Երբ կսկսենք դասեր քաղել երեկվա օրվանից եւ պատմությունից. արձագանք

Երբ կսկսենք դասեր քաղել երեկվա օրվանից եւ պատմությունից. արձագանք

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի այսօրվա խմբագրականը տողերիս հեղինակին, որպես ընթերցողի, բավական հետաքրքիր մտորումների առիթ տվեց եւ որոշեցի արձագանքել։ Չի կարելի չհամաձայնել նշված խմբագրականում տեղ գտած այն մտքի հետ, թե «խելացի ու հեռատես ազգերն ապրում եւ աշխատում են հեռանկարի վրա, մակերեսային ու անհեռատես ազգերն ապրում են օրով»։

Մի առիթով Հայաստանում հայտնի իրանագետներից մեկը հետաքրքիր միտք էր ասել՝ կապված Իրանի արտաքին քաղաքականության հետ։ Միտքը մոտավորապես այսպիսին էր. «Թեհրանում դիվանագիտական որոշումները կայացվում են ամենաքիչն աչքի առաջ ունենալով մի քանի տասնամյակի հեռանկար, իսկ առհասարակ՝ ոչ պակաս, քան մեկ հարյուրամյակի»։

Հասկանալի է, որ մոտ 6 հազար տարի պետականություն ունեցող Իրանը կարող է իրեն նման հեռատեսություն թույլ տալ։ Իսկ ինչո՞ւ ենք մենք ապրում օրով։ Գուցե իրո՞ք մարդկության բնույթն է այդպիսին՝ «օրվա հոգսով ապրել, տհաճություններն ու վշտերն արագ մոռանալ, որ առաջիկայում սպասվելիք ողբերգություններին ու կորուստներին հնարավոր լինի դիմանալ»։ Սակայն այս դեպքում ոչ պակաս կարեւոր հարց է առաջ գալիս. իսկ ինչո՞ւ մենք դասեր չենք քաղում մեր թեկուզ երեկվա տհաճ դեպքերից, կամ մեր պատմությունից, կամ ինչու ենք «ապրում մեկ օրվա կյանք ունեցող թիթեռնիկի նման»։

Գուցե հոգեբաններն ու ազգերի, հասարակությունների հավաքական վարքագծով եւ հոգեբանությամբ զբաղվող մասնագետները գիտականորեն հիմնավորված պատասխաններն ունենան։ Չի բացառվում, որ սա հետեւանք է այն «ինքնության ճգնաժամի», որի մեջ գտնվում ենք 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր։ Չի բացառվում, որ պարզապես էթնիկ-հոգեբանական մեր առանձնահատկություններից է։ Ի վերջո, չմոռանանք` որքան էլ 5-6 հազար տարվա պատմություն ունեցող ազգ ենք, սակայն մինչեւ 1918 թվականին պետականության վերականգնումը, որն ընդամենը երկուս ու կես տարվա կյանք ունեցավ, 600 տարի պետականություն չենք ունեցել ու դա ինչ-որ առումով իր հետեւանքն է թողել մեր հավաքական բնավորության գծերի վրա։

Գուցե պարզապես ժամանակի ոգուն համահունչ ենք քայլում, ու հոգնել ենք լուրջ հարցերով զբաղվելուց, պարզապես ուզում ենք «թեթեւ շնչով» ապրել մեզ տրված՝ մի հատիկ կյանքն ու ինչպես ասում են՝ «որպես հյուր հեռանալ այս աշխարհից»։ Ինչ պատճառ էլ նշվի, կարող է ունենալ իր հիմնավորումն ու ռեալ կյանքում՝ կոնկրետ օրինակները։ Խնդիրը թերեւս այն է, որ պարզապես կորցրել ենք, որպես հավաքականություն՝ կյանքի գոյաբանական իմաստն ու նպատակը։

1991-ին, օրինակ, երբ անկախացանք, մեր ծնողների սերնդի համար որպես հավաքականություն՝ կյանքի իմաստ ու նպատակ էր Արցախը։ Մենք էլ, մեծ հաշվով, այդ հավաքական կոնսենսուսային-գաղափարական հենքի վրա դաստիարակվեցինք ու մեծացանք։ Սակայն ժամանակի հետ պարզվեց, որ այդ կոնսենսուսային-գաղափարական հենքը մեր հավաքական կյանքի իմաստ ու նպատակ դարձրած առաջին սերնդից շատ-շատերը, որոնք հատկապես իշխանության ղեկին էին, այդ գաղափարները վերածել էին այսպես ասած՝ «բաժակաճառային-լոզունգային բրեժնեւյան պոստուլատների»։ Դա չէր կարող չնկատվել, այն էլ մեր այսօրվա տեխնոլոգիական-ինֆորմատիվ դարում։ Ու դա բերեց խոր հիասթափության ու գաղափարական պարպման։ Թե ինչ եղավ հետո, արդեն կարելի է օրագրային ճշգրտությամբ նկարագրել` սկսած 18 թվականի քաղաքական փոփոխություններից։ Իսկ արդեն 20 թվականի 44-օրյան, իր արդյունքներով, եղավ այն կուլմինացիան, որը մեզ որպես հավաքականություն, ամբողջապես վերածեց նախաջրհեղեղյան մարդկային հավաքականության, որտեղ տիրապետողը պատկերավոր ասած «ուտենք խմենք, որովհետեւ միեւնույնն է՝ վաղը մեռնելու ենք» սկզբունքը դարձավ։

Այս մտայնությամբ, իհարկե ճշմարտության հատիկ կա Արմինե Օհանյանի խմբագրականի «քանի դեռ մենք չենք բռնել ծառ հատող ձեռքը, ընտրություններում ուժեղ թեկնածու չենք առաջադրել, տհաս ու տգետ համայնքապետին տուն չենք ճանապարհել, նորից ունենալու ենք ծառ կտրողներ, պարտված ընտրություններ, պնակալեզ համայնքապետեր» տողերի մեջ, սակայն այս միտքը լրացման կարիք ունի. ամեն ինչից առաջ նախ պետք է վերագտնենք մեր՝ որպես հավաքականության գաղափարական-կոնսենսուսային հենքը, որի համար պատրաստ ենք որպես ազգ, գոնե մեծամասնաբար պատասխանատվություն ստանձնելու։