Երբ 1 տղամարդը 4-5 հոգու հետ կռվում է՝ մարդիկ ուզում են նման մարդուն օգնել

Երբ 1 տղամարդը 4-5 հոգու հետ կռվում է՝ մարդիկ ուզում են նման մարդուն օգնել

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ Աժ-ում հայտարարել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ոչ մահաբեր զենքերով աջակցելու հնարավորությունը։ Իր հերթին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե դը Կոնտինյեն իր X հարթակի էջում գրառում է կատարել այն մասին, որ Հայաստանը Ֆրանսիայից այնպիսի զինտեխնիկա է կարողանում ստանալ, որը չեն կարողանում ստանալ մյուսները։ Այս երկու բավականին ուշագրավ և հետաքրքիր հայտարարությունների մասին «Հրապարակը» զրուցեց ռազմա-քաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի հետ։

-Եվրամիությունը պատրաստ է դիտարկել Հայաստանին ոչ մահաբեր զենքեր տրամադրելու հավանականությունը։ Որքանո՞վ են մեզ համար արդյունավետ լինելու ոչ մահաբեր զենքերը։ Ինչ է դա նշանակում:

-Ոչ մահաբեր զենք հասկացությունը ենթադրում եմ ուղղակի անհաջող արտահայտություն է արվել, միգուցե թարգմանության խնդիր կա կամ մի այլ բան, որովհետև զենքն իր բնույթով մահաբեր է և ոչ մահաբեր զենք ասելով` կարելի է խոսել ինչ-որ ոստիկանական ուժերի հետ կապված՝ արցունքաբեր գազ, մահակ և այլն։ Ինձ թվում է այստեղ կամ անհաջող արտահայտություն է արվել կամ էլ անհաջող թարգմանություն է եղել։ Ենթադրում եմ, որ փորձում են ասել, որ զենքերով օգնում են։ Էականն այն է, թե Եվրոպան ինչքանո՞վ կկարողանա մեզ օգնել։ Խնդիրն այն է, որ արևմտյան զենքերն իրոք լավն են, բայց հարցն այստեղ այն է, թե քանակով, չափով կկարողանան Հայաստան հասնե՞լ: Թե ֆիզիկապես, թե լոգիստիկ խնդիրները հաշվի առնելով։ Գաղտնիք չի, ու Ուկրաինայում զենքի հետ մեծ կապված խնդիր ունի Արևմուտքը և առաջնային Ուկրաինային է զենքով մատակարարում՝ վերջացրած այն հարցով, որ Հայաստանն այդ եվրոպական զենքերն օգտագործելու և յուրացնելու հետ կապված խնդիրներ ունի։

-Այսինքն, իրենք խոսում են ապագայի տեսլականի մասին։

-Սա քաղաքական հայտարարություն է ամենից առաջ ու սրանով կարծես փորձում են աջակցել Հայաստանի, այսպես կոչված, արևմտյան կուրսին ու հիմա գարնանը եւրոպական ընտրություններ են լինելու և չգիտենք, թե այդ արևմտյան չինովնիկներից ով որտեղ կլինի։ 

-Այսինքն, լուրջ վերաբերվել պետք չի՞։

-Ոչ, ես այդպես կտրուկ չէի ասի լուրջ վերաբերվել պետք չի, պետք է ամեն ինչ պարզապես ճիշտ հաշվարկած անել։ Քանի որ ԱԳՆ-ի և մեր հետախուզության տվյալները չգիտեմ, չգիտեմ ինչ մակարդակի են բանակցությունները և այդ զենքը երբ կհասնի Հայաստան։ Բայց մի բան փաստ է, որ կադրերը նայում ես՝ խնդիրներ կան։ Մյուս կողմից էլ, լավ, ենթադրենք Եվրոպայից չվերցրեցինք, Ռուսաստանի՞ց ենք վերցնելու, որ հազիվհազ իր սեփական պահանջներն է կարողանում Ուկրաինայում բավարարել, այն էլ ոչ բավարար չափով։ Հիմա այն թևը, որը հեգնում է այս եվրոպական զենքը, ի՞նչ է առաջարկում՝ ոչ մի բան։ 

-ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն էլ հայտարարում է, որ Հայաստանին այնպիսի զենքեր է տրամադրում Ֆրանսիան, որ մյուսները ստանալ չեն կարողանում։ Բայց մինչև հիմա տեսել ենք միայն զրահամեքենաները։

-Նախ կա ռազմական գաղտնիքի խնդիր՝ դա մեկ, երկրորդը` զրահամեքենաներից բացի կան ՀՕՊ համակարգեր և ՌԵՊ համակարգ։ Հիմա ես չգիտեմ, դրանց քանակը և այլն, ամեն դեպքում այս հայտարարությանն էլ է պետք որպես քաղաքական հայտարարություն վերաբերվել։ Մարդիկ քաղաքականություն են վարում, քաղաքական շահեր են սպասարկում։

-Այսինքն, պարտադիր չի, որ «հողի վրա» դա ռեալ արտահայտում ստանա։

-Պարտադիր չի, բայց չի կարելի նաև բացառել։ Ուզում եք Արևմուտքի բոստանը քար գցեք, բայց փաստ է, որ չենք էլ կարող դա բացառել։

-Իսկ Եվրամիությունը կկարողանա՞ Ադրբեջանին դեմ գնալ, չէ՞ որ Արցախում ցեղասպանությունից հետո հայտարարեցին, որ, այո, Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել, բայց մեր էներգետիկ կարևորագույն գործընկերներից է։

-Այս հարցն այնքան կարևոր հարց է, այս հարցին շատ դժվար է պատասխանել։ Եթե ես լինեի ռուսամետ՝ Ձեզ հետ կհամաձայնեի, եթե լինեի արևմտամետ՝ փրփուրը բերանիս կապացուցեի, որ չէ, չէ, Արևմուտքնամենազոր է։ Երկու տեսակետներն էլ խնդրահարույց են, հիմա տեսեք, Ռուսաստանը չկարողացավ՝ չեմ ասում չուզեց, չկարողացավ հայերին Արցախում պաշտպանել անցած տարվա սեպտեմբերին, բայց Եվրոպան էլ չպաշտպանեց։ Հիմա ո՞րն է մեղավոր։ Հիմա տեսեք, Իսրայելն ուժեղ է, իր խնդիրները լուծում է ու աշխարհին կանգնեցնում է փաստի առաջ։ Մենք որևէ կերպ մեր խնդիրները չենք լուծում, լրիվ հանձնվել ենք, մինչև վերջ չենք դիմադրում և հույսներս դրել ենք, թե Արևմուտքը կամ Ռուսաստանը մեր խնդիրները կլուծի։ Այդպես չի լինում, չէ որ այդ երկրներն էլ իրենց շահերն ունեն։ Մեր խնդիրն այն է, որ մենք ինքներս չենք ուժեղանում, պատշաճ կառավարում չենք իրականացնում, տնտեսությունը պատշաճ չենք զարգացնում, զուտ ուղղակի ինչ-որ արժեքներից հրաժարվելով՝ հանուն Արևմուտք գնալու, այդպես չի լինում։ Ոնց որ մարդն իր արժանապատվությունը, իր ֆիզիկական առողջությունը, ամեն ինչ մի կողմ դնի ու խնդրի, որ ինչ-որ մեկն իրեն օգնի։ Այդպես չի լինում, դու պետք է ինչ-որ բան անես, դու պետք է քո կռիվը տաս, մի բան պիտի անես, որ քեզ օգնեն։ Մենք 99 տոկոս մերը չենք անում, բայց 1 տոկոս օգնություն ենք ակնկալում, որ մեր խնդիրը լուծվի։ 

-Այսինքն, Հայաստանի իշխանությունները հիմա խնդրողի դերում են, բայց իրենց պարտականությունները 99 տոկոսով չե՞ն կատարել։

-Իհարկե, խնդրողի դերում են։ Ընդ որում իրենք հանել են վաճառքի ազգային արժեքները՝ չեն խոսում ցեղասպանությունից, չեն խոսում Արցախից, չեն խոսում բանակից, ազգային շահերից, ամեն ինչ մի կողմ դրած՝ ամեն ինչ, բառիս բուն իմաստով։ Մեզ համար այնքան սովորական էր, որ Մեծ Եղեռնը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգում, ո՞ւր է հիմա դա։ Արցախը մեր արտաքին քաղաքականության մասն էր՝ ո՞ւր է։ Սողալով փորձում են ասել՝ մեզ օգնեք, փրկեք, այդպես չի լինում, դա ընդամենը խղճահարություն է առաջացնում, բայց օգնելու ցանկություն չի առաջացնում։ Կենցաղային օրինակ, երբ մի տղամարդը չորս-հինգ հոգու հետ իր կռիվը տանում է՝ մարդիկ ուզում են նման մարդուն օգնել, իսկ մեկին, որ հարվածելուց գոռում է՝ ոչ ոք չի օգնի, հիմա մերն է։

-Ռուսաստանին ուղղված մեղադրանքների մասով ի՞նչ կասեք։

-Մարդիկ չեն գիտակցում, Ռուսաստանը կենաց մահու խնդիրներն է լուծում, Ռուսաստանն իր գոյության հարցն է լուծում այս պահին Ուկրաինայում։ Մարդիկ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում։ Այս պահին հնարավոր է Ռուսաստանին նույնիսկ հետաքրքիր չլինի Անդրկովկասը կամ Հայաստանը։ Կարող է իրավիճակը կարգավորվելու դեպքում հիշի Հայաստանի մասին։ Բայց տեսեք, Պուտինն ասում է՝ ո՞ւմ է պետք աշխարհն առանց Ռուսաստանի, այսինքն, ակնարկում է, որ ատոմային զենք կկիրառի։ Ու կարող է պահ գալ, որ իրենց համար միևնույն լինեն այս 2 միլիոն հայերը։ Բայց Արևմուտքն էլ իր խնդիրներն է լուծում, ուկրաինական քեյսի վրա հսկայական ներդրումներ է արել` տեսնում է, որ իր սպասած ակնկալիքները չի ստացվում՝ Ռուսաստանի դեմ պայքարում նոր ձևեր է մտածում։ Ու սա այն դեպքում, երբ Արցախը դուրս է եկել մեր արտաքին քաղաքականության օրակարգից․ հիմա նստած քննարկում են՝ Տավուշում հող հանձնել, թե ոչ, ու դա այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ «Արցախը Հայաստան է և վերջ» էին գոռում ոմանք, Արցախը բանակցային սեղանին հետ բերելու մասին էին հայտարարում։