Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով 2 տարի անպտուղ քննություն է գնում 

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով 2 տարի անպտուղ քննություն է գնում 

Դեռ 2019-ին վերբացվեց հոկտեմբերի 27-ի գործը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարցաքննվել են ինչպես հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, այնպես էլ նրա հետ բանտում գտնվող եղբայրն ու մյուս երկու դատապարտյալները։ Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է մոտ մեկ տասնյակ մարդ, առայժմ, սակայն, որևէ նոր կասկածյալ չկա: Այս ընթացքում բազմաթիվ անձինք հարցաքննվել են այդ գործով, այդ թվում նաև Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված բոլոր անձինք։ Վերաբացվել է կազմակերպիչների դրդիչների մասով քրեական գործի վարույթը, սակայն, ըստ էության, ամբողջական քննության առարկա են դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները», - նշեց Գոռ Աբրահամյանը։ 

Դատախազությունից մեզ տեղեկացրին, որ հարցաքննվել է նաև 22 տարի առաջ խորհրդարանում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։ Հիշեցնենք, որ հենց նրա դիմումի հիման վրա 2019-ին վերաբացվեց գործը։ Բախշյանը դեռ ոճրագործությունից հետո էր հետամուտ, որ բացահայտվի այս ոճրագործության կազմակերպիչների դրվագը, բայց այն ժամանակ բուն գործից մաս էր անջատվել, ապա երկոր քննությունից հետո այդ մասը կարճվեց` քննությամբ ոչինչ չբացահայտվելու պատճառաբանությամբ։ 

ԱԱԾ-ում վերաբացված գործով քննություն է տարվում կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ, ասաց Գոռ Աբրահամյանը։ Հարցաքննվածների ու հարցաքննության մանրամասները դատախազությունը չի հաղորդում։ Դատախազի խորհրդականը նշեց, որ այս գործի մնացյալ մանրամասները մեզ ներկայացնել չի կարող, քանի որ այն հույժ գաղտնի է: Այն հարցին, թե կա՞ր արդյոք գործը վերաբացելու անհրաժեշտություն, քանի որ ըստ էության «սայլն» այդպես էլ տեղից չի շարժվում մոտ երկու տարի տեւող քննության ընթացքում, մեր զրուցակիցը նշեց, որ եթե չլիներ անհրաժեշտություն, դատախազը դժվար թե վերաբացեր գործը: 

Ժամանակին ասում էին` Ռոբերտ Քոչարյանն է խոչընդոտում գործի քննությանը եւ այդ ոճիրի կազմակերպիչները չբացահայտվեցին միայն այն պատճառով, որ իշխանությունը շահագրգռված չէր կազմակերպիչների բացահայտմամբ, քանի որ հնարավոր է` թելերը տանեին դեպի նախագահական: Սակայն պարզվում է, որ անգամ խոչընդոտների բացակայության պայմաններում, երբ ՀՀ գործող իշխանությունն անգամ խիստ շահագրգռված է դրա բացահայտմամբ եւ ժամանակին այս գործը քննած զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ իրենց իշխանության անդամն է եւ կարող էր իր ունեցած բոլոր փաստերը ասպարեզ հանել, կազմակերպիչների մասով բացահայտումներ չեն կատարվում:

Անահիտ Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս գործի վերաբերյալ կոնկրետ նորություններ չկան «Մենք գործի հետ կապված չունենք որևէ նորություն», - նշում է փաստաբանը: Այն հարցին, իսկ այդ դեպքում կա՞ր գործը վերաբացելու անհրաժեշտություն, եթե գործը տեղում է դոփում, մեր զրուցակիցն ընդգծեց. «Վերաբացումը տուժողի իրավունքների խախտման հիման վրա ճանաչել է տուժողի իրավունքների խախտումը: Բնականաբար գործը վերաբացելու իմաստ կար, թե հետագայում ինչ քայլեր կանի վարույթն իրականացնող մարմինը, դա էլ իր տիրույթում է: Գործը նախաքննության փուլում է, դրանով է պայմանավորված, որ հրապարակային հայտարարություններ չեն լինում, գուցե սա նախաքննության շահերից է, որովհետև հաճախ հրապարակայնությունը կարող են խանգարել գործին, քան օգնել»: