Արարատ Միրզոյանը և իր նաչալնիկը կորցրել են օրիենտիրները

Արարատ Միրզոյանը և իր նաչալնիկը կորցրել են օրիենտիրները

Մինսկում ապրիլի 12-ին ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների համաժողովն է տեղի ունենալու, որի ժամանակ հայտարարություն են ընդունելու նաև «Կրոկուս Սիթիում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։ ՀՀ իշխանությունները, սակայն, որոշել են չմասնակցել այդ համաժողովին` հայտարարեցին, որ Արարատ Միրզոյանը չի մեկնելու Մինսկ։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Արարատ Միրզոյանը փոքր երեխայի նման խռովել է։

«Հիմա Արարատ Միրզոյանը փոքր երեխայի նման է ասում է՝ ես խռովել եմ, էլ չեմ գալու, չեմ մասնակցելու։ Սա քննարկել այդքան լուրջ, ինչպիսի հարց Դուք տվեցիք, ուղղակի չի սազում, որովհետև այդ մարդը և իր նաչալնիկը ուղղակի կորցրել են համապատասխան օրիենտիրները, թե ինչ պետք է արվի պետության անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, հիմա իրենք ուս ուսի տված Հայաստանի անվտանգային համակարգը քանդում են։ Հերիք է պատկերացնել, թե որքան ժամանակ է պահանջվելու կամ ինչ հնարավորություններ պետք է լինեն, որպեսզի անվտանգային նոր համակարգ ձևավորվի։

«Այդ ընթացքում ո՞վ է օգտվելու դրանից, երբ որ ամբողջովին շփոթմունքի մեջ է լինելու իրավիճակը, իհարկե, մեր թշնամիները։ Նրանք շատ հստակ վարելու են այդ քաղաքականությունը, որովհետև Հայաստանի այսօրվա իշխանություն կոչվածը գլուխները կորցրած ընկել են, ասում են՝ մենք դառնում ենք Եվրոպայի մաս։ Հրանտ Բագրատյանն անցյալ անգամ շատ լավ օրինակ բերեց, ասեց, որ տվել են 300 քանի միլիոնի, այսպես կոչված, օգնություն, չնայած իրենք ակնկալում էին 30 միլիարդ, և ասել են, որ դրանով բավարարվեք։ Ռուսաստանից միայն գազի գնի տարբերությունը կազմում է առնվազն 4 միլիարդ, որը պետք է վաճառեին 330 դոլարով՝ վաճառում են 165 դոլարով, գոնե միայն այդքանը՝ 4 միլիարդ։ 69 միլիարդ կազմում է տրանֆերտների գումարը, որը գալիս է Ռուսաստանից, դեռ էքսպորտ կա և այլն, և այլն։ Այսինքն, այս ամբողջը թողել են մի կողմ՝ զբաղված են իրենց մոլուցքով, որ անպայման պետք է Արևմուտքը մեզ օգնի»,-ասաց նա։

Արամ Սարգսյանը համոզված է, որ դա վտանգավոր միտում է և դրա համար էլ դրա դեմ են հանդես գալիս ու այսօրվա, նաև վաղվա հանրահավաքները՝ Ազգային Ժողովի մոտ, նվիրված են լինելու Փաշինյանի հրաժարականի պահանջին։