«Հրապարակ». Հնարավոր է՝ Վրեժ Մարկոսյանը ստիպված է ընդունել մեղքը

«Հրապարակ». Հնարավոր է՝ Վրեժ Մարկոսյանը ստիպված է ընդունել մեղքը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով անցնող «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական դատավճիռ է կայացրել։ Բանն այն է, որ օգոստոսին դատավոր Մնացական Մարտիրոսյանն Աղվան Հովսեփյանի քրեական գործից անջատել էր Վրեժ Մարկոսյանի մասը եւ ուղարկել առանձին քննության։ Մարկոսյանը շաբաթներ առաջ տեղի ունեցած դատական նիստին անսպասելի հայտարարություն է արել՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելով եւ միջնորդելով կիրառել համաձայնեցման վարույթ: Դատարանն ամբաստանյալի այդ միջնորդությունը բավարարել է:

Նշենք, որ Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թ. ապրիլի 10-ին Աղվան Հովսեփյանի դրդմամբ վատնել է Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երեւան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով, առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը: Հիշեցնենք, որ այս գործով գլխավոր մեղադրյալն Աղվան Հովսեփյանն է, ով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման եւ այլ ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է մեղադրյալ ներգրավվել։ Դատավոր Մելիքսեթյանը, հաշվի առնելով, որ Մարկոսյանը 72 տարեկան է, համաձայնեցման վարույթ է կիրառել եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս, ու ազատել պատժից՝ կիրառելով «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100 ամյակի կապակցությամբ համաներումը»։

Հետաքրքիր է, որ Աղվան Հովսեփյանի եւ Վրեժ Մարկոսյանի արարքները փոխկապված են, սակայն դատարանը Մարկոսյանի մասն անջատել է գործից։ Մեզ հետ զրույցում Աղվան Հովսեփյանի պաշտպան Աննա Մանթաշյանը նշեց․ «Այդ որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Մարկոսյանն իր պաշտպանի միջոցով միջնորդեց, որ մաս անջատվի Հովսեփյանի գործից եւ առանձին վարույթով քննվի՝ հաշվի առնելով այն, որ Աղվան Հովսեփյանը հիվանդ է, եւ նիստերը տեղի չեն ունենում, ու փորձաքննություն է նշանակված։ Իհարկե, մենք դեմ արտահայտվեցինք՝ պատճառաբանելով, որ եթե արարքը փոխկապակցված է, ապա չի կարող գործն առանձին քննվել։ Բայց, ինչպես միշտ, Մնացական Մարտիրոսյանից այլ բան չէինք էլ սպասում։ Ավելին ասեմ՝ դեռ դատական նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ ինքը պետք է քննի, սակայն մենք աղմուկ բարձրացրինք, եւ դատարանի նախագահը գործը մակագրեց այլ դատավորի։ Վրեժ Մարկոսյանի գործով գնացել են համաձայնեցված վարույթի, այսինքն՝ նա ընդունել է մեղքը, եւ մեղքն ընդունելով հանդերձ՝ որեւէ ապացույց չի հետազոտվում։ Դատախազի հետ համաձայնության են եկել պատժի մասով, ինչը նախատեսված է Քրեական դատավարության նոր օրենսգրքով, առաջվա արագացված դատաքննությունը կերպարանափոխված տեսքով վերածել են համաձայնության վարույթի»։

- Եթե Վրեժ Մարկոսյանն ընդունել է մեղքը, ստացվում է, որ հաստատում է մեղադրանքը, որ Հովսեփյանն իրեն դրդել է վատնում կատարել։

- Այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ուղղորդվել են դատարանը եւ մեղադրանքի կողմը, ես առավել քան համոզված եմ, որ նրանք համաձայնության են եկել, թե չէ այլ բան չեմ կարող դրան վերագրել։ Դա շատ արագ տեղի ունեցավ, ինչը խոսում է այն մասին, որ նախօրոք պայմանավորվածություն կար՝ գնալ այդ քայլին։

- Հնարավո՞ր է, որ Մարկոսյանին ճնշել են կամ այլ միջոցով ստիպել  մեղադրանքն ընդունել։

- Հիմա Հովսեփյանի գործը գնացել է Հակակոռուպցիոն դատարան, այնտեղ տեղի է ունենալու ընդհանուր դատաքննություն, բնականաբար, մենք դեմ ենք համաձայնեցված վարույթին, դատաքննության ընթացքում կհետազոտվեն բոլոր ապացույցները, այդ թվում՝ Վրեժ Մարկոսյանի ցուցմունքը, եւ նա պետք է գա դատարան՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով, բայց դատապարտված ամբաստանյալի իրավունքներով։

- Նրանց միջեւ առերեսում եղե՞լ է։

- Ոչ, քրեական գործով ոչ մի առերեսում չի եղել, այնքան բան կա այդ գործում բաց․․․․ Հիմա դատաքննության փուլում մենք իրավունք ունենք հարցեր տալու։

- Վրեժ Մարկոսյանը նախաքննության ժամանակ ինչպիսի՞ ցուցմունք է տվել։

- Քանի որ բոլորս գիտենք, որ նա վատառողջ է, իր բուժումը ստանում է հանրապետությունից դուրս, նրա բոլոր տեղաշարժերը սահմանափակել էին, հաշիվների վրա կալանք էին դրել, երբ այդ ամենը սահմանափակում են, ապա տպավորություն է, որ ստիպված՝ այդ քայլին է գնում։ Ինքը երբ հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից կալանքն է հանվել, տեղաշարժերի սահմանափակումն է հանվել, սա խոսում է, չէ՞, ինչ-որ բանի մասին։ Մարկոսյանը սկզբնական նախաքննական ցուցմունքում ասել է, որ Հովսեփյանն այդտեղ ոչ մի կապ չունի։

- Մարկոսյանի դատավճիռն ազդեցություն կարո՞ղ է ունենալ Ձեր պաշտպանյալի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։

- Ընդամենը կարող են դնել հիմքում` որպես ապացույց, դատարանը որպես ապացույց գնահատի, ասի՝ ում հետ ինքը գործարքի է գնացել, այդ անձը մեղքն ընդունել է, որի վերաբերյալ կա դատական ակտ։

- Հակակոռուպցիոն դատարանում գործը քննվելու է զրոյի՞ց։

- Այո, զրոյից սկսելու ենք։