Ալիևը 32 գերիներին տալով, այլ բնույթի քաղաքական հարց է լուծում

Ալիևը 32 գերիներին տալով, այլ բնույթի քաղաքական հարց է լուծում

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

- Ինչո՞ւ է Ալիևը գնում արտահերթ ընտրությունների 2024-ին, կարծես թե իր իշխանությանը վտանգ չի սպառնում։

- Ադրբեջանը փորձում է 2024 թվականը իր համար դարձնել հետընտրական տարի և ոչ թե նախընտրական և, իհարկե, այն հանգամանքը, որ Ալիևը ներքին իմաստով ձիու վրա է, փորձում է դա հնարավորինս շուտ կապիտալիզացնել և այդ հարցը մեջտեղից հանել։ Գլխավոր հաշվարկն այն է, որ 2024 թվականին բավական էական գործընթացներ կծավալվեն աշխարհաքաղաքական իմաստով և Ալիևը փորձում է իր ձեռքերը առնվազն ազատել, որ այդ հարցով չզբաղվի՝ փոխարենն ավելի շատ ժամանակ ու ռեսուրս կկենտրոնացնի արտաքին հարցերի վրա։ Անշուշտ այդ որոշումը պայմանավորված է նաև մեր ռեգիոնում որոշակի իրադարձությունների սպասումով և պատրաստ լինելու մղումով։

- Կարծիք կա, որ այս արտահերթ ընտրություններով Ալիևը փորձում է լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիան։

- Որևէ ագրեսիա լեգտիմիացնելու առումով Ադրբեջանում ընտրությունը որևէ էական նշանակություն չունի, չեմ կարծում թե վճռորոշ գործոն է: Այդ լեգիտիմացումը ավելի շատ ենթադրում է աշխատանք արտաքին դերակատարների, արտաքին միջավայրի հետ։ Այստեղ գործոնները բավականին տարբեր են։ Իհարկե, կասկածից վեր է, որ որևէ իշխանության ներքին ամրությունն արտաքին միջավայրում աշխատանքի կարևոր հիմքերից մեկն է, բայց չեմ կարծում, թե արտահերթ ընտրության տեսանկյունից ինչ-որ առանձնապես մեծ բան է փոխվելու Ադրբեջանում։ Գլխավոր խնդիրն այն է, որ Ալիևը մի կողմից օգտագործելով այն, որ սա իր լավագույն պահն է, այսպես ասած, ձիու վրա տարբերակը, մյուս կողմից փորձում է պահն օգտագործել և միջազգային առումով կարևոր տարվան ընդառաջ` իր ձեռքերը մի ավելորդ խնդրից ազատել, մի խնդիր լուծած լինել։

- Հայ գերիների դիմաց հայկական կողմը կհանձնի երկու հանցագործների։ Այս փոխանակումն ինչո՞ւ արվեց ու ինչ արդյունք կստանանք դրանից, իհարկե` բացի տղաների վերադարձը։

- Հայկական կողմի ձեռքբերումը միայն մեր 32 գերիների վերադարձն է։ Իշխանությունների պարագայում, կարծում եմ առանձնապես ձեռքբերում` քարոզչության տրամաբանությամբ, չկա, որովհետև իրավիճակն այնպիսինն է, որ դա այլևս այն քարոզչական արժեքը չի ունենա, ինչպիսին կարող էր ունենալ, օրինակ, 2 տարի առաջ, երբ բոլորովին այլ վիճակ էր Արցախի առումով, Արցախի հայկականության առումով և այլն։ Իհարկե, դրական է, որ մեր տղաները գոնե վերադառնում են, բայց արձանագրենք նաև, որ այդպես էլ տեղի չի ունենում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում, մինչդեռ եթե հիշենք` մայիսին և հուլիսին Բրյուսելում տեղի ունեցած երկու հանդիպումների արդյունքում խոսվում էր այն մասին, որ քննարկվել է, փորձել են համաձայնեցնել «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում։ Եւ այդտեղ կարծում եմ Ալիևը երկու զինվորականին վերադարձնելով եւ 32 գերիներին տալով, այլ բնույթի քաղաքական հարց է լուծել՝ գուցե ավելի շատ այն միջնորդների հետ, որոնց աշխատանքի միջոցով էլ տեղի է ունեցել այդ համաձայնությունը։ Եվ կարծում եմ, սա է Ալիևի համար այդ փոխանակման գինը՝ քաղաքական առևտուր` միջնորդ դերակատարների հետ։

- ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ մինչև դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիրը լավ կլինի ստորագրվի։ Հավանական համարո՞ւմ եք դրա ստորագրումը։

- Կարծում եմ, այդ հայտարարությունները իրավիճակային բնույթի են։ Այսինքն, ինչ բառեր է օգտագործում Ադրբեջանը, ինչ բառեր է օգտագործում Հայաստանը։ Այդ հռետորաբանությունը կարող է փոփոխական լինել` ըստ իրողությունների և իրավիճակի, գլխավոր խնդիրն այն է, որ այսօր չկա լիարժեք հարցեր լուծող և իրապես խաղաղություն երաշխավորող պայմանագիր կնքելու միջավայր։ Սա չի նշանակում, որ չի կարող ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ, դրա անունը պայմանագիր կլինի, մտադրությունների համաձայնագիր կամ հուշագիր, հռչակագիր։ Որևէ փաստաթուղթ կարող է ստորագրվել, թեև ես դրա հավանականությունը շատ ցածր եմ համարում, բայց դա չի նշանակելու խաղաղություն։ Իսկ ամբողջական պայմանագրի ստորագրում տեսանելի ապագայում շատ դժվար եմ պատկերացնում՝ հաշվի առնելով ոչ միայն երկու կողմերի տարբեր դիրքորոշումները, այլ առաջին հերթին Կովկասում ազդեցության համար պայքարող կողմերի, ուժային կենտրոնների տարբեր դիրքորոշումները։ Մեծ հաշվով նրանք բոլորն էլ ուզում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն, այսինքն, այնպես չի, որ մեկը խաղաղություն ուզում է, մյուսը՝ ոչ. ոչ։ Բայց բոլորն ուզում են, որ այդ խաղաղությունը լինի իրենց պատկերացումների, իրենց ռազմավարության համաձայն և այստեղ է պայքարը շարունակվում: Այդ պայքարը ուղիղ կապակցվածության մեջ է ընդհանրապես համաշխարհային խաղատախտակում վարվող պայքարի հետ և այդ պայմաններում շատ դժվար եմ պատկերացնում, որ հնարավոր լինի հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես մշակված համապարփակ բովանդակությամբ բալանսավորված խաղաղության պայմանագրի ստորագրման։