Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ Ադրբեջանը չեն հրաժարվել Զանգեզուրի միջանցքից

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ Ադրբեջանը չեն հրաժարվել Զանգեզուրի միջանցքից

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն է:

- Ինչո՞ւ եւ ինչպե՞ս հասանք այս կետին: Այժմ մարդիկ սպասում են, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա:

- Խորքային խնդիրները շատ են, սակայն, թե ինչու կորցրինք Արցախը, դրա պատճառը շատ պարզ է: Մենք 2020 թվականին չկռվեցինք, «մենք» ասելով՝ նկատի չունեմ ժողովրդին կամ զորքին, նկատի ունեմ քաղաքական ղեկավարությանը, այս կռվի քաղաքական իմաստը չիմանալով՝ իշխանությունները մտան այդ ամենի մեջ՝ կարծելով, թե սա ուղղակի Արցախի կռիվ է: Նրանք չգիտակցեցին, որ այս կռիվը Հայաստանի դեմ է, կռիվն ինչ-որ պահի կանգնեցրին՝ մտածելով, որ արդյունքում կարող են խաղաղություն ստանալ, մինչ հիմա էլ այդ պատրանքի մեջ են: Պարզ է, որ բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, իսկ ո՞վ այսօր խաղաղության կողմնակից չէ, բայց փաստը ցույց տվեց, որ 2020 թ․ համաձայնագրով խաղաղություն չհաստատվեց ու չի հաստատվում անգամ հիմա, երբ արդեն չկան Արցախ ու Արցախի հարց: Մինչեւ հիմա ասվում է՝ Արցախից ազատվելով՝ Հայաստանում խաղաղություն է հաստատվելու, բայց այդպես չի լինում, որովհետեւ խնդիրը չի լուծվել, խնդիրը միայն Արցախը չէ: Այսօր պետք է պատրաստվել, որ հաջորդը Հայաստանն է լինելու, ոչ թե միայն Սյունիքը, Տավուշը, Վայոց Ձորը, այլեւ ողջ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանում պատերազմի շանսերը շատ մեծ են, այնպես որ՝ կարող ենք ասել, որ պատերազմը չի էլ ավարտվել: Դու չես կարող պատերազմ հաղթել, չես կարող քաղաքական խնդիրներ լուծել, իրավիճակ փոխել, եթե չես հասկացել, թե քեզնից ինչ են ուզում, իսկ քեզնից ոչ միայն Արցախ են ուզում, այլեւ Հայաստանի անկախություն, եւ դու պետք է հասկանաս՝ ինչ գործիքներ ունես: Ես սա անվանում եմ խաղալիք-կռիվ ռուսների դեմ: Ռուսների հիմնական գործիքն ադրբեջանական բանակն է, եւ եթե դու իսկապես ուզում էիր ռեալ պաշտպանել Հայաստանի անկախությունը, ապա գոնե վերջին երեք տարվա ընթացքում պետք է պատրաստվեիր դիմադրողականություն ցուցաբերել, իսկ դրա համար պետք էր կառուցել պաշտպանության համակարգ:

- ՔՊ-ականները երեկվանից ցնծում են, որ հայկական կողմը Գրանադայում մեծ հաղթանակ է տարել, որ քննադատություններն իշխանություններին ուղղված ֆեյք մանիպուլյացիաներ են: Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս իր ուղերձում ասաց, որ Հայաստանը փորձում են դարձնել ծայրագավառ, իսկ ինքը մեր անկախության ջատագովն է:

- Արցախ էլ չկա: Ալիեւը չի գնացել Գրանադա, որպեսզի չստորագրի նոր փաստաթղթի տակ, պատճառ է բռնում Ֆրանսիային եւ այլն, եւ այլն: Իրականում, եթե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն լիներ, Ֆրանսիայի դիրքորոշումը մի կերպ կհանդուրժեր: Ադրբեջանն այսօր չի ուզում խաղաղություն, որովհետեւ Արցախն իրենն է: Այստեղ մի հարց է առաջանում. դրանից ավելի ի՞նչ է ուզում: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մենակ չի գործում, այս հարցում համագործակցում է Ռուսաստանի հետ: Ալիեւը չգնաց Գրանադա, չգնաց նաեւ Էրդողանը: Փաստացի, Հայաստանի հետ ոչ մեկը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել: Մենք գոնե այստեղից պետք է կռահենք, որ Ադրբեջանն ավելին է ուզում, քան Արցախը: Եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասում էր, որ Գրանադայից հույսեր չունի: Գուցե բառացի չէր ասում, սակայն միտքը դա էր: Ասում էր, որ Գրանադայում պայմանագիր են ստորագրելու, բայց հիմա էլ պարզվում է` Ալիեւը ներկա չէ: Այստեղից հարց է ծագում. ի՞նչ է փոխվել: Նրան, հավանաբար, հույս էին տվել, որ այս ամենից հետո Գրանադայում փաստաթուղթ կարող է ստորագրվել: Մի ժամանակ էլ իշխանություններն ասում էին` Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ եւ այլն: Դա եւս հեքիաթ էր: Նրանց բոլորին պետք էր շատ արագ Արցախում այդ գործողություններն ավարտել, որովհետեւ եթե երկար տեւեր լարվածությունը, կարող էր միջազգային ռեակցիան ավելի կոշտ լինել: Նշենք նաեւ, որ նախքան Արցախի վրա վերջին հարձակումը, ակնհայտ էր, որ Ադրբեջանը հարձակում էր նախատեսում Հայաստանի ուղղությամբ, սակայն թե ինչ տեղի ունեցավ, այդ հարձակումը մի գիշերվա ինչպես կանխվեց, դա էլ մեկ ուրիշ հարց է։ Մի բան փոխվեց…. ի՞նչ:

