Մի դուռ է փակ մնացել, ուզում է բացի

Մի դուռ է փակ մնացել, ուզում է բացի

Բոլորն արդեն զգում են այն արհավիրքը, որ Նիկոլ Փաշինյանը բերում է Հայաստանի գլխին։ Բազմիցս եմ բարձրաձայնել, որ արցախցիները վկայում են, որ այն, ինչ կատարվել է Արցախում, համարյա նույնը կատարվում է Հայաստանում։ Սա քաղաքագիտական բացահայտում չէ, այլ իրական մարդկանց փորձառություն։ Նրանք տեսնում են, որ Ստեփանակերտի նման Երևանը հայտնվում է մեծ աքցանում։ Այսինքն՝ եթե այսօր Երևանը ուշքի չգա, նրան սպասվում է Ստեփանակերտի ճակատագիրը։ Սա իմ բացահայտումը չէ, այլ դրա մասին խոսում են մարդիկ, որոնք անցել են դաժան շրջափակման, սովամահության, իրենց հողն ու գերեզմանները լքելու սարսափի միջով։ Հայաստանի փեշերը կտրտված են, մարտական կարևոր դիրքերում թշնամին է, օկուպացված են ՀՀ սուվերեն տարածքները և հարցը այդտեղից սկսելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը անցել է միակ չօկուպացված տարածքին՝ Տավուշի սահմաններին։ Փաստորեն մի դուռ է փակ մնացել, Նիկոլն ուզում է բացի։

Հաճախ եմ զրուցում Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Նրանք ասում են, որ իրենց թվում է, թե դեռ Արցախում են, որովհետև կրկնվում է նույնը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Տավուշի առայժմ որոշ  գյուղեր ադրբեջանական են, մի ժամանակ էլ  հայտարարում էր, որ Արցախը ադրբեջանական է։ Նա միանգամից չի կարող ասել, որ   ողջ Հայաստանը Ադրբեջան է, քարտեզն առել է ձեռքը ու հատվածաբար, փուլ առ փուլ   հանձնում է Հայաստանի տարածքները։ Եթե միանգամից ասի, որ Հայաստանը կամ նրա գերակշիռ մասը Ադրբեջան է, չի հասցնի  իրագործել  ծրագիրը։ Մարդկանց բերանում դեռ շունչ կա, կդիմադրեն։ Արցախում նույնպես հատվածաբար էր կատարվում առաջխաղացումը։ Մարդիկ չէին սպասում, որ իրենց մայրաքաղաքը կարող է հանձնվել։ Եթե Արցախը հանձնելու մեջ մեղադրում է Ռուսաստանին, Հայաստանը հանձնելուց ու՞մ է մեղադրելու։ Արցախի ու Հայաստանի մեջ համեմատության մեջ Փաշինյանը մեծ առաջխաղացում ունի։  Եթե Արցախում թշնամին էր վախեցնում  պատերազմով,  Հայաստանում դա անում է Նիկոլը։ Այսինքն դրսի ուժերը և ներսի իներտությունը նրա «բերանում լեզու են դրել» և  նա խոսում է Ադրբեջանի փոխարեն։ Այլևս ասելու, բացահայտելու բան չկա, ամեն ինչ պարզ է։ Հայաստանն անցնում է Արցախի տրորված ճանապարհով։