Հյուրը և ձուկը 3 օր հետո սկսում են վատ հոտ արձակել․․․

Հյուրը և ձուկը 3 օր հետո սկսում են վատ հոտ արձակել․․․

Հետաքրքիր հակադրություն կա։ Երբ 2018-ին Փաշինյանն իշխանության բերվեց, նրան բերող ուժերը շահագրգռված էին, որ նա ունենա ժողովրդավարության ամենաբարձր վարկանիշը։ Ուզում էին, որ Հայաստանի քաղաքացին մի մարդու նման հավատա, վստահի նրան։ Ինչու՞ հիմա լռում, չտեսնելու են տալիս Փաշինյանի ունեցած վարկանիշային փշրանքները, այն դեպքում,  երբ  այդ փշրանքներով մի ծիտ անգամ չի կարող կերակրվել։ 

Ավելորդ կեռումեռի մեջ չընկնելու համար, դիտարկենք, որ 2018-ին Փաշինյանին բերող ուժերը մեծ ծրագիր ունեին՝ կապված իրականացնողի հետ և օդի պես անհրաժեշտ էր, որ ծրագիրն իրականացնողը լինի հանրության կողմից անվերապահ վստահելի մարդ, որպեսզի հանրության վստահության գործոնով կարողանա անել այն, ինչ 2018-ից առ այսօր արեց ու անում է Փաշինյանը։  

Արցախ չկա, Հայաստանն Ադրբեջանի բռի մեջ է, հասարակությունը պառակտվել է, պետական կառուցները թուլացել, հոգևոր արժեքները փլուզվել,  աստիճանաբար անցում է կատարվում Սահմանադրությունն ու մյուս պետական  խորհրդանիշերը փոխելու այնպես, ինչպես նրան բերողներն  են ուզում։  Հասել են այն կետին, երբ տեսանելի է, որ Հայաստանն արդեն գործոն,  սուբյեկտ չէ նույնիսկ իր ամենապրիմիտիվ հարցերը լուծելու։ Նրա հարցերը շատ շուտով լուծելու են առանց նրա ներկայության։ Այս պարագայում անհրաժեշտություն կա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կախված լինի ժողովրդից, այլ իրենցից, բերողներից ։ Նա պետք է իր անձի, ընտանիքի փրկությունը գտնի իրենց մեջ։ Փաշինյանը պիտի կատարի այն, ինչ իրենք են թելադրում։

Նա արդեն դիտարկվում է  ոչ թե պետություն ներկայացնող գործիք, այլ սովորական մեկը, որին չի ընդունում սեփական ժողովուրդը, բայց որին իրենք դեռ հանդուրժում ու խոստումներ են տալիս։ Իրենք չե՞ն տեսնում, որ Փաշինյանի իշխանությունն արդեն վատ հոտ է արձակում։ Երբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում է, Կենտրոնական բանկը այսպես ասած, դոլարի ներարկում է իրականացնում՝ դրամի արժեզրկման տեմպը նվազեցնելու համար։ Այդ ներարկումը կատարվում է ֆեյքերի ՊՈԱԿ-ի միջոցով, որպեսզի ինչքան հնարավոր է օգտագործեն այն մարդուն, որը դեռ ուզում է օգտակար լինել իրենց՝ ի հաշիվ սեփական  երկրի։ 44-օրյա պատերազմից, խայտառակ կապիտուլյացիայից հետո Փաշինյանն արդեն ժողովրդի աչքում հյուրի կարգավիճակում է՝ ե՞րբ է գնալու։

Ժողովրդական այսպիսի ասացվածք կա՝ «Հյուրը և ձուկը 3 օր հետո սկսում են վատ հոտ արձակել․․․» Այդ հոտն արդեն սպանում է մարդկանց։ Նայեք սոցիալական հարթակները, լսեք մարդկանց, նրանց զայրույթը, տեսեք, թե ինչպես են  շնչահեղձ լինում։ Կամ պետք է խեղդվեն, կամ հեռացնեն իրենցից այդ հոտը․․․ Ուրիշ ելք չկա։ Ու դա շատ լավ են հասկանում նրան բերող ուժերն ու անձամբ Փաշինյանը։