Առաջիկա տասնամյակն աշխարհում շատ բարդ է լինելու․ IISS

Առաջիկա տասնամյակն աշխարհում շատ բարդ է լինելու․ IISS

«ՀԱՄԱՍ»-ի դեմ Իսրայելի պատերազմը, շարունակվող ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ լարվածության աճը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում ու Աֆրիկայում, անվտանգության առումով աշխարհում չափազանց անկայուն իրավիճակ է ստեղծել, եզրակացրել է Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը՝ այս ամենը նկարագրելով իր հրապարակած զեկույցում (The International Institute for Strategic Studies, IISS)։

Ըստ այդմ, ներկայիս ռազմական ավտանգային իրավիճակը հնարավոր է, որ ընդամենը «նախակարապետն է» ավելի բարդ տասնամյակի, որը կբնութագրվի մի շարք երկրների կողմից սեփական հավակնությունների կյանքի կոչման համար ռազմական ուժի կիրառմամբ։ Ի պատասխան նման նկրտումների, ժողովրդավարական աշխարհը ներկայացնող երկրները կամրապնդեն երկկողմ եւ բազմակողմ պաշտպանական կապերն ու հարաբերությունները։ Մյուս կողմից էլ զեկույցում նշվում է, որ գլոբալ անկայունությունն ու ոչ անվտանգ իրավիճակն աշխարհում վերակազմավորում է ռազմաարդյունաբերական լանդշաֆտն ամբողջ աշխարհում։

Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ավելացնում են իրենց ռազմաարդյունաբերական հզորությունները՝ տասնամյակներ ի վեր ձգված ոչ բավարար ներդրումներից հետո։ 2023 թվականին գլոբալ ռազմական ծախսերն ավելացել են 9 տոկոսով, կազմելով 2,2 տրիլիոն դոլար, ինչը պայմանավորված էր առաջին հերթին ռուս-ուկրաինական պատերազմով։ Այս համատեքստում հատկապես Ռուսաստանն ու Չինաստանն են աչքի ընկնում, որոնք իրենց պետական ծախսերի ոչ պակաս, քան 30 տոկոսը ներդրում են ռազմական ոլորտի մեջ։ Արեւմուտքն էլ ավելացրել է հրթիռների եւ զինամթերքի արտադրությունը, նշվում է զեկույցում։