Ի՞նչ իմաստ ունի Ամիրյան փողոցը եւ մետրոն փակելը, երբ բաց է օդանավակայանի ճանապարհը

Ի՞նչ իմաստ ունի Ամիրյան փողոցը եւ մետրոն փակելը, երբ բաց է օդանավակայանի ճանապարհը

Որքան էլ այս օրերին աշխատում ենք զերծ մնալ ընդդիմությանը «թթու» խոսք ասելուց, որպեսզի կապիտուլյանտ իշխանության ջրաղացին ջուր չլցնենք ու չհիասթափեցնենք ընդդիմադիր հասարակությանը, այնուամենայնիվ, կան բաներ, որոնց մասին լռելը հնարավոր չի: 

Երեկ Փաշինյանը Բրյուսելում նորից հանդիպեց Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հետ: Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, գրվել է: Այդ պայմանավորվածություններից անչափ գոհ են Ադրբեջանի նախագահն ու Շառլ Միշելը: Այսինքն, Փաշինյանը շարունակում է անել այն, ինչի դեմ դուրս է եկել Հայաստանի հասարակությունը. Շարունակում է Արցախի հանձնումը: Արցախցին իր հայրենիքում դառնալու է Ադրբեջանի քաղաքացի, ազգային փոքրամասնություն՝ պաշտպանված մշակութային իրավունքներով: Շարունակում է Սյունիքը «պրոխոդնոյ դվոր» դարձնելը: Ոչ մի խոսք չի գնում հայ ռազմագերիների վերադարձի մասին: Մի խոսքով, որքան էլ Հայաստանի փողոցներում արթնացնում են քնած լաոյին, գոռում են՝ «Առանց թուրքի Հայաստան», «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», իրականությունն ու փաստերն այլ են: 

Հայաստանում խաղաղ անհնազանդության ակցիաներ են ընթանում, ցուցարարները փակում են երեւանյան փողոցները, հետո գալիս են ոստիկանները ու նրանց բռնի ուժով բերման ենթարկում, ծեծում, ջարդում, հետո նորից փողոցները բացվում են, իսկ ընդդիմության առաջնորդները հպարտորեն հայտարարում են. «Մենք այսօր հասանք մեր նպատակին»: Փաստորեն, մեր նպատակն ամեն օր փողոց փակել-բացե՞լն է…Մինչդեռ,  սրան զուգահեռ, Փաշինայնը վերջին օրերին նույնպես, իր սովորական գրաֆիկի համաձայն՝ ուր ուզում՝ մեկնում է, ինչ ուզում՝ տալիս է, ինչ ուզում՝ պայմանավորվորում է…քանի որ նրա ճանապարհը բաց է, մասնավորապես՝ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը: Այս օրերին երբեւէ Փաշինյանի ճանապարհը չփակվեց, այլ՝ փակվեց աշխատանքի գնացող շարքային քաղաքացիների ճանապարհը:

Ի վերջո՝ Արցախը հանձնողը աշխատանքի գնացող կամ տուն շտապող շարքային երեւանցին չէ, որի ճանապարհը բացում-փակում ենք, այլ՝ Փաշինյանը, որի բոլոր ճանապարհները բաց են…

Հ/Գ Տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում. ինչի՞ն է սպասում ընդդիմությունը, երբ փողոցում վաղուց արդեն երթերն ու հանրահավաքները բազմահազարանոց են…