Խոսնակների ժամանակը
Վերջին տարիներին՝ հատկապես հետիշխանափոխական շրջանում, հայ քաղաքական-հասարակական կյանքում նկատելիորեն մեծացել է մամուլի խոսնակի՝ որպես առանձին ինստիտուտի դերը։ «Ինստիտուտ» բառը որոշ հեգնական շեշտադրմամբ եմ գրում, որովհետեւ այս համեստ պաշտոն-պարտականությունը այն կրողների ջանքերով եւ վերադաս պարոնների կամ տիկնանց թողտվությամբ համարյա վերաճել է քաղաքական պաշտոնի։ Մամուլի խոսնակները սկսել են կատարել իրենց շեֆերի իրավական-քաղաքական գծով տեղակալ-քարտուղարների պարտականություններ՝ հանրային կարիքների համար տեղեկատվության պարզ փոխանցողից վերածվելով քաղաքական «դեմքերի»։
Որ խոսնակության ինստիտուտը Հայաստանում բուռն ծաղկման փուլ է թեւակոխել, կարելի է հավաստիանալ հենց միայն այն իրողությունից, որ այսօր յուրաքանչյուր իրեն հարգող կազմակերպություն (պետական, համայնքային, քաղաքական, հասարակական, առեւտրային, բարեգործական եւն)՝ բաղկացած առնվազն 2 աշխատողից, անկախ գործունեության ընգրկումից ու ծավալից, ունի իր մամուլի խոսնակը։ Հայ խոսնակությունը բովանդակային եւ կազմակերպական գրեթե բոլոր առանձնահատկություններով, բնականաբար, համերաշխվում է համաշխարհային խոսնակության ինստիտուտի հետ՝ նրանից ընդօրինակելով նորարարական մեթոդներ ու դրսեւորման արդիական եղանակներ։ Բայց հայ խոսնակությունը, ինչպես եւ ակնկալվում էր, ունի նաեւ իրեն բնորոշ ազգային «գծեր»։
Դրանցից մեկն այն է, որ մերոնք շատ արագ են սերտաճում այն պաշտոնյաների հետ, որոնց խոսնակությանը կոչված են․ ահա թե ինչու որեւէ պաշտոնյայի հասցեին ասված թթու խոսքը մինչեւ հոգու խորքը վիրավորում է նա՛խ խոսնակներին, եւ հաճախ հենց նրա՛նք են հայտնվում միջպետական, միջգերատեսչական, քաղաքական եւ իրավական կռիվների կիզակետում։ Ակնհայտ է նաեւ, որ հայ խոսնակները, գրեթե առանց բացառության (կամ որպես կանոն), իրենց տերերի մտավոր եւ բարոյական թիկնապահներն են, եւ նրանց գործը տերերի իրավա-քաղաքա-բարոյա-տեղեկատվական պաշտպանությունն է բոլոր թույլատրված եւ անթույլատրելի միջոցներով։
Ի դեպ, չմոռանամ․ հայ իրականությունում կան նաեւ չխոսկան խոսնակներ, որոնց այդ հատկանիշը, որքան էլ տարօրինակ է, հաճախ դրական է բնութագրում նրանց։ Նրանք ուշ-ուշ են հրապարակ իջնում, որովհետեւ աշխատում են ուժեղ տերերի ենթակայությամբ, ովքեր իրենց թույլ չեն տալիս հարկավոր պահին «փակվել»-պաշտպանվել խոսնակով (մեծ մասամբ՝ իգական սեռի)․ այդ պաշտոնյաները բավականաչափ ուժ եւ պատվախնդրություն ունեն, որ դա անեն ինքնուրույն։ Այսու՝ կարելի է այսպիսի դիտարկում անել․ որքան ակտիվ ու «մեծաբերան» է խոսնակը, այնքան թույլ է նրա աշխատանքային վերադասը, եւ ընդհակառակը։
Որպես ասվածի թարմ օրինակ՝ կարելի է հիշել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարի միջեւ օրերս ֆեյսբուքյան տիրույթում ծավալված «փոխհրաձգությունը»։ Պատասխանելով Վահան Արծրունու ֆեյսբուքյան մի գրառմանը («Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան), ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով եւ բժշկական միջոցներով, ԴԱՏԱՐԿ է եղել եւ չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել եւ բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային եւ մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաեւ՝ բուժհաստատությունների։
Ո՞վ է սրա պատասխանը տալու»)՝ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը գերատեսչական գոռոզամտությամբ շեշտադրում է Վ․ Արծրունու․․․ երգահան լինելու հանգամանքը («Ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման»), եւ դա այն դեպքում, երբ վերջինս ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է (ի դեպ, պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների շրջանում, թերեւս, ամենաընդունվածը եւ ամենաադեկվատը)։ Նախարարի մամուլի խոսնակը, միտումնավոր «չհիշելով» Արծրունու պաշտոնը, ակնհայտորեն նսեմացնում է այն, դրանով իսկ՝ նաեւ խոսքի լրջությունը, որով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն իր մտահոգություններն է արտահայտել։ Այլ կերպ ասած՝ «պաշտոնազրկելով» մարդուն՝ թուլացնում է նրա հրապարակային խոսքի նշանակությունը, անխուսափելի բացասական արձագանքները, քանի որ վերոբերյալ խոսքը հնչել է իշխանությունների այն հայտարարություններից հետո, թե կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժման համար հիվանդանոցներում այլեւս տեղ չկա։ Նախարարի մամուլի խոսնակի գրառումը, ի դեպ, կառուցված է խոսնակային «մարտարվեստի» դասական կանոններով՝ նաեւ բառամթերքը նկատի ունեցած․ վերջինս Վ․ Արծրունու գրառումը համարում է կորոնավիրուսի դեմ հերոսական պայքարի ելած եւ «հիվանդանոցներում տեղ չկա» կեղծիքը հրապարակած նախարարին արված․․․ подножка:
Իսկ հիմա՝ հայկական խոսնակության է՛լ ավելի վառ մի «գծի» մասին։ Խոսնակության ինստիտուտի պատմությունը մեր իրականությունում տալիս է նաեւ այնպիսի մետամորֆոզներ, երբ խոսնակը վերադասի նկատմամբ անմնացորդ նվիրումի էքստազի մեջ ոչ միայն սերտաճում է նրա հետ, այլեւ իրեն հենց օժտում է վերջինիս լիազորություններով ու պարտականություններով։ Այդ պարագայում է, որ բարձր պաշտոնյան, ի դեմս իր մամուլի խոսնակի, կ ր կ ն ա կ վ ու մ է, եւ մեր երկրի նույն պետական կառույցում հայտնվում է, դիցուք, երկու «պետ», նույն նախարարությունում՝ երկու «նախարար»։ Ի դեպ, կ ր կ ն ա կ մ ա ն այս երեւույթը կարելի է համարել խոսնակության ազգային տրանսֆորմացիայի մի դրսեւորում, որը միջազգային «արտահանման» առարկա կարող է դառնալ։ Մանավանդ որ, ինչպես վերջին քաղաքական զարգացումներն են հուշում, պաշտոնի կ ր կ ն ա կ մ ա ն հայկական մոդելը սկսել է գործադրվել ավելի ու ավելի բարձր ինստանցիաներում, եւ ամենեւին չի բացառվում, որ շուտով մենք կառնչվենք երկու «վարչապետի» ֆենոմենի հետ։
ՀՀ վարչապետի խոսնակի վերջին հրապարակային քաղաքական գրառումները դրանում չկասկածելու հիմքեր արդեն նախապատրաստել են։
Կարծիքներ