Հեղափոխությունների բնույթի մասին

Հեղափոխությունների բնույթի մասին

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը մի քար գցեց փոսը, եւ Հայաստանում միանգամից մի քանի հարյուր աշխատատեղ առաջացավ: Հիմա այդ հարյուրավոր, գուցե նաեւ հազարավոր մարդիկ չարչարվում են, որ քարը փոսից հանեն: Հայտնի առակը, հավանաբար, հիշեցիք, բայց թույլ տվեք եւս մեկ անգամ հիշեցնել, որ խոսքը ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ Էդգար Ղազարյանի մի հայտարարության եւ այդ հայտարարությանն ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի արձագանքի մասին է: Ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը ՔՊ-ի հեղափոխությունը որակել էր ադրբեջանաթուրքական, ինչից Հովհաննիսյանը, քիչ է ասել՝ կատաղել էր ու իրեն թույլ տվել բաներ, որոնք հարիր էին բացառապես ադրբեջանաթուրքական հեղափոխությամբ իշխանության եկած ուժի ներկայացուցչին: Նա Էդգար Ղազարյանին մասնավորապես մեղադրել էր մեր ժողովրդին ադրբեջանաթուրքական ասելու մեջ: Ու հենց սա է այն քարը, որ փորձում ենք համատեղ ուժերով հանել փոսից: Արդյոք Էդգար Ղազարյանն ասե՞լ է նման բան, թե՞ Արթուր Հովհաննիսյանը, հեղափոխությունների բնույթի մասին չունենալով համապատասխան գիտելիքներ, չի կարողացել հասկանալ, թե ինչ է ասում Էդգար Ղազարյանը:

Հանուն արդարության նշեմ, որ Էդգար Ղազարյանը, այո, ասել էր, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցածն ադրբեջանաթուրքական հեղափոխություն էր: Երկրորդում եմ Ղազարյանի տեսակետը, սակայն մի փոքրիկ լրացում անեմ՝ դա առաջին ադրբեջանաթուրքական հեղափոխությունն էր հայ ժողովրդի ողջ պատմության մեջ: Մենք, ճիշտ է, հեղափոխությունների առանձնապես հարուստ պատմություն էլ չունենք, բայց, ինչպես Խորենացին կասեր, մեզանում էլ շարժումներ ու անհնազանդության դեպքեր են եղել, որոնք հիշատակության արժանի են: Այսուհանդերձ, մենք կփորձենք Ֆրանսիական մեծ հեղափոխության օրինակով հասկանալ եւ գնահատական տալ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը: 

Մարքսիստ պատմաբանները նշում են, որ ֆրանսիական հեղափոխությունը կապիտալիստական բնույթի էր, եւ այն անվանում են բուրժուական, քանի որ բուրժուաները մեծ դեր են ունեցել այդ ապստամբության մեջ։ Շատ պատմաբաններ համամիտ չեն այդ գնահատականին եւ պնդում են, որ հեղափոխությունը սկսել են հասարակ մարդիկ, ովքեր որեւէ արտոնություն չունեին, այնուհետեւ նրանց են միացել բուրժուազիայի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիայի միջին դասը: Մինչդեռ, իմ համեստ կարծիքով, 2018թ. թավշյա խեղկատակությունը ո՛չ հայ բուրժուաներն են սկսել, ո՛չ էլ հասարակ մարդիկ: Հիշեցնեմ, որ դրանից ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում տեղի էին ունեցել ԱԺ ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունել էին անխտիր բոլորը՝ թե՛ բուրժուաները, թե՛ հասարակ ժողովուրդը եւ թե՛ անձամբ Նիկոլը, որ մեկ տարի անց գնաց Գյումրի եւ այնտեղից «հեղափոխություն անելով»՝ եկավ Երեւան: Հետեւաբար, 2018թ. «հեղափոխությունը» ո՛չ բուրժուական էր, ո՛չ ժողովրդական: Ֆիքսենք սա եւ անցնենք առաջ:

