Երեխաների մասին խորհելու պահը

Երեխաների մասին խորհելու պահը

Պաշտոնապես հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը: Սկսվել է հետհաշվարկը՝ պատկերավոր ասած, լուսացույցի դեղին լույսն է: Հիմա վարչապետի պաշտոնակատարը փորձում է մինչեւ վերջին պահը ճեղքել-անցնել: Մինչդեռ իրավիճակ է փոխվել: Այս նույն արտահայտությունն արել է Փաշինյանը 2018 թվականին: Չնայած այն ժամանակ հիմքեր կային մարդկանց դժգոհության համար, այդուհանդերձ, մարդկանց «հեղափոխական» ընդվզումը գեներացվեց արհեստականորեն: 

Այժմ, 3 տարի անց, բացի բանականությունից զուրկ, միաբջիջ մարդկանցից, ՀՀ բոլոր քաղաքացիները, անկասկած, կերազեին հայտնվել նախապատերազմյան ժամանակաշրջանում: Մեծ ավար (հարուստներից խլվելիք) ակնկալողները նույնպես հասկացել են, որ իրենց ոչինչ չի սպասվում եւ չէր էլ կարող սպասվել այդ ճանապարհով: Հիմա, անհասկանալի է վարչապետի պաշտոնակատարի վարքագիծը: Քաղաքական ուժերի ցանկացած դասավորության դեպքում նա այլեւս չի կարող հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին: Դրան չի օգնելու նաեւ վարչական ռեսուրսը: 38 օր հետո «ինչ-որ բան անպայման տեղի կունենա, որովհետեւ չի լինում այնպես, որ ինչ-որ բան ձգվի հավերժ»: Այս արտահայտությունը Միխայիլ Բուլգակովինն է («Վարպետը եւ Մարգարիտան» վեպից):

Ինչի՞ համար է այս լարվածությունը, ինչի՞ համար են հասարակության հետագա մասնատումը, անառողջ կրքերի բորբոքումը մի երկրում, որի անվտանգային սպառնալիքներն օրեցօր շատանում են: Ինչպե՞ս կարող են մասնատված, անհամերաշխ հասարակությունը, խարխլված պետական ապարատը դիմագրավել դրանց: Ինչպե՞ս կարելի է անձնական, նեղ խմբակային շահերը վեր դասել պետականից: Թեպետ, այստեղ պետք է տարանջատել քաղաքական-անձնական շահերը անձնական-ընտանեկան շահերից: Ե՞րբ է գալու երեխաների մասին խորհելու պահը: Ի՞նչ մեղք ունեն երեխաները կատարվածի համար: Նույնիսկ ստալինյան ժամանակաշրջանում երեխաները պատասխանատու չեն համարվել իրենց ծնողներին մեղսագրվող հանցանքների համար: Նույնը վերաբերում է ներկայիս վարչապետի պաշտոնակատարի երեխաներին:

Կրկին ընթերցեցի Շարմազանովի դստեր՝ 2018 թվականի մայիսի 2-ի նամակը Նիկոլ Փաշինյանին: Նարեն գրում էր. «Ում համար՝ «թավշյա հեղափոխություն», ինձ համար՝ «շոկային հեղափոխություն»: Ում համար՝ «բաց ձեռքերի», սիրո եւ հանդուրժողականության, ինձ համար՝ ատելության եւ պիտակավորման հեղափոխություն: Ում համար՝ հաղթանակի, ինձ համար՝ կորուստների հեղափոխություն… Այո, հեղափոխության ժամանակ զոհեր չունեցանք՝ անարյուն էր եւ փառք Աստծո: Միայն թե ինքս «հուղարկավորեցի» շատերին… Վերքեր էլ եղան, ցավոտ էլ է: Նրանց անունները մեկ-մեկ գրեցի թղթի վրա…»:

Հոգեկան ի՞նչ ցնցում է ունեցել այս աղջնակը՝ այդ տողերը գրելիս: Իսկ «նախկինների» քանի՞ երեխա է հայտնվել այդ վիճակում: Ի՞նչ հոգեվիճակում են 10 հազարից ավելի հաշմված հայորդիները, ովքեր տեսել են, թե ինչ է կատարվել:  Անկասկած, նրանք չեն զգում ֆիզիկական ցավ՝ իրենց կորցրած առողջության համար, նրանց մինչեւ իրենց կյանքի վերջն ուղեկցելու է հոգեկան ցնցումը, Նարեին ու նրա հասկակակիցներին՝ նույնպես: Գուցեեւ համեմատաբար ավելի «լավ» վիճակում են հերոսաբար զոհվածները, որովհետեւ նրանք այդպես էլ չեն իմանա, որ իրերի այլ դրվածքի դեպքում կարող էին կենդանի մնալ, ինչպես որ նրանք չէին տեսնի հետպատերազմական զարգացումները, որոնք ոչ պակաս սարսափելի են, քան մահը: Նրանք չեն իմանա, որ իրենցից շատերը զոհվել են իրենց հրամանատարների ապաշնորհության, գուցե, հանցավոր անգործության ու մասնագիտական ոչ պատշաճ մակարդակի պատճառով:

«Քանի երեխա», «ինչ է կատարվել», «հանցավոր անգործություն» եւ «մասնագիտական ոչ պատշաճ մակարդակ»․ այս եւ նման արտահայտությունների կամ հարցադրումների պատասխանները, ի պաշտոնե,  պետք է իմանա վարչապետի պաշտոնակատարը: Բայց դա արդեն որեւէ նշանակություն չունի:

Եկել է սեփական ընտանիքի, սեփական երեխաների մասին խորհելու պահը, պարոն Փաշինյան: Եկել է այն պահը, երբ Դուք կարող եք այնպիսի քայլ անել, որ Ձեր երեխաները Նարեի նման չասեն, որ «քաղաքական փոփոխությունների անտեսանելի կողմերից մեկը, գուցե աննշան, մենք ենք»: Ի՞նչ է տալու Ձեզ եւս 38 օր վարչապետի պաշտոնակատար լինելը՝ Ձեզ է միայն հայտնի, բայց Ձեր ընտանիքին, երեխաներին՝ հաստատ ոչինչ: Հնարավորություն ընձեռեք, որպեսզի նրանք իրենց լքված չզգան շրջապատում, չհայտնվեն Նարեի հոգեվիճակում, ի վերջո, լիցքաթափեք ծայրահեղ լարված իրավիճակը:

ՀԳ. Հայցում եմ պարոն Փաշինյանի ներողամտությունը, եթե ասվածի մեջ նա տեսնի ինչ-որ վիրավորական բան:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր