նպաստել է՝ մեղմելու ցնցումների հնարավոր ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկաների վրա։ Արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում ենք բնականոն եւ համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում ԿԲ-ն կարձագանքի իր ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը»։ Նկատենք, որ այս երկու տարվա ընթացքում, երբ խոսվել է երկրի կառավարումը ձախողելու մասին, իշխանությունները մատնացույց են արել արտարժույթի կուրսը, թե՝ տեսեք, դրամի կուրսը կայուն է, ուրեմն տնտեսությունը վատ վիճակում չէ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն այս տարվա կորոնավիրուսային 9 ամիսների հաշվարկով մենք ունենք 6.6 տոկոսի չափով տնտեսական ակտիվության անկում, որն իր հերթին բերում է բազմաթիվ խնդիրների, մասնավորապես՝ մոտ 4.4 տոկոսով կրճատվել է արտահանումը, ներկրումը նվազել է 13.7 տոկոսով, անկում են ապրել նաեւ առեւտրի, շինարարության ոլորտները։ Սա մեկ գործոն է, որն ազդում է դոլար-դրամ փոխարժեքի վրա։ Երկրորդ գործոնը, ըստ տնտեսագետի, ներդրումներն են, քանզի այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրվել է օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում՝ Հայաստանից ավելի շատ դոլար է հոսել դեպի դուրս, քան եկել է, ինչը եւս իր հերթին ազդել է փոխարժեքի վրա։

«Երրորդ խնդիրը միանշանակ է, որ պատերազմական գործողությունների ժամանակ մեծածավալ պետական գնումներ են իրականացվել, պետական կարիքների համար ձեռք են բերվել ռազմական եւ ոչ ռազմական նշանակության մեծ քանակության ապրանքներ, որոնց համար վճարվել է, եւ դեռ վճարելու ենք դոլարով, հետեւաբար, դոլարի նկատմամբ պահանջարկը լրացուցիչ ճնշումներ է առաջացնում արտարժույթի շուկայում։ Ուստի, դրամի արժեզրկումը կշարունակվի, դրա միտումը կա, եթե չկարողանանք լրացուցիչ դոլարային ներարկումներ անել տնտեսության մեջ»,-ասաց Սուրեն Պարսյանը՝ նկատելով նաեւ, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնողներն էլ էին քիչ, որպեսզի իրենց հետ արտարժույթով գումար բերեին Հայաստան։

Տնտեսագետի խոսքով՝ հստակ է, որ մեր դրամը չէր կարող խուսափել արժեզրկումից, եւ մենք պետք է պատրաստ լինեինք դրան։ «Մասնավորապես, արդեն 2021 թ․ պետական բյուջեով պետք է նախատեսված լինեին որոշակի միջոցառումներ, ծախսեր, որոնք թույլ կտային փոխհատուցել այդ գնաճային ճնշումները։ Օրինակ՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնեին, բայց քայլեր չկան 2021 թ․ բյուջեում։ Արդյունքում ունենք իրավիճակ, որ մարդկանց եկամուտները մնալու են նույնը, բայց տեղի է ունենալու գնաճ։ Եվ անկախ նրանից, թե ով կմնա իշխանության, սոցիալական խնդիրները, սոցիալական բունտերն անխուսափելի են լինելու»,-ասաց մեր զրուցակիցը։
Իսկ թե ինչ լուծումներ է առաջարկում, Պարսյանն ասաց․ «Նախ պետք է առաջինը մեր ներքին ռեսուրսները վերաբաշխենք, այլ կերպ ասած՝  հունվարի 1-ից մենք պետք է անցնենք պրոգրեսիվ հարկման համակարգի, «շատից՝ շատ, քչից՝ քիչ» հարկման սկզբունքը պետք է գործի։ Նաեւ՝ շահութահարկի, եկամտային հարկի դեպքում։ Մենք պետք է մեր ներքին ռեսուրսները հավաքագրենք։ Միայն այս տարվա հարկերի զիջման արդյունքում 40 մլրդ դրամ գումար զիջվեց․ 80 մլն դոլարի մասին է խոսքը։ Սա՝ մի աղբյուր։ Նաեւ պետք է փորձենք լրացուցիչ աղբյուրներ գտնել հանքարդյունաբերության ոլորտում, բանկային համակարգում եւ այլ ուղղություններով, որ կարողանանք ավելացնել մեր եկամուտները»։

Ի դեպ, լուրեր են շրջում, որ դոլարի կուրսի բարձրացումը պայմանավորված է նաեւ նրանով, որ մեծ քանակի դոլար են գնում շուկայից․ հավանաբար, մարդիկ անհանգստություն ունեն վաղվա օրվա հետ կապված եւ կապիտալը հանում են երկրից։