Հայաստանի իշխանությունն, ինչպես միշտ, իր փնթի վարքագծով լրացուցիչ խնդիրներ է ստեղծել

Հայաստանի իշխանությունն, ինչպես միշտ, իր փնթի վարքագծով լրացուցիչ խնդիրներ է ստեղծել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

- Վերջին օրերին բավականին ակտիվացել են պրոռուսական ուժերը: «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է անդրադարձել հայ-ռուսական վտանգված հարաբերություններին, խոսել Հայաստաննի քայլերի` հնարավոր ռիսկերի մասին: «Պահեստազորի սպաների» շարժումը և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն են համատեղ հայտարարություն տարածել, պահանջելով ՀՀ վարչապետից համաձայնել ՀԱՊԿ-ի փոխգործակցության առաջարկին: Ինչո՞վ է պայմանավորված այս ուժերի ակտիվությունը: Ի՞նչ է կատարվում` Ձեր գնահատմամբ:

- Առանձին անհատներին չեմ ցանկանում անդրադառնալ, որովհետև ցանկացած կազմակերպություն, կամ անհատ ինքն է որոշում ինչու և ինչպես անդրադառնալ տվյալ խնդրին: Առհասարակ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ամենակարևոր գործոններից մեկն է, որովհետև ուզենք թե ոչ, Ռուսաստանը լավ դաշնակից է, թե վատ դաշնակից է, ռուսական անվտանգության հովանոցը լիարժեք է իր ֆունկցիան կատարում, թե ոչ, այդ հարաբերությունները շատ կարևոր են: Քանի որ մենք չունենք կոլեկտիվ անվտանգության այլընտրանքային առաջարկ, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամն ամեն կերպ հաղթահարել է պետք: Սա կենսական նշանակություն ունի մեզ համար: Սա պետք է հասկանան ու կարևորեն ոչ միայն պրոռուսական ուժերն, այլև` բոլորը, որովհետև եթե հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ է առաջանում, առաջանում է նաև անվտանգության վակուում, որից մեծ սիրով օգտվում է Ադրբեջանը: Ես բնավ չեմ ասում, թե Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից է, բնավ` տասնյակ օրինակներ կարող եմ բերել, որ Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտականությունները, նաև եռակողմ համաձայնագրի պահանջները, սակայն սա արձանագրելով պետք է նաև արձանագրենք, որ այս պահի դրությամբ մենք այլընտրանք չունենք, ոչ մի առաջարկ չի եղել այլ տեղից, նաև պետք է արձանագրենք, որ ոչ մեկը չի շտապելու Արցախ` պաշտպանելու Արցախի անվտանգությունը, հետևաբար մենք պարտավոր ենք մեզանից կախված հնարավոր ամեն ինչ ձեռնարկել, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամն արմատախիլ լինի: Բնավ իմ ասածը չի ենթադրում ամեն հարցում համերաշխ լինել Մոսկվայի հետ և վերապահում չունենալ նրանց վարած քաղաքականությանը: Վերապահումներ եղել են և պետք է լինեն, պետք է բարձրաձայնել դրանց մասին, բայց բարձրաձայնելու ճիշտ հարթակը երկկողմ դիվանագիտական շփումներն են, ոչ թե մամուլով «փոխհրաձգություններ» սկսելը:

- Այս ամենի հիմքում, կարծես, Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերն են: Առհասարակ սա ի՞նչ է ենթադրում իրենից: Հռոմի ստատուտին միանալու ծրագրերն ո՞ւր կարող են տանել Հայաստանին:

- Ճիշտ պահ չէր ընտրված, հույս ունեմ, որ Ազգային ժողովը դրա վավերացումը օրենքով սահմանված ժամկետներով կերկարաձգի, միևնույն ժամանակ կարծում եմ, որ այս խնդիրն ունի շատ պարզ լուծում, Հայաստանի իշխանությունները կարող են բացահայտ կերպով հայտարարել, որ այդ ամենը չունի որևէ առնչություն Պուտինի հետ կապված խնդրին: Այս թեման մեծ շահարկում ունի ոչ միայն ռուսական մամուլում, այլև այլ հարթակներում: Օրերս BBC-ի նյութերից մեկն էի ընթերցում հենց այս թեմայի վերաբերյալ, ցավոք, ակնարկ կար, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել Պուտինին օրդեր տալու համատեքստում: Սա խնդիր է և ինչպես միշտ Հայաստանի իշխանությունն իր փնթի վարքագծով լրացուցիչ խնդիրներ է ստեղծել: Պետք է գործադրել դիվանագիտական մեծ ջանքեր, Մոսկվային համոզել ու բացատրել, որ այս ամենը կապ չունի ոչ Պուտինի և ոչ էլ Արևմուտք-Ռուսաստան բախման հետ:

- Վլադիմիր Պուտինին կարո՞ղ են Հայաստանում ձերբակալել: Վերջին շրջանում շատ է քննարկվում նաև առաջին հայացքից այս պարզունակ թվացող հարցը:

- Նման բան հնարավոր չէ: Չմոռանանք, որ Միազգային քրեական դատարանի օրդերով երբեք ոչ մի գործող ղեկավար չի ձերբակալվել: Նման բան ուղղակի հնարավոր չէ, եթե անգամ խոսքն այլ քաղաքական գործչի մասին լիներ:

- Այն, որ Փաշինյանը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններից, սա ևս այսօր քննարկման մեծ թեմա է դարձել: Ըստ որոշ վերլուծությունների` հենց Հայաստանն է ամեն հնարավոր քայլի արել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար և ՀԱՊԿ-ի զորավարժություններից հրաժարվելն էլ այդ մասին է փաստում: Հիշում են նաև, որ 2022-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, որպեսզի Ադրբեջանը դա «ագրեսիա» չհամարի:

- Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է այդ փաստաթղթի տակ ստորագրեր: Պետք է ՀԱՊԿ-ի հնարավոր բոլոր աջակցություններից օգտվել, մյուս կողմից էլ ասեմ, որ խնդիրը բավականին բարդ է և ես հակված չեմ ամեն ինչում Հայաստանին մեղադրել: Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական առաջնահերթություններ են փոխվել, սակայն նորից եմ ասում մենք այդ փաստաթղթի տակ պետք է ստորագրեինք:

- Հայ-ռուսական հարաբերությունների ակնհայտ սրացումն ո՞ւր է տանում մեզ:

- Շատ վտանգավոր տեղ է տանում: Եթե այսպես շարունակվի երկու բացահայտ թշնամիների կողքին կարող ենք ավելացնել` երրորդին: Արտաքին քաղաքականության նպատակը պետք է դաշնակիցների ավելացումը լինի: Բոլոր նորմալ երկրների արտաքին քաղաքականության հիմքում հենց դա է: