«Հրապարակ». Նման մի «քարտեզ» ես տեսել եմ, որը քարտեզ անվանելը սխալ է, դա ադրբեջանական երազանքն արտացոլող նկար է

«Հրապարակ». Նման մի «քարտեզ» ես տեսել եմ, որը քարտեզ անվանելը սխալ է, դա ադրբեջանական երազանքն արտացոլող նկար է

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը, հղում անելով իր «հավաստի աղբյուրներին», երեկ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որով ներկայացնում էր խաղաղության դիմաց Ադրբեջանի՝ Հայաստանին ուղղված պահանջները։ Ըստ հավաստի աղբյուրի, որը, ամենայն հավանականությամբ, հենց Նիկոլ Փաշինյանն է, պահանջները հինգն են․ «ԼՂ պաշտպանության բանակի լուծարում, ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով։ Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականների քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը): Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով»:

Կարող ենք համարել, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է առաջին պահանջը եւ փաստացի դեմ չէ նաեւ երկրորդ պահանջը կատարելուն, ինչի մասին են վկայում վերջին շրջանում եւ իր հարցազրույցում հնչեցրած որոշ հայտարարություններ` առ այն, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքը պատրաստ է առանց Արցախի հարցի ներառման ստորագրել փաստաթուղթը։

Ներկայացված պահանջներում, սակայն, առանցքային է, թե որ քարտեզներով է Ադրբեջանը պահանջում իրականացնել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը, որը փաստացի դոփում է տեղում, չնայած այս հարցով հանձնաժողով է ձեւավորվել, երկու անգամ հանձնաժողովների կազմերը հանդիպել են, սակայն, փաստացի, գործընթացում տեղաշարժ չկա։
Քարտեզագետների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ Ադրբեջանը մեզ դեմ է տվել վատագույն տարբերակը, քանի որ 19-20 թթ․ պաշտոնական քարտեզներ գոյություն չունեն, իսկ գոյություն ունեցող տարբերակները բացառապես արտահայտում են Ադրբեջանի երազանքները։ 

Գեոդեզիստ-քարտեզագիր Շահեն Շահինյանն ասում է, որ այդ տարեթվերի տեղագրական-ռազմական քարտեզներ, հանրապետությունների միջեւ ստորագրված պաշտոնական քարտեզներ գոյություն չունեն, Ադրբեջանն ինքն է իր համար մի քանի այդպիսի քարտեզ նկարել, ուստի նման պահանջ ներկայացնելով՝ գնում է կեղտոտ մանիպուլյացիայի, քանի որ փորձելու են նշված թվականներին ստեղծած կեղծ քարտեզներով իրականացնել իրենց ցանկությունները։ «Իրենք այդ կեղծ քարտեզները ժամանակին ներկայացրել են Ազգերի լիգա եւ մերժում ստացել։ Այդ, այսպես կոչված, քարտեզները ստեղծվել են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարիներին, եւ իրենք իրենց մեջ պարունակում եմ բավականին մեծ պրետենզիաներ, մեծ պահանջներ են պարունակում։ Օրինակ, նման մի քարտեզ ես տեսել եմ, որը քարտեզ անվանելը սխալ է, դա ավելի շուտ նկար է, համաձայն այդ նկարի՝ Սյունիքի մարզը, այսինքն՝ նախկին ռուսական կայսրության կազմում գտնվող Զանգեզուրն ամբողջությամբ, Նախիջեւանը, լեռնային եւ դաշտային Արցախը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Ահա, սա է իրենց պահանջը կամ, ավելի շուտ՝ երազանքը»,- ասում է Շահինյանը եւ շեշտում, որ գուցե գոյություն ունենան ռուսական կայսրության այն ժամանակվա վարչատարածքային բաժանման մասին քարտեզներ, բայց ո՛չ հանրապետությունների միջեւ ստորագրված լեգիտիմ քարտեզներ, որոնք, ըստ քարտեզագետի, չեն կարող սահմանազատման եւ սահմանագծման համար իրավական հիմք հանդիսանալ: Բայց քանի որ Հայաստանը թույլ կողմ է, ուստի փորձ է արվում ցանկացած բան պարտադրել։

Քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանն էլ նկատում է, որ 1919-20 թվականների «քարտեզներում» անկլավներ գոյություն չունեն, կա տարբերակ, որտեղ Նախիջեւանը Հայաստանի սահմաններում է գտնվում․ «Բայց, կրկնում եմ, այս քարտեզները չեն կարող հիմք դառնալ, որովհետեւ 19-20 թվականների սահմանները գոյություն չունեն, Ադրբեջանը 1969-1970 թթ․ է վավերացրել խորհրդային սահմանները, այդ նույն սահմաններով անկախ Ադրբեջանը ստեղծվել է 1991 թվականին։ Իսկ 19-20 թվականներին նկարած քարտեզներ կարող եմ ցույց տալ, որ իրենք ասում են՝ ամենն իրենցն է․ Զանգեզուրը, Սեւանը, ամենը, բայց փաստ է, որ օրինական քարտեզ գոյություն չունի։ Գիտեք՝ այդ տրամաբանությամբ մենք էլ կարող ենք Մասիս սարը գծել այդ թվականների քարտեզի վրա, գնալ ասել, որ սա մերն է եղել։ Այդ թվականներին մոտ օրինական քարտեզը 1926 թվականին հրապարակված Ադրբեջանի եւ սովետական հանրապետությունների քարտեզն է»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու համար կողմերը պետք է վերադառնան սովետական քարտեզներին, 20 թվականի նոյեմբեր․ «Հետ գնան, նոյեմբերի 9-ին ինչ որ ստորագրել են, որ պետք է բոլորը վերադառնան իրենց սահմանների վրա, այ, այդ կետին պետք է վերադառնան: Եթե ոչ, ապա իրավունք չունեն մեզ պահանջներ ներկայացնել։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ գրավես մի երկրի տարածք, հետո սահմանագծումով վավերացնես, թե սրանք իմն են»։