Մենք վաղը Հայաստան էլ չենք ունենա

Մենք վաղը Հայաստան էլ չենք ունենա

Վարչապետ եղած ժամանակ ի՞նչ արեց, որ վարչապետի ԺՊ լինելով ինչ անի: Այդ մարդը Ձախորդ Փանոսն է, Քաջ Նազարն է, Ցռան Վերգոն է, նա համատեղելի չէ երկրի կառավարման եւ անվտանգության հետ, նա չարիք է մարդկանց գլխին, կինետիկ բացասական էներգիայով լեցուն պատուհաս, գիտությանն անհայտ կենդանի օրգանիզմ: Նա պետք է հեռացվի եւ հենց հիմա: Մեկ ամիս հետո, չի բացառվում, այլեւս իմաստ չեն ունենա այս արտահերթ ընտրությունները: Ի՞նչ ԱԺ ընտրես, ի՞նչ նոր իշխանություն, ո՞ւմ համար… Մի քիչ էլ սպասենք՝ Ալիեւն այդ մարդուն Էրմանիստանի կամ Արեւմտյան Ադրբեջանի մարզպետ կնշանակի: Այնպես որ՝ Փաշինյանին, եթե ոչ հենց այսօր, ապա վաղը, մյուս օրը պետք է մի հնարով հեռացնել իշխանությունից: Այլ խոսքով ասեմ՝ սիկտիր անել կառավարության շենքից:

Քանի՞ հոգով են ադրբեջանցիները հատել մեր սահմանները Գեղարքունիքում եւ Սյունիքում: Հասկացանք, վախենում եք կրակեք: Իսկ ո՞ւր են մեր հատուկջոկատայինները, ո՞ւր է, այսպես կոչված, «Ալֆան», եւ ինչո՞ւ առանց մի կրակոցի չեն չեզոքացնում մեր տարածքներում զբոսնող թշնամուն: Բայց դուք եկեք կառավարության շենք ու տեսեք, թե ինչպես են այդ հատուկջոկատայինները հսկում մեր Ձախորդ Փանոսի անվտանգությունը: Ցիրկ չի՞ սա:

Նիկոլին Էդիկ Անդրեասյանի՞ց են պաշտպանում, որ հանկարծ չասի՝ այ … տղա, էս ինչ ես անում:
Հայ, հայ, հայ, Նիկոլը ԱԽ նիստ է հրավիրել եւ դիմում է ՀԱՊԿ-ին: Վայ, միամիտներ: Լսե՞լ եք նրա դիմումը: Առաջարկում է՝ ակտիվացնել ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ խորհրդակցությունները՝ կապված սահմանային միջադեպի հետ: Ապուշություն՝ բառիս բուն իմաստով: Եղբայր, դու արդեն ունես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որտեղ հստակ ասված է, որ կազմակերպությունը ստիպված կլինի միջամտել: Դրանից հետո դու ի՞նչ խորհրդակցությունների կոչ ես անում:

Պեսկովն ասում է՝ Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել այդ հարցը կարգավորելու համար: Մարիա Զախարովան էլ պահանջում է հարցը կարգավորել դիվանագիտության ճանապարհով: Հասկացա՞ք, թե ինչ է տեղի ունենում: Տեղի է ունենում մի նոր ու ավելի զազրելի դավաճանություն. ՀՀ ԺՊ-ացած իշխանությունները, օգտվելով անիշխանության այս վիճակից, երկիրը տալիս են թուրքին, նվիրում են, ծախել, փողն առել են, հիմա էլ տարածք առ տարածք զիջում են: Ես այլ բան չեմ կարող մտածել, երբ սահմանախախտին պատժելու փոխարեն ձեւականորեն դիմում են ՀԱՊԿ-ին եւ խնդրում խորհրդակցություններ սկսել:

Ասում են՝ ադրբեջանցիները եկել են ոտքով, ճիշտ է՝ զինված, բայց չեն կրակել: Հարց՝ իսկ ինչո՞ւ պետք է կրակեին, եթե իրենց ճանապարհին խոչընդոտի չեն հանդիպել: Նրանց համար դա մի հաճելի զբոսանք է եղել դեպի ՀՀ տարածք: Լավ էլ տարածք է, կարելի է ոչխար պահել: Մի քանի գյուղացի կան, եղանով, փոցխով զինված, նրանք էլ կքաշվեն, կգնան, տարածքը կմնա թուրքին…
Արտգործնախարարին, Պնախարարի ԺՊ-ին եւ ԱԽ քարտուղարին հրամայել եմ, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների խորհրդակցություններն ակտիվացնեն: Լուրջ ե՞ք ասում: Գոնե հիշո՞ւմ եք, թե ինչ բերեցիք ՀԱՊԿ-ի գլխին ձեր իշխանության գալու առաջին օրերին: Խաչատուրովի ժամանակ թուրքը կհանդգնե՞ր Հայաստան ներխուժել: Հայաստանը՝ դեռ մի կողմ: Կհամարձակվեի՞ն պատերազմ սկսել Արցախի դեմ: 2016-ին փորձեցին, տեսանք ինչ եղավ: Եվ ո՞ւմ առաջինը դուք չեզոքացրիք… Խաչատուրովին:

Ինչո՞ւ: Ահա այս «ինչու»-ի պատասխանն է, որ ժողովուրդը տակավին չունի, բայց այլեւս ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու: 2018 թվականի ապրիլին Հայաստանում իշխանության է բերվել մի ուժ, որ հստակ հանձնարարական է ունեցել՝ «լուծել» Արցախի հարցը, Սյունիքով կապել երկու թուրքական պետությունները, սպառնալիք ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար: Եվս մեկ ամիս, եւ ՀՀ ժամանակավոր իշխանություններին կհաջողվի իրականություն դարձնել այդ ամենը: Արտահերթ ընտրությունները, որ մեր առաջ են նետել Փաշինյանն ու իր խունտան, ոչ այլ ինչ են, եթե ոչ ժամանակ շահելու միջոց: Չի կարելի այլեւս խաբվել ու խաբել ժողովրդին: Երեւի հիմա պետք է բանակն ազատել ողորմելի վաղարշակների ճիրաններից, փրկել հայրենիքը եւ, անշուշտ, դավաճանության որջի վերածված Երեւանը կրկին դարձնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք: