Ալիեւից քշվածները

Ալիեւից քշվածները


Ադրբեջանում ավարտվել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածուների գրանցումը: Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ գործող Միլլի մեջլիսի մի խումբ պատգամավորներ չեն մասնակցի ընտրություններին: Դրանց թվում են սոցիալ-դեմոկրատական եւ սոցիալական բարօրության կուսակցության առաջնորդներ Արազ Ալիզադեն եւ Խանհուսեյն Կասիմլին: Ապագա խորհրդարանում ներկայացված չեն լինի նաեւ ժողովրդական երգչուհիներ Զեյնաբ Խանլարովան եւ Ֆլորա Քերիմովան, լրագրող, Հեյդար Ալիեւի բազմահատորանոց կենսապատումի հեղինակ Էլմիրա Ախունդովան: Պատգամավորի թեկնածու չի առաջադրվել նաեւ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գովհար Բախշալիեւան: Նույն ճակատագրին է արժանացել նախագահի աշխատակազմում տեղեկատվական անվտանգության հարցերով երկարամյա պատասխանատու Այտեն Մուստաֆազադեն:

Ներկայիս խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության 18 պատգամավորներ նույնպես թեկնածու չեն առաջադրվել, այդ թվում՝ Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան: ԿԸՀ նախագահ Մազահր Փանահովը խոստացել է մոտ օրերս հրապարակել գրանցված թեկնածուների անունները: Առայժմ հայտնի է, որ առաջադրվել է 384 թեկնածու: Նրանց թվում է ընդդիմադիր ,,Մուսավաթ,, կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արիֆօղլուն, որը փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց առաջ ստորագրահավաք է կազմակերպել Բաքվի կենտրոնում եւ ստացել հազարավոր մարդկանց աջակցությունը: Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 9-ին:

Եվրախորհրդարանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ դիտորդական առաքելություն չի իրականացնի: Ավելի վաղ եվրոպական կառույցներից Ալիեւին հորդորել էին բարեփոխել ընտրական օրենսգիրքը եւ կազմավորել նոր ԿԸՀ: Այդ առաջարկություններն Ադրբեջանը մերժել է: ,,Թուրան,, գործակալության գնահատմամբ՝ Ալիեւի ,,վերեւից հեղափոխությունը ժողովրդավարության ծաղրանմանություն է,,: Կարծես թե չեն իրականանալու նաեւ այն հույսերը, որ նոր խորհրդարանի ընտրությամբ ,,սկսվում է իշխանությունը Մեհրիբան Ալիեւային փոխանցելու գործընթաց,,: Իլհամ Ալիեւը կայացրել է կոսմետիկ փոփոխություններով իշխանությունը երկարաձգելու որոշում: ,,Ազերթաջ,, պետական գործակալությունը հրապարակել է Ալիեւի աշխատակազմի նախկին ղեկավար, ԳԱԱ նախագահ Ռամիզ Մեհթիեւի հոդվածը՝ ,,Նախագահ հորից՝ նախագահ որդուն,, խորհրդանշական վերնագրով: Ակնկալվում է, որ իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավորի թեկնածու կառաջադրվի կրտսեր Հեյդար Ալիեւը: Անցյալ տարի կատարված օրենսդրական փոփոխությունը թույլ է տալիս, որ խորհրդարանի պատգամավոր ընտրվի 20 տարին լրացած յուրաքանչյուր ոք: Կրտսեր Հեյդար Ալիեւը վերջերս է ավարտել զինվորական ծառայությունը եւ շարունակում է ուսումնառությունը դիվանագիտական ակադեմիայում: