Ինչպես նշել Նոր տարին, որ հաջորդ ամիսներին ծոմ պահելու կարիք չլինի

Ինչպես նշել Նոր տարին, որ հաջորդ ամիսներին ծոմ պահելու կարիք չլինի

Նոր տարին մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է։ Բայց հենց այդ հանգամանքը, որ մենք այդքան սիրում ենք Ամանորը, վկայում է այն մասին, որ մենք տոնել, տոն ունենալու առիթը օգտագործել չենք կարողանում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տոնը մեզ համար նույնանում է կերուխումի, եփել-թափելու հետ։ Դա էլ, իհարկե, իր խորհուրդն ունի եւ մենք չենք ասում, որ ամանորյա ծեսից պետք է հրաժարվել, կամ՝ կուշտ ուտելու հնարավորությունը չօգտագործել։ Բոլորովին ոչ։ Բայց նաեւ չի կարելի տոնը վերածել կերկոխի, մի 10 կիլոգրամ չաղանալու արարողության եւ ամենակարեւորը՝ ընտանեկան բյուջեն դատարկելու միջոցառման։ Այնպես որ ստիպված լինես ողջ հունվարը, դեռ փետրվարն էլ վրադիր, ծոմ պահել, պարտքերը փակել եւ անմարդկային դիետայի վրա նստել։ 

Ուղղակի ամեն ինչ պետք է չափի մեջ լինի՝ սեղանն ու ուտելիքները բավարար, ուրախությունն ու հանդիսավորությունը՝ շռայլ։ Եւ իրար տուն այցելելու ժամանակ ու հավես պետք է գտնել, եւ հյուրեր ընդունելու, եւ պար-երգ-ուրախություն կազմակերպելու։ Տարիներ առաջ ռուսական մի գյուղում ականատես եղա, թե ինչպես են նշում տեղական մի ոչ շատ նշանակալից տոն։ Ողջ գյուղը հավաքվում է մեկի տանը, բերում են՝ ով ինչ ունի։ Մեկը խաշած կարտոֆիլ, մյուսը՝ սրսուռ թթու, երրորդը՝ տնական կարկանդակներ, չորրորդը՝ կորկոտից ինչ որ կերակուր։ Եւ սկսվում է անզուսպ ուրախությունը։ Չաստուշկաներ են երգում, պարում, ակորդեոն նվագում, անեկդոտներ պատմում։ Իհարկե, երբեմն այդ խնջույքները հարբած մարդկանց կռիվներով են ավարտվում, բայց եթե կանայք աչալուրջ են՝ հարբածներին մեկուսացնում են ճիշտ ժամանակին եւ միջադեպեր չեն գրանցվում։ 
Մենք այսպես ուրախանալ չենք կարողանում, տոնը տոն սարքել քչերն են կարողանում։ Բայց Ամանորը հենց նման հրաշքներ կազմակերպելու ժամանակն է՝ փորձեք եւ կստացվի։

Անի Մկրտչյան