- Ինչի՞ մասին է լինելու նոր խաղաղության պայմանագիրը:

- Դրա կետերի մասին խոսվել է, հարցն այն է, թե ով է պատրաստվում Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Հայաստանը շատ վաղուց ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, էլ տարբերակ չի մնացել՝ ցույց տալու, հարցն այն է, որ միայն Փաշինյանն է ուզում այդ փաստաթղթի տակ ստորագրել:

- Ի՞նչ կարող է տեղի ունենալ Զանգեզուրի միջանցքի հետ կապված:

- Ադրբեջանական կողմն իր նպատակների մասին հրապարակային խոսել է: Զանգեզուրի միջանցքի մասին, եթե հաշվենք, թե միայն վերջին մեկ ամսվա ընթացքում որքան է խոսվել, օրինակ` Թուրքիայի կողմից, ապա որոշ պատասխաններ կստանանք: Ասում են, որ միջանցք կարող է բացվել Իրանով, բայց ես դրան այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ Ադրբեջանը չեն հրաժարվել Զանգեզուրի միջանցքից: Այսինքն` այստեղ ոչ մի գաղտնիք էլ չկա, ողջ հարցը մյուս միջազգային խաղացողներն են: 2024 թվականն ԱՄՆ-ի նախընտրական տարին է, պետք է հարմար պահ գտնեն, նոր օպերացիա սկսեն, այստեղ խնդիրը Հայաստանը չէ: Ֆրանսիան էլ հաճախ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, բայց Ալիեւն ասում է, որ ինքը եւս ընդունում է այն: Ֆորմալ ընդունելը մի բան է, բայց որ ուրիշ ցանկություններ ունեն, դա լրիվ այլ հարց է:

- ՌԴ նախագահը նախօրեին բավականին երկար խոսել է Հայաստանի եւ Արցախի մասին: Դրանք ի՞նչ հայտարարություններ են, ինչի՞ համար:

- Ռուսաստանի մեկ հարկանի կոմբինացիաները տեսնելով, մենք էլ ենք մտածում, որ պետք է մեկ հարկանի կոմբինացիաներ խաղանք, բայց` ոչ: Պուտինը երբեք Նիկոլ Փաշինյանին բացահայտ չի մեղադրի, հարկ եղած դեպքում կպաշտպանի: Օրինակ` վերջին ցույցերը բոլորս էլ հասկանում ենք, որ ռուսների հետ կապ ունեին, սակայն, իմ ենթադրությամբ` Ռուսաստանից ստոպ եղավ: Ռուսները ոչ թե ուզում են այստեղ իրավիճակը սրել, այլ փորձում են սադրել, որպեսզի Հայաստանում ավելի բորբոքեն հակառուսական տրամադրությունները ռուսական գործիքի` ադրբեջանական բանակի դեմ, քանի որ այստեղից ոչինչ անել չեն կարողանում։ Այս բոլոր խոսակցությունները` ՀԱՊԿ-ից դուրս գալ, ռուսական հեռուստաալիքները կանջատենք եւ այլն, Ադրբեջանի ներխուժման համար կանաչ լույս են վառում: Չեմ ցանկանում վախեցնել մեր ժողովրդին, սակայն Ադրբեջանը կարող է այս սցենարով ներխուժել Հայաստան: Դրանից հետո էլ կարող է տեղի ունենալ ռուսական «փրկության» օպերացիան:

- Իսկ հետո՞:

- Հետո Հայաստանը կարող է միութենական պայմանագիր ստորագրել: Այնպես որ՝ ռուսները կարող են սադրել Հայաստանին, իսկ Հայաստանը կարող է անգամ դա չհասկանալ: Մարգարիտա Սիմոնյանն ու մյուսները հո դեբիլ չե՞ն, որ անիմաստ խոսեն: Այդ մարդկանց խնդիրը հայ ժողովրդին ագրեսիվացնելն է: Ռուսաստանը լուրջ պետություն է, եւ իրեն հարկավոր է ալիբի, թե ինչու իրենք չպաշտպանեցին հայ ժողովրդին: Սեպտեմբերի սկզբին էլ նման մի ալիբի ստեղծեցին, թե իբրեւ Հայաստանում իշխանության են եկել արեւմտամետ ուժեր: Ալեն Սիմոնյանը լեզվակռիվ տվեց Մարիա Զախարովայի հետ, ու այդպես շարունակ: Ռուսաստանն էլ ասում է` դե այդքանից հետո ի՞նչ անենք մենք, սա հայ ժողովրդի ընտրությունն է: Այդ մասին երեկ նաեւ հայտարարեց Վլադիմիր Պուտինը: