Մնացինք միայնակ թշնամիների եւ «դաշնակցի» հետ դեմ-հանդիման

Մնացինք միայնակ թշնամիների եւ «դաշնակցի» հետ դեմ-հանդիման

Երիտհայերն իշխանության գալուց հետո նպատակաուղղված սկսեցին հալածել եւ մեկուսացնել հայի պայքարող տեսակին, ժողովրդական լեզվով ասած` որձ տեսակին։ Առաջին թիրախներից մեկը դարձավ Մանվել Գրիգորյանը, եւ դա պատահական չէր: Նա թշնամու համար վտանգավոր ու անցանկալի հայի տեսակ էր, բայց նաեւ երիտհայերի համար եւս մեծ ռիսկ էր պարունակում։ Պատերազմի ցանկացած ելքի դեպքում այդ տեսակն իրենց համար վտանգ էր ներկայացնում, այդ իսկ պատճառով առաջինը նրանք թիրախավորվեցին։ Նույնն արվեց «Սասնա ծռերի» դեպքում։

Նիկոլի հավաստիացումներն ու խոստումները, այն է՝ մեկ-երկու ամսվա ընթացքում «ծռերի» հարցը դրական լուծել՝ ազատ արձակել, սակայն նա կրկին մանիպուլյացիայի ենթարկեց՝ խափանման  միջոցը հրահանգեց փոխել, բայց քրեական հոդվածները թողնվեցին, եւ դատաքննությունը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Ու ինչ-որ պահի, երբ նրանք ռեալ վտանգ ներկայացնեն, դատարանի «վճռով» նրանց կրկին կմեկուսացնեն։ Երիտհայերը, իրենց անպատասխանատու եւ անլուրջ  գործելաոճով, կանխորոշել էին հնարավոր պատերազմի ելքը, եւ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակեր պատերազմից հետո կեղծ, անապագա, խաղաղության օրակարգով  կերակրել իր համակիրներին եւ  արյունաքամ անել երկիրը։ Օրվա  իշխանությունների ապիկարության, անկազմակերպվածության, անկարողության պատճառով հնարավոր է՝ բոլորը համատեղված, նույնիսկ նման  իշխանության չգոյությունն ավելի նպաստավոր կլիներ, որովհետեւ պատերազմի օրերին տեսանելի էր, որ ժողովուրդը շատ ավելի էր ինքնակազմակերպվում, քան իշխանություններն էին կառավարում։

Մեր պարտության մեջ մեծ էր արտաքին գործոնի դերը։ Երկու տասնամյակ իրար հաջորդող իշխանություններն Արցախի հարցով բանակցում էին եւ վստահ էին, որ աշխարհը թույլ չի տա պատերազմ, փորձում էին ժամանակ շահել ու երկիրն անպատասխանատու ձեւով կառավարել, բայց 2016-ի քառօրյա  պատերազմով Սերժ Սարգսյանը հասկացավ, որ աշխարհն իրենց անվերջ խաղալու հնարավորություն չի տալու։ Առավել եւս, համընկան ռուսների եւ թուրքերի շահերը, համադրվեց նաեւ Թրամփի վարչախմբի կանաչ լույսի առկայությունը՝ պատերազմ սկսելու հարցում։

Պատերազմի ընթացքում մենք մնացինք միայնակ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ահաբեկիչներին  դեմ-հանդիման, մեր դաշնակից Ռուսաստանը, ամենամեղմ  ձեւակերպմամբ՝ ադրբեջանամետ դրսեւորմամբ հանդես եկավ, եւ Հայաստանի ապազգային իշխանության առկայությունն էլ կանխորոշեց պատերազմի ելքը, իր բոլոր՝ այսօր արդեն  հայտնի հետեւանքներով։

Նիկոլը պարտավոր է հետեւություն անել եւ այսչափ աղետից հետո իր խմբակով  հեռանալ։ Միայն այդ դեպքում որոշակի ապագայի հույս կբացվի հայ ժողովրդի համար, իսկ քանի որ երիտհայերը կառչած են աթոռներից, անհրաժեշտ է համախմբել  հասարակության առողջ, մտահոգ եւ մտածող շերտերը, պարտադրել Նիկոլ Փաշինյանին անարյուն հեռանալ, իշխանությունը փոխանցել անցումային ժամանակավոր կառավարությանը, որը շատ կարճ ժամկետում պետք է նախաձեռնի հիմնական եւ կարեւորագույն  օրենքների  ընդունումը եւ արտահերթ  ընտրությունների անցկացումը։ 

Շարունակելի 
Պետրոս  Մակեյան