Այդ մեկ մարդը դու ես

Այդ մեկ մարդը դու ես

Այո, հարգելի ընթերցող, այդ մեկ մարդը դու ես, որ պետք է իշխանությունից հեռացնի Նիկոլին: Այն Նիկոլին, որին դու ընտրել ես՝ հավատալով նրա ստերին, երազելով ավելի լավ կյանք: Սակայն Նիկոլը խաբել է քեզ (ինչպես նաեւ մեզ բոլորիս), խաբել բոլոր հարցերում ու շարունակում է խաբել: Հիշո՞ւմ ես պատերազմի 44 օրը եւ «հաղթելու ենք» մեր կարգախոսը: Ու 45-րդ օրվա սկզբին՝ կեսգիշերին իմացանք, որ պարտված ենք, պարտված խայտառակ: Այսօր էլ Սյունիք ենք կորցնում, ու կրկին Նիկոլն ու իր կամակատարները մի ամբողջ օր փորձում էին մեզ համոզել, որ ամեն ինչ նորմալ է՝ անհանգստանալու կարիք չկա: Ու համարյա թե 24 ժամ անց իմացանք, որ ադրբեջանցի 200 զինվորներ առանց որեւէ կրակոցի ներթափանցել են մեր երկրի տարածքը 3 կմ խորությամբ:

Ու խնդիրն այնքան լուրջ է, որ մեր երկիրը դիմում է ՀԱՊԿ-ին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը), որպեսզի կազմակերպությունն օգնի մեզ՝ ադրբեջանցիներին մեր տարածքից դուրս վռնդելու հարցում: Եթե այս ամբողջ պատմությունը մեզ խաբել չէր նշանակում, ապա խաբելն ուրիշ ինչպե՞ս է լինում:  

Մեկ-երկու շաբաթ առաջ նախկին իմքայլական անկախ պատգամավորներից մեկի՝ Տավուշի մարզի սահմանային անվտանգության վերաբերյալ հարցին Նիկոլը պատասխանում է, որ արվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Ու ավելացնում, որ գաղտնի է արվում, որպեսզի հարց տվողն ու ադրբեջանցին չիմանան դրա մասին: Իսկ սյունիքյան իրադարձությունների ֆոնին մեր պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ թշնամին թափանցել է նաեւ Գեղարքունիքի մարզի որոշ տարածքներ: Այստեղ երեւաց, թե իսկապես գոնե ինչ-որ բան է արվում, թե ոչինչ էլ չի արվում նաեւ հյուսիսային ուղղությամբ: Եվ ըստ այդմ՝ եթե Նիկոլի պատասխանը պատգամավորին սուտ չէր, ապա ի՞նչ էր… Թե ինչպես է Նիկոլի իշխանությունը կահավորում սահմանը՝ երեւաց ձմռանը շրջանառված մի շարք տեսահոլովակներից՝ սահմանի երկայնքով երեւի կիլոմետրը մեկ մի հենակետ՝ կահավորված լավագույն դեպքում մեկ քնելու եւ մեկ էլ՝ որպես խոհանոց ծառայող վրանով: 

Ի դեպ, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող երիտասարդը (ԱԽՔ Արմեն Գրիգորյան) երեկ հայտարարում էր, որ պատերազմից հետո երկարած սահմանագծի առկայության պայմաններում «բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք»: Պատերազմից հետո անցած կես տարին թե՛ այդ երիտասարդի եւ թե՛ նրա ղեկավարի համար բավարար չէր, որպեսզի սահմանի երկայնքով գոնե խրամատներ փորվեին: Խրամատներ փորվեին, որպեսզի թշնամին, առանց մեկ փամփուշտ անգամ կրակելու, մեր սահմանային հենակետերը շրջանցելով՝ չհայտնվեր մեր թիկունքում: Իլհամը, օրինակ, կես տարում արդեն մի քանի զորամաս է կառուցել իրենց նոր սահմանին, իսկ մենք անգամ խրամատ չենք փորել: Երեւի Նիկոլին թվում է, թե կիրթ Իլհամի հետ իր բանավոր պայմանավորվածությունները կապահովեին Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը: 

ԱԽՔ Գրիգորյան անվանյալը, ի դեպ, արդարացնելու համար կես տարի ոչինչ չանելը, հիշատակել էր 1994 թվականին ողջ սահմանի կահավորված չլինելու երեւույթը: Բայց ԱԽՔ պաշտոնը զբաղեցնող անձն այնքան խելք չուներ հասկանալու համար, որ 1994-ի հաղթանակից հետո մենք կարող էինք թույլատրել մեզ նման բան, եւ ոչ միայն կես տարի, այլ մի քանի անգամ կես տարի: Իսկ պարտված վիճակում մենք չենք կարող դա մեզ թույլատրել ոչ թե կես տարի, այլ նույնիսկ կես ամիս ու կես շաբաթ: Կամ էլ ժամանակին ակտիվորեն «Սերժ մերժող» երիտասարդը դա հասկանում է՝ ուղղակի փորձում է մեզ հիմարի տեղ դնել, ու նիկոլապաշտ զոմբիների բազմությունն արդարացնում է նրա այդ մղումը:

Մի խոսքով, նիկոլիզմն ու նրա հիմնական զենքը՝ սուտը, կործանում են մեր տունը, ու մենք դա հանդուրժում ենք: Մենք հանդուրժեցինք Արցախի կորուստը, հանդուրժում ենք Սյունիքը կորցնելու գործընթացը, երեւի կհանդուրժենք Սեւանա լճի ու նույնիսկ Երեւանի կորուստը: Ի՞նչ է եղել որ… Կամ էլ, եթե մեզանում դեռեւս մնացել է գեթ թզաչափ հայրենասիրություն, չէ, ընդամենը շարքային քաղաքացու խելք, պետք է մերժենք Նիկոլին, մերժենք նրա երկոտանի ուսապարկերին: Պետք է ազատագրենք մեր հայրենիքը թե՛ նիկոլիզմից եւ թե՛ թուրք ագրեսորներից: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն է այն մեկ մարդը, որից կախված է մեր հայրենիքի ճակատագիրը: