Դոնալդ Թրամփ. «Ես բունկեր գնացողը չեմ» 

Դոնալդ Թրամփ. «Ես բունկեր գնացողը չեմ» 

Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնում այնպիսի շոուներ է տալիս, որ ավելորդ է դարձրել Երեւանի կրկեսի վերաբացումը, ավելի հետաքրքիր արարածների է նշանակում պետական պաշտոններում, քան կրկեսների հայտագրերում կարելի է հանդիպել (վկա՝ երեկվա նշանակումները), իսկ կորոնավիրուսից մեկ շաբաթում ապաքինվելու հրաշագործությամբ մթագնում է աբսուրդի գրականության հեղինակություններին: Այդուհանդերձ, Փաշինյանը միակ ծաղրածուն չէ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների թվում, որոնց կարելի է դիտել ու զվարճանալ: 

Հասկանում եմ` պետությանը լուրջ վերաբերվողները կառարկեն, թե Փաշինյան երեւույթը վարչապետի աթոռին սեւ հումոր չէ, որ զվարճանաս, դա «իրական ողբերգություն է` կործանարար հետեւանքներով» եւ այլն, եւ այլն… բայց, ինչպես անգլերենում են ասում` take it easy (թարգմանաբար` թեթեւ տարեք…): Համոզվելու համար, որ Փաշինյանի կարգի խեղկատակներ վիճակվում են նաեւ ուրիշ պետությունների, բավական է հայացքը դարձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Մանավանդ վերջին շաբաթում նրա մտահղացած հիմարություններին ողջ աշխարհն էր հետեւում:

Թրամփի ներկա թատերաշրջանը, որ նշանավորվեց ԱՄՆ քաղաքներ զորք մտցնելու սպառնալիքով եւ գեներալիտետի` պատասխան հակահարվածներով, սկսվեց Թրամփից անկախ: Ինչպես բոլորը գիտեն, Մինաեպոլիս քաղաքում, շուրջ 2 շաբաթ առաջ, անհասկանալի պատճառներով, ոստիկանության մի սպա ձեռնաշղթաներ անցկացրած սեւամորթ մի տղամարդու, որը դիմադրում էր ոստիկանական բաժանմունք տեղափոխվելուն, պառկեցրել էր ասֆալտին եւ ծնկով այնքան երկար սեղմել վզին եւ գլխի ետնամասին, որ սեւամորթ տղամարդը (ում անունը շուտով սովորեց ողջ աշխարհը` Ջորջ Ֆլոյդ) ոչ միայն դիմադրելու կարողությունը եւ գիտակցությունն էր կորցրել, այլեւ «չեմ կարողանում շնչել, չեմ կարողանում շնչել…» բառերն արտասանելով՝ ի վերջո մահացել էր: 8-9 րոպե տեւած այդ բարբարոսության տեսանյութերը համացանցում կան, ինքս, իհարկե, չեմ դիտել, բայց ով մահվան տեսարաններ դիտելուց չի խուսափում, կարող է դիտել:

Ինչեւէ, կատարվածը վայրագություն էր եւ, ինքնաբերաբար, բողոքի ալիք բարձրացրեց նախ Մինեապոլիսում, ապա՝ ԱՄՆ մյուս քաղաքներում, բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան, որոնց մասնակիցները պահանջում էին դիտավորյալ սպանության մեղադրանք առաջադրել հանցագործությունը կատարած սպային եւ նրա հետ հանցագործության վայրում գտնված, բայց մարդասպանությունը չկանխած, դեպքերի ընթացքին չմիջամտած երեք այլ ոստիկաններին: Ի վերջո, ոչ թե ցուցարարների պահանջներին տեղի տալով, այլ առկա տեսանյութերի, ձեռք բերված ապացույցների հիման վրա բոլոր չորս ոստիկաններին էլ մեղադրանքներ առաջադրվեցին: Թե որքանով կհաջողվի մեղադրանքները պաշտպանել դատարանում, ժամանակը ցույց կտա:
Կատարվածը, իհարկե, խորապես ցավալի եւ դատապարտելի երեւույթ է, երբ ոստիկանը մարդուն պաշտպանելու փոխարեն առանց մի պատճառի սպանում է նրան, բայց ԱՄՆ-ում ողբերգական միջադեպն առանձնակի ծանր ընդունեցին, քանի որ ամեն ինչ դիտեցին ռասիզմի պրիզմայով, համարեցին, որ Ֆլոյդի սպանությունը ռասայական խտրականության հերթական դրսեւորում էր: Համարյա այդտեղից էլ սկսվեց Թրամփի ներկա, ամերիկյան քաղաքներ զորք մտցնելու սպառնալիքներով ներկայացումը: 

Տեսնելով, որ երկրի տասնյակ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցերի` պահանջելով հավասարություն սեւամորթների համար եւ արդարադատություն Ֆլոյդի սպանությունը կատարածների հանդեպ, Թրամփը փոխարեն ցուցարարներին, առհասարակ՝ ժողովրդին դիմելու, կատարվածի համար ցավ եւ ափսոսանք հայտնելու, մեղավորներին պատժելու խոստումներ տալու, ռասայական խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հանձնառություններ վերցնելու, իրեն մի քանի օր խուլուհամրի տեղ դրեց, կարծես չի տեսնում, թե ինչ է կատարվում երկրում: Բայց մի քանի օրվա ցույցերից հետո, երբ մամուլում տեղեկություն տարածվեց, որ մայիսի վերջին ուրբաթ օրը Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ կնոջը` Մելանյային, եւ որդուն` Բարոնին, անվտանգության ծառայությունը տեղափոխել է ստորգետնյա ապաստարան` Սպիտակ տունը շրջապատած ցուցարարների հնարավոր ագրեսիվ գործողություններից պաշտպանելու համար, Թրամփը կորցրեց իրեն: 

