Ինչու՞ է Ֆրանսիան ետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին․ ՀՀ-ի անունն էլ է նշվում

Ինչու՞ է Ֆրանսիան ետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին․ ՀՀ-ի անունն էլ է նշվում

Ֆրանսիան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Ադրբեջանում իր դեսպան Անն Բուայոնին։ 
Այս հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն և նշել, որ այդ որոշման պատճառը վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնաս հասցնող միակողմանի գործողություններ են։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այդ կապակցությամբ ընդունել է դեսպանին։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը հստակեցնի իր մտադրությունները»,– ասված է հայտարարությունում:

Ֆրանսիան հիշեցնում է, որ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնենք` Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը մարտին հայտարարել էր, թե իբր Ֆրանսիայի հատուկ ծառայությունները լրտեսական ցանց են ձևավորում Ադրբեջանում, իրենք բացահայտել են դա և անհապաղ քայլեր ձեռնարկել։