Արդարություն եւ հավասարություն

Արդարություն եւ հավասարություն

Բոլոր նրանք, ովքեր դեմ էին քաղաքական հենքով քրեական գործերի հարուցմանը, ասում էին, որ դա վտանգավոր ճանապարհ է, որը ճահճի նման կլանելու է մեր երկիրն ու մեզ զրկելու է զարգանալու, առաջ գնալու հույսից։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական հաշվեհարդարները վատ բան են՝ տոտալիտար պետություններին բնորոշ։ Այլ այն պատճառով, որ անարդարություններից ու անհավասարությունից հոգնած մեր հասարակությանն ավելի են ընկղմելու երկակի ստանդարտների խորխորատներում։ Եթե դու պատժում ես Մարտի 1-ի համար մեղավոր նախագահին ու նրա շրջապատը, անպայման մարդիկ բարձրացնելու են 1996 թ․ դեպքերի մեղավորներին պատժելու հարցը։

Եթե դու կարծում ես, որ 2012 թ․ տրամադրված լիցենզիան կամ հողի աճուրդն անօրինական են, ապա անպայման հառնելու է 1991 թվականից ի վեր իրականացված բոլոր գործարքների օրինականության հարցը։ Նույն հաջողությամբ եթե դու նախագահական բազում հրամանագրերից առանձնացնում ես մեկը՝ Վաղարշակ Հարությունյանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու հրամանագիրն ու չեղյալ հայտարարում այն, ապա հառնելու է մյուս բոլոր նմանատիպ հրամանագրերի հարցը։ Եվ միանգամայն օրինական է հնչելու դատավոր Պարգեւ Օհանյանի հարցադրումը՝ իսկ ինձ դատավորի կարգավիճակից զրկելու հրամանագիրը ե՞րբ եք չեղյալ համարելու։ Առհասարակ, պետական կառավարման մեջ ամենակարեւոր հարցն օբյեկտիվությունն է, հավասար պայմանների ու ստանդարտների կիրառումը։ Եթե չես կարողանալու այդ հավասարությունն ապահովել բոլորի համար, ապա ընդհանրապես մի գնա այդ ճանապարհով։ Որովհետեւ եթե վերականգնում ես մեկի իրավունքները, պարտավոր ես վերականգնել նաեւ մյուսներինը։ Հակառակ դեպքում՝ կստացվի, որ երկրում գործում է բացառապես քո կամքը, այլ ոչ թե օրինականությունը։