Երեւի, առհասարակ, Թրամփը դժգոհ էր եղել, որ ինչ-որ ցուցարարների պատճառով ինքն ապաստարան էր տեղափոխվել, բայց այդ նվաստացմանը գուցե մի կերպ դիմանար, եթե ողջ աշխարհին դա հայտնի չդառնար: Նրանից հետո, երբ մամուլը հայտնեց թաքստոց տեղափոխվելու պատմությունը, սկզբում Թրամփն աղաղակեց, թե մամուլը ստում է. ես բունկեր գնացողը չեմ: Հետո, երբ անվտանգության ծառայությունից լուրը հաստատեցին, այս անգամ էլ Թրամփի մամուլի քարտուղարը հիմարությամբ փայլատակեց` հայտարարելով, թե՝ այո, նախագահ Թրամփը գնացել էր ապաստարան, բայց գնացել էր այնտեղ ստուգայցի, ինչպես Չերչիլը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Պատկերացնել կարելի է, թե նման հիմարությունից բոլորն ինչպես զվարճացան, երեկոյան երգիծական շոուները մտքի նման թռիչքը որքան ծաղրեցին… Այնպես, որ Թրամփը համբերությունը լիովին կորցրեց եւ որոշեց ցույց տալ, թե ինքն իրականում ով է:

Մանավանդ, ցույցերի ընթացքում էլ անկարգությունները սկսեցին հաճախանալ, ինչ-որ անձինք, խմբեր ակնհայտ ցուցափեղկեր էին կոտրում, թալանով զբաղվում, հրդեհներ սարքում, միով բանիվ, ինչպես Թրամփը ձեւակերպեց՝ «ոտնահարում էին կարգուկանոնը եւ փչացնում այլոց սեփականությունը»: Թրամփին թվաց, թե դա հարմար առիթ է՝ ուժի ցուցադրության համար, եւ սկսեց նահանգապետերից պահանջել ազգային գվարդիայի զորամիավորումներ մտցնել քաղաքներ: Հետո չհամբերեց, մինչեւ նահանգապետերը որոշեն՝ ազգային գվարդիա ներգրավել, թե ոչ, 1807-ին ընդունված, թե այդ թվականին վերջին անգամ կիրառված մի օրենք պեղեց-հանեց, The Insurrection Act, որը ֆեդերալ իշխանությանը թույլատրում է ամերիկյան զորքը ներգրավել ԱՄՆ տարածքում իրականացվող ուժային գործողություններում: Հենվելով 1807 թվականի այդ օրենքի վրա՝ Թրամփը նախ հայտարարեց, որ եթե նահանգապետերը հապաղեն, ինքը զորք կկիրառի ցուցարարների դեմ, ապա, որպես իր հաստատակամության եւ վճռականության գրավական, զինվորական զորամիավորումներին կարգադրեց ցուցարարներից մաքրել Սպիտակ տնից մինչեւ մի փողոց այն կողմ գտնվող St. John’s Episcopal Church կոչվող եկեղեցին ընկած տարածքը, իր վարչակազմից մի քանի հոգու հետ քայլեց մինչեւ եկեղեցի, բայց ո՛չ ներս մտավ սրբավայր, ո՛չ էլ գոնե աղոթեց, այլ Աստվածաշունչը ձեռքին՝ եկեղեցու խորքի վրա մի քանի անգամ անխոս նկարվեց: 

Բնականաբար, հիմա էլ բոլորը սկսեցին այդ հիմարությունը ծաղրել` էլ ավելի բարկացնելով Թրամփին: Վերջինս նորից սկսեց աղաղակել, Tweeter-ում փոթորիկներ բարձրացնել, բոց ու կայծ արձակել, թե ինքը զորք կմտցնի ԱՄՆ փողոցներ, մինչեւ այս անգամ ընդդիմացան եւ ձայները բարձրացրին ոչ միայն ֆեդերալ զորքերի մուտքն իրենց նահանգ արգելել սպառնացող նահանգապետերը, այլեւ ԱՄՆ գեներալիտետը` Թրամփի առաջին պաշտպանության քարտուղար, չորսաստղանի գեներալ Ջեյմս Մատիսից մինչեւ ներկա քարտուղար Մարկ Էսպեր, ներքին գործերի քարտուղար, այնուհետ՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիից մինչեւ ԱՄՆ գլխավոր շտաբի, ՆԱՏՕ-ի զորքերի նախկին հրամանատարներ: Խոսեցին նախկին նախագահներ Ջորջ Բուշը եւ Բարաք Օբաման, ինքնաբերաբար՝ 2020-ի նախագահական հավակնորդ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը` եւս մեկ անգամ ցույց տալով ամերիկյան պետության ուժը. նույնիսկ, երբ խեղկատակը հայտնվում է նախագահի աթոռին, երկրում բազմաթիվ ազնիվ եւ համարձակ մարդիկ կանգնում են նրա խելագար մղումներն իրագործելու ճանապարհին:Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում էլ պետության այդ որակին հասած լինեինք, գուցե այդ ժամանակ ո՛չ երկրում արյուն կհեղվեր, ո՛չ էլ Հայաստանը ոմանք կրկեսի վերածած կլինեին: Թեեւ՝ շատ չդժգոհենք, գոնե ՍԴ արժանապատիվ անդամներ ունենք։