Ոչ մարքսիստ պատմաբանների շրջանում ավանդական տեսակետ կա, որ «17-րդ դարի վերջի եւ 18-րդ դարի սկզբի ֆրանսիական հեղափոխությունն ազգային շարժում էր՝ ընդդեմ արիստոկրատիայի եւ տիրող կարգերի։ Ըստ այդմ՝ հեղափոխությունը ոչնչացնում էր այն ամենը, ինչը կապված էր հին կարգերի հետ։ Հեղափոխության մասնակիցները ձգտում էին կառուցել ազատ դեմոկրատական պետություն, ինչի մասին էին վկայում նաեւ կարգախոսները՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն»։ Այս իմաստով ֆրանսիական հեղափոխությունը, կարելի է ասել, նույնիսկ հակակապիտալիստական բնույթ ուներ, բայց եթե նկատի ունենանք, որ այն հովանավորում եւ ֆինանսավորում էին առաջին հերթին կապիտալիստները, կստանանք մի շատ ծիծաղելի պատկեր այն մասին, որ կապիտալիստները, ժողովրդի հետ ձեռք-ձեռքի տված, հեղափոխություն էին անում կապիտալիստների դեմ: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխության» ժամանակ այդպիսի ծիծաղաշարժ դրվագներ եղան, իհարկե:

Կապիտալիստներ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Գուրգեն Արսենյանը, բազմաթիվ այլ կիսակապիտալիստներ իրենց լուման ներդրեցին թավշյա խեղկատակության «հաղթանակի» մեջ, բայց որ ճիշտն ասեմ՝ ես դժվարանում եմ հավատալ, որ դա արել են հանուն «ազատության, հավասարության, եղբայրության»: Ավելին ասեմ՝ նրանք հազիվ թե խրախուսեին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե իշխանությունն անցնում է ժողովրդին, եւ ժողովուրդն է այսուհետ վարչապետը: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք Խաչատուր Սուքիասյանին կամ Գուրգեն Արսենյանին՝ վարչապետ դարձած ժողովրդի մոտ պատգամավոր աշխատելիս… Ինչեւէ:  

Պատմաբաններ Ֆյուրեն եւ Ռիշեն ֆրանսիական հեղափոխությունը համարում են պայքար իշխանության համար: Իրենց տեսակետը նրանք հիմնավորում են նրանով, որ Ֆրանսիայում 1789-1799 թվականներին իշխանությունները մի քանի անգամ փոխվել էին: Սա բավականին ճշմարտանման է, թեեւ ոչ մի կերպ չի տեղավորվում «հայկական հեղափոխության» ռահվիրաների հռչակած նպատակների մեջ: Նրանք հայտարարում էին, որ ժողովուրդն է լինելու թիվ մեկ որոշում կայացնողը, եւ միայն վարչապետ դառնալու նախօրյակին Նիկոլ Փաշինյանը ֆայմեց հայտարարել՝ եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա:

Այսպիսով՝ փորձենք հասկանալ, թե ինչպիսին էր 2018թ. Հայաստանում տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխությունը: Քանի որ այդ «հեղափոխության» մեջ ամեն ինչ այնքան է խառնված իրար՝ սկսած կազմակերպիչներից, շարժիչ ուժերից, վերջացրած ֆինանսավորողներով ու հովանավորներով, որ հնարավոր չէ որեւէ անուն տալ տեղի ունեցածին, ուստի պետք է առաջնորդվել այլ սկզբունքներով: Ես առաջարկում եմ նայել, թե ինչ խնդիրներ է լուծել այդ հեղափոխությունը: Իսկ լուծվել են հետեւյալ խնդիրները՝ հրահրվել է պատերազմ, կազմակերպվել է պայմանավորված կապիտուլյացիա, Ադրբեջանին են վերադարձվել Արցախի հարակից շրջանները, Արցախի Հանրապետության բուն տարածքներ, ինչպես նաեւ հարյուրավոր քառակուսի կիլոմետրի տարածքներ Հայաստանի Հանրապետությունից: Այդ «հեղափոխության» արդյունքում, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ-ն հեռացել է Հայաստանից, ծանր իրավիճակում է հայտնվել ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Հաշվի առնելով այդ ամենը, ինչպես նաեւ այն, որ այսօրվա դրությամբ 2018թ. հեղափոխության բուն շահառուներն են Թուրքիան եւ Ադրբեջանը, կարելի է ծանրակշիռ հետեւություններ անել «հայկական հեղափոխության» բնույթի մասին:

Կարելի է դա անվանել նաեւ ադրբեջանաթուրքական հեղափոխություն, որին միացել է նաեւ ժողովուրդը՝ չիմանալով, թե ինչ է հետեւելու դրան կամ ինչ կա այդ հեղափոխության առաջնորդների մտքին: Իսկ ինչ վերաբերում է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի գրգռվելուն, ապա միանգամայն բնական է, որ նա այլ կերպ արձագանքել չէր կարող: Նրան դուր չէր կարող գալ ճշմարտությունը: