Ռուսաստանի Կենտրոնական բանկի հանդեպ վստահությունը պակասել է

Ռուսաստանի Կենտրոնական բանկի հանդեպ վստահությունը պակասել է

Համաձայն ռուսական մեդիափորձագիտական համայնքում տարածված տեսակետի, Ռուսաստանի գործադիր իշխանության վերին էշելոններում բավականին լավատեսորեն են տրամադրված երկրի տնտեսական ընդհանուր վիճակին։ Նման լավատեսության համար հիմք է հանդիսացել այն, որ ինֆլյացիայի մակարդակը, որը հունվարի վերջին կազմել է 7,2 տոկոս, կանխատեսվածից ավելի քիչ է եղել։ Դա, ըստ փորձագետների, հնարավոր է եղել կառավարություն-Կենտրոնական բանկ համատեղ աշխատանքի արդյունքում։

Շատ տնտեսագետների համար, սակայն, անհասկանալի է մնում այն, թե կոնկրետ ՌԴ Կենտրոնական բանկն այդ արդյունքի հասնելու մեջ ինչպիսի ներդրում է ունեցել՝ դրական, թե բացասական։ Կենտրոնական բանկի գործունեության հանդեպ քննադատական վերաբերմունք ունեցող փորձագետներն իրենց մոտեցումը հիմնավորում են նրանով, որ զարմանալի կայունությամբ ԿԲ կանխատեսումները չեն համապատասխանում իրական վիճակագրական արդյունքներին՝ երբեմն հատելով նաեւ մակրոտնտեսության համար թույլատրելի շեղումների «կարմիր գծերը»։

Որպես օրինակ են բերվում ՌԴ ԿԲ կանխատեսումները ՀՆԱ-ի վերաբերյալ, որոնք, ըստ կանխատեսման, համապատասխանաբար՝ -8-10 տոկոս են եղել, իսկ իրականում՝ -1,2 տոկոս՝ 2022 թվականի, -1+1 տոկոս՝ 23 թվականի համար, ինչպես նաեւ՝ ինֆլյացիայի վերաբերյալ, որի առնչությամբ ԿԲ կանխատեսումը 22 թվականի համար եղել է 18-23 տոկոս, այնինչ իրականում կազմել է 11,94 տոկոս, իսկ 23 թվականի համար եղել է 5-7 տոկոս, իրականում կազմել է 7,6 տոկոս։ Նույնիսկ դոլար-ռուբլի փոխարժեքային կանխատեսման հարցում ԿԲ թույլատրած շեղումը չափազանց շատ է եղել. 22 թվականի համար՝ 110,8 ռուբլի մեկ դոլարի դիմաց, սակայն իրականում այն կազմել է 67,46 ռուբլի՝ միջինացված ցուցանիշով, իսկ 2023 թվականի համար 71,9 ռուբլի փոխարժեքային կանխատեսում է արվել միջինացված ցուցանիշով, սակայն իրականում կազմել է 84,66 ռուբլի։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ Կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականությունն իրականացնում է սխալ ելակետային տվյալների վրա հիմնվելով, եւ դա արդեն խոսում է այն մասին, որ հիմքում ոչ թե իրական տնտեսական իրավիճակն է դրված, այլ հանգամանքներ, որոնք ռուսական տնտեսության խնդիրների հետ մեծ հաշվով իրական առնչություն շատ քիչ ունեն։ Շատ տնտեսագետներ էլ արդեն սկսել են բարձրաձայնել, որ այս ամենի պատճառով ԿԲ-ն սկսել է բացասական դերակատարում ունենալ բիզնես միջավայրի համար՝ խաթարելով բիզնեսի կայունությանն ու ռազմավարական պլանավորմանը։ Արդյունքում, ըստ հաշվարկների, անորակ հաշվարկների հետեւանքով ՀՆԱ կորուստը կազմում է 2-3 տոկոս։ Եզրակացությունը, ըստ մասնագետների, մեկն է՝ փորձագիտական շրջանակներում եւ աստիճանաբար նաեւ հասարակության մեջ, առհասարակ, վստահությունը ՌԴ ԿԲ հանդեպ սկսել է նվազել։