Խորհրդավոր ու խոսուն թվեր

Խորհրդավոր ու խոսուն թվեր

Հայտնի հելենացու ամբողջ կյանքը համատարած լեգենդ էր։ Ասում էին, որ նրա ազդրը մաքուր ոսկուց է, որ նա օժտված է միաժամանակ տարբեր տեղերում լինելու զարմանահրաշ, հիրավի մոգական հատկություններով։ Իսկ այսօր համայն աշխարհին նա հայտնի է իր մեծ ուսմունքով, ուսմունք, որի նշանաբանն է` մաթեմատիկան գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնաղբյուրն է։ Եթե ասենք նաեւ, որ այդ լեգենդ-մարդը նույն հաջողությամբ ուսումնասիրել է ձայնագիտությունը (ակուստիկան), բացատրել, որ երաժշտության բոլոր դադարները (ինտերվալները) ենթարկվում են պարզագույն թվային հարաբերություններին, խորապես թափանցել են աստղագիտության մեջ, առաջինն է, ով նշագծել է արեգակածիրի ու մոլորակային ուղեծրերի թեքությունը, ապա, անշուշտ, կկռահեք, որ խոսքը հանճարեղ Պյութագորասի մասին է։

Հիշեցնենք նաեւ, որ հանրահայտ մաթեմատիկոսն իրեն հրաշալի է դրսեւորել նաեւ մարզական ասպարեզում` օլիմպիական չեմպիոն էր կռփամարտում (բռնցքամարտում), այսինքն՝ բացառիկ ընդունակությունների տեր մարդ էր, ում հաջողվել է առավելության հասնել ըստ էության ամենազորեղ մրցակցի` ժամանակի նկատմամբ։ 

Հետաքրքիր է նաեւ, որ Պյութագորասը թվերը բաժանում էր տարբեր խմբերի։ Օրինակ, զույգ թվերը նա համարում էր առավել բնական, քանի որ դրանք կիսվում են։ Իսկ առավել կատարյալ, ըստ նրա, 6 եւ 28 թվերն են, քանի որ միայն դրանք են հավասար իրենց բոլոր բաժանարարների գումարին (ասենք, 6-ը բաժանվում է 1, 2 եւ 3 թվերի, գումարն էլ 6 է)։ Երբ նրան հարցրել են, թե ում կարելի է ընկեր համարել, նա վերստին անվանել է թվեր, տվյալ դեպքում` 222 եւ 284։ Պարզվում է, որ այդ թվերից յուրաքանչյուրը հավասար է մյուսի բաժանարարների գումարին։ 

Հատկանշական է, որ Պյութագորասի մահից հետո կղերականները ստեղծեցին իրենց թվային «ուսմունքը», հնարեցին սատանայական անունը կրող դյուժինը (13), 12 թիվը կոչեցին երջանկության խորհրդանիշ, 666-ն անվանեցին գազանային թիվ։ Այս ամենը, հասկանալի է, սնոտիապաշտության հետ առնչվող նշաններ են (ինչպես, ասենք, երբ սեւ կատուն կտրում է ճանապարհը), ուստի ոչ մի եզր չունեն զուտ հաշվարկային թվերի հետ, որ շատ ավելի խոսուն են, քանզի առօրյա կյանքում, աշխատանքային գործունեության բազում ասպարեզներում օգնում են ճիշտ, ստույգ կատարել ամեն մի քայլ, կարճ ասած` չսխալվել եւ մշտապես լինել հաշվենկատ։
Իսկ որքան շատ բան կարող են հասարակ թվերը պատմել այս կամ այն մարդու շնորհքի, ընդունակությունների մասին։

Հիշենք, դիցուք, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինային, ով երկիրը կառավարեց 19 տարի։ Այդ ժամանակահատվածում կառուցվել է 144 քաղաք, կնքվել է 30 միջազգային կարեւոր պայմանագիր, արձակվել է երկրի պետական ամրապնդմանն ուղղված 211 հրամանագիր, տարբեր պատերազմներում ձեռք է բերվել 78 հաղթանակ, նվաճվել են Ղրիմը, Հյուսիսային Կովկասը, այլ տարածքներ։ Ինչ խոսք, այս ամենում առկա են եւ բացասական բնույթի երանգներ, սակայն, այնուամենայնիվ, ապշել կարելի է կայսրուհու եռանդուն ու բեղմնավոր գործունեությամբ։ 
Բերենք եւ ուրիշ զարմանահրաշ թվային տվյալներ, որ վերաբերում են զուտ մարդկային օրգանիզմին։ Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը եղել է ամերիկացի Պերչինգ Ուոլդոուն (1918-1940 թթ․), որի հասակը կազմել է 2 մետր 72 սանտիմետր։ Կանանցից այդ առումով բոլորին գերազանցել է չինուհի Սեն Չան Լինը (1964-1982 թթ․)` 2 մետր 47 սանտիմետր։ Իսկ ահա հոլանդուհի Պաուլին Մուստերսը, հակառակը, ամենակարճահասակ կինն է եղել աշխարհում` ընդամենը 61 սանտիմետր (նա մահացել է 1896 թ., 20 տարեկանում)։ Բայց նույնիսկ այս տվյալով նա գերազանցել է տղամարդկանցից ամենակարճահասակին` հնդիկ Գալ Մոհամեդին` միմիայն 47 սանտիմետր։

Իսկ գիտե՞ք, թե ով է ռեկորդակիրը ծննդաբերության հարցում։ Այս «ասպարեզում» բացարձակ առավելություն ունի ռուս գեղջկուհի Ն. Վասիլեւան․ 1725-65 թվականների ընթացքում նա ծննդաբերել է 27 անգամ՝ ունենալով, չզարմանաք, 69 երեխա` 16 անգամ լույս աշխարհ է բերել երկվորյակներ, 7 անգամ` եռվորյակներ, 4 անգամ` քառվորյակներ։

Այս թվերը, ինչ խոսք, պարզապես ապշեցնում են։ Բայց կան փաստեր, որոնք բացառիկ հիացմունքների, անասելի պոռթկումների առիթ են դարձել։ Այս առումով առանձին հաճույքով հարկ է տալ իտալացի անզուգական տենոր Լուչանո Պավարոտիի անունը։ Կարող եք չհավատալ, սակայն գրանցված իրականություն է, որ 1988 թվականին Գերմանիայում Դոնիցետիի «Սիրո խմիչքը» օպերայի հերոսներից մեկի` Նեմոնիտոյի հրաշալի դերակատարման համար ընդհանուր առմամբ նրան ծափահարել են մեկ ժամ յոթ րոպե եւ «բիս» կանչելով ստիպել են բեմ վերադառնալ 165 անգամ։

Քանի որ խոսք գնաց արվեստի մասին, եւս մեկ արտասովոր փաստ ներկայացնենք․ պարզվել է, որ չքնաղ Մերիլին Մոնրոյի ոտքերին կար... վեցական մատ։ Իսկ հիմա նաեւ ֆինանսական երանգներ տանք խոսուն թվերին։ Ամենատաղանդավոր լրտես Ջեյմս Բոնդի մասին նկարահանվել է 18 ֆիլմ, եւ դրանց ցուցադրման համար ստացվել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Սակայն, այսուհանդերձ, Ջեյմս Բոնդն ունակ չէ մրցել հանրահայտ խուզարկու Շերլոկ Հոլմսի հետ, որի մասին նկարահանվել է 211 ֆիլմ։

Իհարկե, անկարելի է շրջանցել նաեւ հանճարեղ նկարիչ Պաբլո Պիկասոյին, նրան, ով 78 տարի զբաղվել է բեղմնավոր ստեղծագործական աշխատանքով։ Մեծանուն վարպետի վրձնին են պատկանում 13 հազար 500 գեղանկար ու էսքիզ, 100 փորագրություն, 34 հազար գրքի նկարներ, 300 խեցեգործություն ու քանդակ։ Աճուրդների ժամանակ Պիկասոյի ստեղծագործությունները վաճառքի են հանվել 3 հազար 580 անգամ, եւ ստացված ամբողջ գումարը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։

Ինչպես ամերիկյան մամուլն է շարունակ շեշտում, «բոլոր ժողովուրդների ու բոլոր ժամանակների թիվ մեկ մարզիկ», ֆանտաստիկ վարպետության տեր բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը «Նայկ» ֆիրմայի հետ կնքած գովազդային պայմանագրի համաձայն, սա իրոք անհավատալի բան է, ավելի մեծ գումար էր ստանում, քան Մալայզիայում գործող այդ ընկերության ֆաբրիկաների բոլոր աշխատողները միասին վերցրած։ Ակամա հարց է ծագում` էլ ուր մնաց տարրական հարգանքը շարքային մարդկանց նկատմամբ։ Որքան էլ հրաշալի է խաղացել Ջորդանը, միեւնույն է, սա բացարձակ անարդարության է, եթե ուզում եք` վիրավորանք, հասցված բարիք ստեղծողներին։ Այնպես որ, անտեղի է հիշեցնել կոնկրետ գումարի մասին։

Իսկ մարզական ասպարեզում արտասովոր հմտություններ գրանցած մեկ այլ ամերիկացու` կրկեսի ակրոբատի արտասովոր ցուցիչը չարձանագրել սխալ կլինի։ Դժվար է երեւակայել, սակայն փաստ է, որ նա ֆուտբոլի գնդակը 80 հազար անգամ գլխով խաղացրել է՝ թույլ չտալով, որ այն վայր ընկնի գետնին։

Վերջում եւս երկու բավականին հետաքրքիր թվերի մասին, որոնց ճշտությունը կարող է ստուգել ձեզնից յուրաքանչյուրը. եթե ի վիճակի եք, պարզեք՝ ստո՞ւյգ է արդյոք, որ մեկ տարին հավասար է 31557600 վայրկյանի, կամ, որ եթե 111111111-ը բազմապատկեք նույն 111111111-ով, կստացվի այս իսկապես շատ անսովոր գումարը` 12345678987654321։

Կազմեց 
Միսակ Նազարյանը