Արգիշտի Քյարամյան․ «Киндер сюрприз»-ը

Արգիշտի Քյարամյան․ «Киндер сюрприз»-ը

1998 թ․ ապրիլին Վիկտոր Չեռնոմիրդինի պաշտոնանկությունից հետո ՌԴ նախագահ Բորիս Ելցինը վարչապետի թեկնածու առաջարկեց Սերգեյ Կիրիենկոյին։ Այդ ժամանակ նա ընդամենը 35 տարեկան էր։ Ռուսաստանի պատմության ամենաերիտասարդ վարչապետի պաշտոնավարումը տևեց ընդամենը չորս ամիս և չափազանց անփառունակ ավարտ ունեցավ։ 1998 թ․ օգոստոսին Կիրիենկոն հայտարարեց դեֆոլտի մասին և շուտով պաշտոնանկ արվեց՝ ստանալով «Киндер сюрприз» պատկերավոր անվանումը։ 

1990-ականների Ռուսաստանի պատմությունն իհարկե չափազանց հետաքրքիր է, բայց հիմա այլ թեմայի մասին ենք ուզում խոսել։ Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ՊՎԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ի դեպ նշանակման հնարավորությունը ապահովելու համար Քյարամյանը ընդամենը մի քանի ժամով դարձավ Քննչական կոմիտեի պետի տեղակալ, նույնը օրը պաշտոնանկ արվեց և վերջում հայտնվեց ԱԱԾ-ում։ 

Իհարկե կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ ունեն Քյարամյանի տարօրինակ դեգերումներն ու ՌԴ վարչապետ Սերգեյ Կիրիենկոն։ Իրականում ոչ մի կապ էլ չունեն, պարզապես Քյարամյանի նշանակումից հետո առաջին բանը, որ մտքիս եկավ «Киндер сюрприз»-ի հայտնի պատմությունն էր։ Փաստացի վարչապետ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանի մարմնավորմամբ հանրությանն ու առաջին հերթին ԱԱԾ-ին հայկական «Киндер сюрприз» նվիրեց։ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում 29 տարեկան երիտասարդի նշանավկելու փաստի վերաբերյալ, ցավոք սրտի այլ բնորոշում չեմ կարող տալ։ 

Ամենևին էլ չեմ փորձում որևէ կերպ նսեմացնել կամ էլ վիրավորել պարոն Քյարամյանին։ Ամենայն հավանականությամբ նա տաղանդավոր մարդ և կենսունակ չինովնիկ է։ Մեծ հաշվով խնդիրը նրա անձի մեջ չէ, այլ՝ վարչապետի անհասկանալի և տարօրինակ որոշման։ Իրականում այդ նշանակումից ո՛չ հանրությունն է տուժելու և ո՛չ էլ ԱԱԾ-ն։ Միակ տուժողը հենց Քյարամյանն է, քանի որ այդ անհամաչափ թռիչքով ընդհատվում է նրա կարիերայի բնականոն զարգացման ընթացքը։ Իհարկե ամենևին էլ չեմ փորձում խոսել բացարձակ ճշմարտության դիրքերից, ընդամենը այն համոզմունքն ունեմ, որ յուրաքանչյուր ոլորտում մասնագիտական զարգացումը պետք է տեղի ունենա աստիճանական և փուլային տրամաբանությամբ։ Հեշտ և կայծակնային վերելքը որպես կանոն հանգեցնում է արագ անկման, քանի որ կարգավիճակի և ուղեղի աշխատանքի անհամապատասխանության հետևանքով արձանագրվում է հոգեբանական խզում և անհաղթահարելի ճգնաժամ։ 

Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք Քյարամյանը մասնագիտական և հոգեբական տեսանկյունից պատրա՞ստ էր  այդ սրընթաց վերելքին։ Իսկ վարչապետն հաշվի առե՞լ է, որ հանուն իր նեղ քաղաքական նկրտումների կործանում է երիտասարդի կարիերան, որը տարիների աշխատանքի, տաղանդի և փորձառության շնորհիվ կարող էր լրջագույն արդյուքնների հասնել։ Խոսքը տրամաբանական և սեփական աշխատանքով վաստակած հաստատուն արդյունքի մասին է։ 

Անձնական ճիգի արդյունքում նվաճված կարգավիճակը անձեռնմխելի է, այսինքն՝ եթե Քյարամյանը սեփական տաղանդի շնորհիվ տարիների ընթացքում հարթեր իր ճանապարհը, ապա դա նրանից ոչ ոք չէր կարողանա խլել։ Այդ պարագայում նույնիսկ պաշտոնանկությունն անկարող է անհատին զրկել տարիների իր նվաճումներից։ Իսկ հիմա Քյարամյանը ընդամենը խաղալիքի՝ «Киндер сюрприз»-ի, դերակատարություն ունի, որն իր կարգավիճակին հասել է ոչ թե սեփական ունակությունների, այլ վարչապետի քմահաճույքի և իռացիոնալ կամքի շնորհիվ։ Ի դեպ չի բացառվում, որ վարչապետի այդ նույն քմահաճույքի հետևանքով Արգիշտի Քյարամյանը կարճ ժամանակ անց հեռացվի իր բարձր պաշտոնից։ Ի՞նչ է անելու դրանից հետո երիտասարդ չինովնիկը, ինչո՞վ է զբաղվելու։ Բնականաբար ինչ-որ զբաղմունք կգտնի, բայց ակնհայտ է, որ նա վաղ թե ուշ կանգնելու է հոգեբանական և մասնագիտական լրջագույն ճգնաժամի առջև, քանի որ աստիճանաբար զարգացող կարիերան այլևս անդամահատված է լինելու։ Մարդն ինքն իրեն անպետք է զգում, երբ զրկվում է վեր բարձրանալու և նորանոր նվաճումներ արձանագրելու բնազդային ձգտումից։ 

Իսկ հիմա հակիրճ անդրադառնանք Քյարամյանի նշանակման վարչապետի շարժառիթին։ Ակնբախ է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում Հայաստանի հատուկ ծառայություններին։ Ավելին՝ նրան անընդհատ ուղեկցում են դավադրության և «հիբրիդային» հեղաշրջման ուրվականները։ Սեփական վախերին և ուրվականներին հաղթելու նպատակով Փաշինյանը փորձում է իր մարդկանց միջոցով ԱԱԾ-ն առավել վերահսկելի և կառավարելի դարձնել։ Ամենայն հավանականությամբ հենց սա է Քյարամյանի նշանակման առաջնային և հիմնական շարժառիթը։ Եթե ասվածը համապատասխանում է իրականությանը, ապա ՊՎԾ նախկին ղեկավարն իսկապես «Киндер сюрприз» է ԱԱԾ-ի համար։ Պատկերացրեք երբևէ հատուկ ծառայություններում չաշխատած և ընդհանրապես կառավարման համակարգում աշխատանքի փոքրիկ փորձառությամբ երիտասարդը պետք է վերահսկի տասնամյակներով ԱԱԾ-ում աշխատող գեներալներին և սպաներին։ Ենթադրում եմ, որ տեղի է ունենալու լրիվ հակառակը․ ԱԱԾ փորձառու աշխատողներն են վերահսկելու տնօրենի տեղակալին՝ մեկուսացնելով և որպես վերջնական արդյունք դարձնելով անգործունյա։ 

Ասվածից ամենևին էլ չի հետևում, թե Հայաստանի իրավապահ կառույցները բարեփոխման և նոր կադրերի անհրաժեշտություն չունեն։ Ընդհակառակը դա արտակարգ հրատապություն ունեցող աշխատանք է, որը հնարավոր չէ կյանքի կոչել «Киндер сюрприз»-ների միջոցով։ ԱԱԾ-ն ուժեղ ձեռքի կարիք է զգում։