Ո՞վ կկանխի Արցախի վերջնական հանձնումն ու հայաթափումը

Ո՞վ կկանխի Արցախի վերջնական հանձնումն ու հայաթափումը

Հայաստանն՝ իբրեւ պետության բեկորների հավաքածու, հրապարակայնորեն հրաժարվում է Արցախից եւ Սյունիքից։ Այս իշխանության համար Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում քննարկելի է, իսկ Կապանի տարածաշրջանի հերթական գյուղի հանձնումը թշնամուն իբր «Հայաստանի ինքնիշխան տարածքի զիջում չէ»։ Ի հեճուկս իշխանության մոտեցման՝ ե՛ւ սյունեցիները, ե՛ւ արցախցիները կյանքի գնով ապացուցում են, որ իրենց փոքր հայրենիքը սակարկման ենթակա չէ, որքան էլ Երեւանը հակառակ դիրքորոշումն ունենա։ Թերեւս այդ պատճառով կենտրոնական իշխանությունից որեւէ մեկը չի էլ գնում ո՛չ Գորիս ու Կապան, ո՛չ էլ առավել եւս Ստեփանակերտ։ Պարզ է, թե ինչպիսի «ջերմ» ընդունելության կարժանանան այնտեղ Փաշինյանը կամ յուր բանագնացները։

Այսքանից հետո՝ այլեւս որեւէ մեկը բարոյական իրավունք չունի ասելու, թե պատերազմում պարտությունը մեր զինական ուժինն է, եւ մեղադրանքի սլաքները պետք է ուղղվեն բացառապես պետաիշխանությանն ու պատերազմի ընթացքի քաղաքական-կազմակերպական պատասխանատուներին։ Այն միամիտ վարկածը, թե պատերազմը նման աղետալի ելք ունեցավ, քանի որ այս իշխանությունն ապիկար ու անգրագետ էր, հօդս է ցնդում նույն այս իշխանության ձեռամբ։ Փաշինյանի վարչախմբի ներկայացուցիչների ամեն հաջորդ հայտարարություն հստակորեն ապացուցում է, որ պարտությունը դիտավորության հետեւանք էր, ավելին՝ նույնիսկ Արցախի՝ դեռեւս մեզ մնացած հատվածն է բեռ այս իշխանության համար։

90-ականների վերջերի Փաշինյանի խմբագրականներից մինչեւ Էդուարդ Աղաջանյանի անկեղծ խոստովանություն՝ դիպաշարը մեկն է՝ «Արցախը մեր զարգացման եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման խոչընդոտ է, հետեւաբար պետք է ազատվել նրանից»։ Իշխանության լինելը փայլուն հնարավորություն է՝ կյանքի կոչելու այդ մղձավանջային երազը եւ գլխատելու երեսնամյա քաղաքական պատմության, փաստացի՝ Հայաստանի պետականության ակունքների ավանդույթը։ Մինչդեռ եթե այս վարչախումբը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ազդեցությունից, մինչեւ իշխանության գալը Արցախում գոնե մի քանի անգամ եղած լիներ, կհասկանար, որ դրա հանձնումից հետո ազգովի շատ ավելի վատ ենք ապրելու։

Միգուցե նաեւ Հայաստանի եւ Արցախի միացյալ քարտեզն էլ ուսումնասիրած լիներ, որ հասկանար՝ Հորադիզը հսկող հայ դիրքապահը պաշտպանում է Կապանը, իսկ Մռավի լեռներում՝ Սեւանա լիճը։ Մինչդեռ անվտանգության գոտու եւ բուն Արցախի մեծ մասի կորստից հետո Հայաստանի ոչ մի բնակավայրում, անգամ Երեւանում, թշնամուց ապահովագրված չես։ Մեկուկես տարի է՝ ադրբեջանական զորքը ոչ միայն նոր զորամասեր ու զինավաններ է կառուցում զավթված Արցախում, այլեւ հաջորդաբար զավթում է Սյունիքի գյուղերի հողատարածքներն ու արոտավայրերը։ Բնական է, որ այս հետեւողական գործելաոճն անհնար է բացատրել միայն քաղաքական ապաշնորհությամբ, անփորձությամբ կամ խելագարությամբ։ Սա հստակ միտում է՝ ձերբազատվել Արցախից, հարվածի տակ դնել Սյունիքն ու Հայաստանի ինքնիշխան պետականությունն առհասարակ։

Արցախի հայկական խլյակներն այսօր ամբողջությամբ թողնված են Մոսկվայի մեծահոգությանը՝ ականանետային կրակի տակ, թշնամու քմահաճույքով միացվող գազի ու ջրի հույսին մնացած, մարդասիրական բազմաթիվ այլ խնդիրներ ունեցող արցախցիների մասին մտածող այլ մեկը չկա։ Հայաստանյան քաղաքական շրջանակներն անընդունելիորեն պասիվ են, մնում է՝ արցախցիները որեւէ գնով թույլ չտան Արցախի վերջնական հանձնումը, Պաշտպանության բանակի զինաթափումն ու կազմալուծումը, տեղի հայկական ինքնիշխանության վերացումը։ Արցախի մոտ հարյուր հազարանոց հայությունն իր պատմական հիշողությամբ ու գիտակցությամբ չպետք է դա թույլ տա։ Դավաճանական այս զիջմանը վճռականորեն դիմադարձ կանգնելու դեպքում, մեծ հավանականությամբ, բուն Հայաստանում եւս կարող է խոշոր ընդդիմադիր ալիք ծավալվել, ինչը եւ կհանգեցնի այնքան ցանկալի իշխանափոխության։

Դավիթ Սարգսյան