Ինչու է Գիտության կոմիտեն գիտական հաշվետվությունները պահանջում մագնիսական կրիչներով
Վերջերս լրատվամիջոցներում և Ազգային ժողովում շրջանառվում է այն միտքը, որ Հայաստանում վխտում են ադրբեջանաթուրքական լրտեսները: Ընդ որում նրանք հանդես են գալիս տիպիկ հայկական ազգանուններով, օրինակ՝ Մանուկյան։ Կամ շինծու գերհայկականացված ազգանուններով, օրինակ՝ Հայոցյան, խոսում են մաքուր հայերենով, իրենց վարքով կասկած չեն հարուցում իրենց էության մասին, գրավում են բարձր պաշտոններ ՀՀ պետական կառավարման համակարգում (բնական է չեն աշխատում որպես շենքի պահակ): Սա պետք է բարձրացնի Հայաստանի ցանկացած բնակչի զգոնությունը: Ես` որպես գիտական խմբի ղեկավար, միշտ զարմանում էի, թե ինչու Գիտության կոմիտեն բացի թղթային տարբերակից մեզանից պահանջում էր այդ հաշվետվությունների պատճենը ներկայացնել նաև համակարգչային մագնիսական կրիչների վրա: Այժմ միայն նոր սկսեցի կասկածել և որոշ բաներ հասկանալ: Չէ որ ՀՀ բյուջեից մեր գիտական աշխատանքների համար հատկացվող գումարների արդյունքները ամփոփված են նաև հաշվետվություններում, այսինքն` այդ կրիչներում:
Չնայած որ այդ հատկացումները փոքր են, բայց հայերը խելացի ժողովուրդ են և նույնիսկ այս նեղ ֆինանսական պայմաններում ստեղծում են գիտական մեծ արժեքներ: Ճիշտ է, մեր պետական օրգանները չեն բաշարում ներդնել այդ արդյունքները, բայց մեր թշնամի` ֆինանսապես ավելի հզոր երկրների համար նրանք շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Իսկ Գիտության կոմիտեի կողմից պարտադրված հաշվետվությունների հավաքման նման ձևը (երբ բոլոր հաշվետվությունները հավաքվում են մագնիսական կրիչների վրա, կենտրոնացվում կոմիտեի մեկ սենյակում) հնարավորություն է ստեղծում Հայաստանի մասնագետների մեկ տարվա ողջ գիտական արդյունքը կոմպյուտերային մկնիկի մեկ շարժումով ինտերնետով առաքել Հայաստանից դուրս` աշխարհի ցանկացած կետ (Օրինակ՝ Թուրքիայի գիտատեխնիկական զարգացման կոմիտե): Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այն չի կատարվում Գիտության կոմիտեի համապատասխան բաժնի կողմից, թշնամական ուժերի կողմից տրվող վարձատրության դիմաց: Ու՞ր է նայում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Պոլիտեխնիկի պրոֆեսոր Էդուարդ Նշանի Մանուկյան
Կարծիքներ