Նոր սոցապնախարարը կադրային փոփոխություններ անելո՞ւ է

Նոր սոցապնախարարը կադրային փոփոխություններ անելո՞ւ է

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոնը ստանձնել է ծանր ժամանակահատվածում, երբ հազարավոր արցախցի փախստականներ են եկել Հայաստան, ունեն տարրական կենցաղային խնդիրներ, երբ գործազրկությունն օրըստօրե ավելանում է, իսկ բնակչությունը՝ վերահաս տնտեսական ճգնաժամի պայմաններում, աղքատանում։ Թվում է, նախարարը պետք է հավաքի ամենապրոֆեսիոնալ կադրերին, լավագույն մասնագետներին, ովքեր կարող են օրը 24 ժամ աշխատելով՝ անապահովներին ապահովելու լուծումներ գտնել։ 

Իսկ նախարարությունից ահազանգում են ԶԼՄ-ներին, որ նոր նախարարը փորձառու քաղծառայողներից ազատվելու ու նորերին բերելու մտադրություն ունի։ Հայտնում են, որ առաջիկայում կադրային մկրատի տակ են հայտնվելու ամենափորձառուները՝  նախարարի խորհրդական Աստղիկ Մինասյանը, փոխնախարար Սմբատ Սաիյանը, կենսաթոշակների վարչության պետ Անահիտ Գալստյանը, հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը։ Նշվում է, որ նախարարը դեռ օրեր առաջ է իմացել, որ այդ բարձր պաշտոնն է զբաղեցնելու, ու մինչ նշանակվելը սկսել է նախապատրաստվել կադրային փոփոխությունների՝ ընտրել է տեղակալների, գլխավոր քարտուղարի, վարչության պետերի թեկնածուներ։ Զարմացնող կոնկրետության տվյալներ են հաղորդվում, որոնք վկայում են, որ նախարարն ուզում է նաեւ այլ քաղաքական ուժերի ներգրավել․ «Նախարարը մինչ նշանակվելը խնդրել է, այսպես կոչված, «նախկինների» աջակցությունը։ Հանդիպումներ է ունեցել ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական եւ «Լուսավորի» ներկայացուցիչների հետ, որոնք նախկինում աշխատել են համակարգում։ Ավելին՝ նոր տեղակալներից մեկը կլինի ԲՀԿ-ական վարչության պետերից մեկը, մյուսը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից»։ «Նախարարը հանդիպումներում խոսում է այնպես, ինչպես հեղափոխությունից օրեր անց իշխանության եկածները, որոնք կարծում էին, թե քաղծառայողներս միայն սուրճ ենք եփում եւ խմում։ Թեեւ համակարգը խիստ լարված է, սակայն մեծ մասս պատրաստ ենք դիմում գրել, հեռանալ, միայն թե չլսենք նվաստացուցիչ խոսք մեր աշխատանքի եւ վաստակի մասին»,- ասում է նախարարության վաղեմի աշխատակիցը։

Պարզելու համար, թե ինչ կադրային քաղաքականություն է վարելու նորանշանակ նախարարը, կապվեցինք նրա հետ։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի, կադրային փոփոխությունների խնդիր նախարարությունում դրված չէ։

«Մի քանի օր է՝ աշխատում եմ, եւ նման մթնոլորտ նախարարությունում ընդհանրապես չկա, որովհետեւ, նախ՝ աշխատակիցների զգալի հատվածը քաղծառայողներ են, ովքեր մրցույթով են ընտրվել եւ աշխատում են։ Բացի դրանից, ինձ համար կարեւոր են աշխատանքի սկզբունքները եւ այն նպատակները, որոնք դրված են մեր առաջ՝ որպես նախարարության։ Բոլոր այն անձինք, որոնք պատրաստ են միասին աշխատել եւ արագ հասնել այդ նպատակներին, շարունակելու են աշխատել։ Որեւէ մեկի հետ աշխատելու բարդույթ կամ խնդիր չունեմ։ Այս պահին փորձում ենք արդյունքի հասնել նախարարության աշխատակազմի հետ։ Ամեն օր հանդիպում եմ նախարարության ոչ միայն ղեկավար, այլեւ ստորին օղակի աշխատողների հետ, ունենում եմ աշխատանքային քննարկումներ, որ ավելի արագ ու արդյունավետ աշխատենք»։ Այս պահին, ըստ Մեսրոպ Առաքելյանի, իր համար առաջնային են հետպատերազմական իրավիճակի հետ կապված խնդիրները, որոնք նա եւ իր աշխատողները պետք է օր առաջ լուծեն, ուստի կադրային փոփոխություններ անելու մտադրություն չկա։ Առաքելյանին եւս մի քանի հարց ուղղեցինք։

- Դուք Ձեր աշխատակազմը վաղօրոք չե՞ք ընտրել։

- Ոչ, որովհետեւ, նախ, չունեմ պետական համակարգում աշխատելու փորձ ու չունեմ ընտրած աշխատակազմ։ Նախկին նախարարի դուրս գալու հետ կապված՝ մեկ-երկու աշխատողներ են ազատվել աշխատանքից, որոնց ես չեմ տեսել, նրանք հեռացել են մինչեւ իմ գալը։ Այն մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել, կմնան, առավել եւս՝ ստորին օղակներում չեմ կարծում, որ էական փոփոխություններ կարվեն՝ նկատի ունենալով, որ նախարարության զգալի հատվածն արդեն երկար ժամանակ աշխատում է եւ զբաղված է մինչ այժմ տեղի ունեցող բարեփոխումներով։

- Առաջիկայում ազատվողների անուններ են տալիս՝ Սաիյան, Աստղիկ Մինասյան, Անահիտ Գալստյան, Քրիստինե Հովհաննիսյան։ Այս մարդկանցից ազատվելու մտադրություն կա՞։

- Այդ մարդկանց հետ այս պահին աշխատում եմ եւ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Այդ մարդիկ էլ համատեղ, իրենց կողմից մեծ հարգանքով իրականացնում են այն բոլոր խնդիրները, որոնք իրենց առաջ դրված են։

- Հանդիպումներ ունեցե՞լ եք քաղաքական կուսակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԼՀԿ-ի այն անդամների հետ, որոնք նախկինում աշխատել են սոցապոլորտում։

- Դա անհեթեթություն է։ Նախ, ես ժամանակ չունեմ հիմա որեւէ հանդիպումների, հազիվ ջուր խմելու րոպե եմ գտնում։ Ես այս պահին կադրային փոփոխություններով զբաղվելու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ ցանկություն։

Զանգահարեցինք նախարարության նախկին խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։ «Ես նախարարի հետ դիմում եմ գրել, դուրս եմ եկել, նույնն էլ՝ նախարարի օգնականները, այլ աշխատանքից ազատվածների մասին որեւէ ինֆորմացիա չունեմ»։ Նախարարը նոր խոսնակ դեռ չունի։

Ձեր անունն են տալիս, որ առաջիկայում ազատվելու եք նախարարի խորհրդականի պաշտոնից՝ հարցրինք նախարարի խորհրդական, համակարգի ամենահին աշխատակիցներից Աստղիկ Մինասյանին։ Նա զարմացավ՝ լսելով հարցս։ «Ի՞մ։ Առաջին անգամ եմ լսում։ Ես իմ տեղում եմ, այս պահին աշխատում եմ, ինձ մոտ քննարկում է։ Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, ես նստած՝ իմ գործերն եմ անում»։ Իսկ փոխնախարար Սմբատ Սաիյանը փիլիսոփայորեն էր տրամադրված․ «Մի օր նշանակվել ենք, մի օր գնալու ենք, ինչի՞ մասին է խոսքը։ Ես, ամեն դեպքում, այս պահին շարունակում եմ կատարել իմ ծառայողական պարտականությունները։ Դիմում չեմ գրել»։