Սա ո՛չ ագրեսիա է, ո՛չ էլ սադրանք, սա պատերազմ է

Սա ո՛չ ագրեսիա է, ո՛չ էլ սադրանք, սա պատերազմ է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:

- Երեկ Տեղ գյուղում պատերազմական վիճակ էր: Թշնամին մոտ 10 օր առաջ դիրքային առաջխաղացում էր իրականացրել, իսկ նախօրեին ուղղակի կրակել էր դիրքեր կառուցող հայ զինվորների վրա, եւ մենք նորից ունեցանք զոհեր ու վիրավորներ:

- Ես կասեի՝ ամբողջ Հայաստանի երկայնքով էին կրակում: Սա պարտված իշխանություն ունենալու, պարտված իշխանությանը հանդուրժելու արդյունք է:

- Բայց Եվրամիության դիտորդներն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում են: Որոշ արեւմտամետ ուժեր պնդում էին, թե դա է մեր փրկությունը, եւ միայն Արեւմուտքը կարող է այժմ աջակցել Հայաստանին եւ նրա անվտանգությունն ապահովել, քանի որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն այլեւս չեն ապահովում մեր անվտանգությունը:

- ԵՄ դիտորդները հոկտեմբեր, դեկտեմբեր ամիսներին եւս Հայաստանում են եղել, սակայն սրացումներ միշտ էլ եղել են: Պատերազմը երբեք չի ավարտվել: 1994 թվականից Հայաստանը պատերազմի կիզակետում է: Թշնամին ասում է, որ մինչեւ Երեւանը չվերցնի, պատերազմը չի ավարտվելու: Այստեղ չգիտես ինչերով են ապրում: Մտածում են, որ եթե մի օր չկրակեցին, վերջ՝ պատերազմն ավարտված է: Սա ո՛չ ագրեսիա է, ո՛չ էլ սադրանք, սա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ ինչ ասես հնարավոր է: ԵՄ-ն իր շահերի համար է, ե՞րբ ենք վերջապես հասկանալու այդ պարզ բանը, ԵՄ-ն իր շահերի համար է Հայաստան եկել: Ո՞ր երկրներն են բողոք բարձրացնում` Ռուսաստանն ու Իրանը: Ռուսաստանն ու Իրանը բազմիցս խոսել են ԵՄ դիտորդների մասին: Սա ի՞նչ է նշանակում, որ վնասվում են նաեւ այս երկրների շահերը: Այնպես որ՝ ԵՄ դիտորդների վրա հույս դնել պետք չէ:

- Իսկ ո՞ւմ վրա հույս դնել այդ պարագայում:

- Հույս պետք է դնել սեփական բանակի վրա:

- Բայց վարչապետի կինն ասում է՝ դասալիքներից է կազմված մեր բանակը, շուրջ 11 հազար դասալիք ենք ունեցել 2020 թվականին եւ դրա պատճառով ենք պարտվել:

- Ուրեմն պետք է փոխեն ղեկավարությանը, որ դասալիքներ չլինեն, մարդիկ գնան ծառայեն: Գտեք այսօրվա Վազգեն Սարգսյանին, գտեք այն հրամանատարներին, որոնք ապահովել են մեր հաղթանակները, ոչ թե նստեք ասեք՝ դասալիք են: Ձեր հրամանատարության տակ են դասալիքներ եղել, այնպես որ՝ մեղավոր եք դուք:

- Ըստ որոշ աղբյուրների եւ որոշ փորձագետների դիտարկումների` ռուսական կողմը սկսել է համագործակցել Ադրբեջանի հետ եւ դեռեւս ծածուկ, բայց դավաճանում է հայկական շահերին ու նպաստում է ադրբեջանական կողմի առաջխաղացումներին:

- Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, ԱՄՆ-ն՝ նույնպես, ԵՄ-ն եւս համագործակցում է Ադրբեջանի հետ: Բոլորն են իրենց շահերով առաջնորդվում: Ադրբեջանն ունի նավթ:

- Իսկ նույն Ռուսաստանը Հայաստանի հետ կապված շահեր չունի՞:

- Ռուսաստանն ունի շահեր եւ դրանք ապահովում է իր շահերի տեսանկյունից: Ռուսաստանը երբեք չի բողոքել, ուրեմն կարողանում է իր շահերն ապահովել:

- Ըստ Ձեզ` Հայաստանն այսօր արտաքին ո՞ր վեկտորի ուղղությամբ է առաջ շարժվում, ՀՀ իշխանությունները մեզ ո՞ւր են տանում:

- Հայաստանն այսօր ինչ անում է՝ սպասարկում է թշնամու շահերը: Ինչ էլ անեն, արդյունքում սպասարկում են թշնամու շահերը: Պետք է գիտակցված եւ ինքնակամ հեռանալ: Սա է լուծման լավագույն տարբերակը: Միակ ռեսուրսն ազգային միասնությունն է: Ի՞նչ ենք մենք անում, մենք ամեն օր ավելի ենք պառակտվում: Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն է Հայաստանում պառակտված: