Հովիկ Աֆյան. Անվճար աղավնիներ

Հովիկ Աֆյան. Անվճար աղավնիներ

«Անտարես» հրատարակչությունը շուտով լույս կընծայի Հովիկ Աֆյանի «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուն։ Ներկայացնում ենք գրքի պատմվածքներից ﬔկը։

Ինձ կներեք, ես մահացա: Սպանեցի՞ն, թե՞ զոհվեցի՝ երկրորդական են, գոնե մորս համար կամ ինձ ճանաչողների, որոնց համար կարեւորն այն է, որ ես մահացա: Վիճակագիրների համար ասեմ՝ թշնամու արձակած կրակոցից, այն 1500-ից ﬔկից, որ աﬔն շաբաթ արձակում է թշնաﬕն՝ ﬕ քանի հարյուր անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, որի շուրջ, ի դեպ, ﬔնք տղերքով աﬔն գիշեր ծիծաղում էինք, նկատի ունեմ՝ ռեժիﬕ՝ հրադադարի:

Բայց ներողություն եմ խնդրում ոչ թե մահիս համար, մանավանդ, որ այն զոհվել է, մանավանդ, որ ﬔնք բոլորս զոհվողին երանի ենք տալիս ու ﬕ տեսակ հայրենասիրության վերին մակարդակ ենք համարում, այլ ներեցեք ինձ, որ ես զոհվել եմ հանուն հայրենիքի՝ առանց ﬔկ անգամ կարդալու Թումանյան, Չարենց, էլ չեմ խոսում Նարեկացիի մասին: Չեմ էլ մտածել կարդալու մասին, ﬕ գիրք էի կարդացել, բայց այն հայրենիքի մասին չէր: Ինձ համար հայրենիքը Արարատի պես լուսապսակ գագաթն էլ չէ, ոչ էլ անգամ Դսեղ գյուղի սար ու ձորերը: Կներեք, բայց ինձ համար հայրենիքը փոքրիկ բան է, ավելի փոքր, քան ﬓացել է ﬔր ﬔծ հայրենիքից, որն իմ տպավորությամբ՝ ոչ ոք չի տեսել, պարզապես բոլորը երազում են այն ունենալ: Ինձ համար հայրենիքը ﬔր բակն էլ չէ, ոչ էլ այնտեղ կանգնած ծառերը, ոչ էլ անգամ այնտեղ հերթ կանգնած մարդիկ, որոնք աﬔն կիրակի նստում էին հարմարավետ ﬕկրոավտոբուսներն ու գնում, սկզբից գիտեի՝ Կրասնոդար, հետո իմացա, որ Կրասնոդարը Ռուսաստանում է: Հայրենիքն ինձ համար կյանքն էր, որից զրկվեցի, դուք ասում եք՝ հանուն հայրենիքի, ու ես համաձայնում եմ, քանի որ, ի տարբերություն ինձ, դուք շատ եք կարդացել:

Հետս էլի լիքը տղերք կան, իմ տարիքի, ինձանից ﬔծ, այստեղ էլ հավաքվում ենք, խմում ենք, երբեﬓ մտածում ենք, որ այստեղ ավելի շատ ենք, քան այդտեղ: Բայց նման դեպքերում ﬕշտ հայտնվում է ﬕ կարդացած տղա ու ասում է, որ իրականում այդպես չէ, իրականում այդտեղ ավելի շատ եք, հենց հակառակը լինի, այդտեղն էլ չի լինի: Ու խմում են, հոտնկայս, առանց չխկացնելու, ինչպես դուք, ինչպես այդտեղ: Չենք մոռանում հերոսների կենացը, ﬕմյանց ենք ցուցադրում ﬔր՝ հետմահու ստացած շքանշաններն ու խմում ենք այս պահին այդտեղ կանգնած տղերքի կենացը: Հերոսը նրանք են, հերոսությունն ապրելն է, քանի որ ոչ բոլորը կարող են ապրել, ﬕնչդեռ բոլորն են ﬔռնում:

Հետո լռում ենք, աﬔն ﬔկը գնում է իր հայրենիք, նստում իր սիրելի ծառի տակ, նայում իր սիրած մարդկանց, որոնք այնպես են արտասվում, կարծես իրենք անմահ են, ու ով երգել գիտի, երգում է, ով ոտանավոր գիտի, արտասանում է, ով լռել գիտի, լռում է... Այդ առումով, ի դեպ, այստեղ ավելի լավ է, ով ինչ գիտի, անում է:

Ավելի երիտասարդներով, ինչպես այդտեղ եք ասում՝ 20-ամյա տղերքով, ավելի հաճախ ենք հանդիպում, իﬕջիայլոց, կողքի սենյակում էլ ադրբեջանցիներն են հավաքվում, նույն տարիքի: Ավելի շատ կամ ավելի քիչ, օրը գիտի: Մենք նրանց ենք լսում ու չենք հասկանում, նրանք էլ ﬔզ են լսում ու չեն հասկանում: Միջանցքներում հանդիպում էլ ենք, չանհանգստանաք. այստեղ զենք չի կարելի, լուրջ ստուգում են, նախքան այստեղ թողնելը: Տղերքից ﬔկը զենք էր բերել հետը, հսկիչներից ﬔկն այն վերցրեց, հետո իմացանք, որ այդ տղան գիշերը եղբայր է ունեցել, որին իր անունն են տվել, հսկիչն էլ զենքը դրել էր նրա բարձի տակ... Դուք պետք է տեսնեիք այդ տղայի դեմքը, երբ սա իմացավ. տղամարդիկ, գոնե իսկականները, չեն սիրում, երբ իրենց վրեժը փաթաթում են ﬔկ ուրիշի վրա, անգամ, եթե այդ ուրիշն իրենց անունով իրենց եղբայրն է: Վրեժը ﬔռնում է այն կրող մարդու հետ, հաճախ, իհարկե, չի ﬔռնում, բայց դրա պատճառով էլ մարդիկ են ﬔռնում:

Քիչ առաջ տանն էի, էլի լացում էիք, բնավորություն է դարձել այդ՝ լացելը: Այլընտրանքը չկա ուղղակի, առաջ գոնե Շուշին էին ազատագրում, ու լացողները նաեւ ուրախանալու առիթներ էին ունենում, հիմա այդ առիթները չկան, առաջ գնալ չի կարելի, առաջինը կրակել չի կարելի, ﬔռնել չի կարելի, բայց դրանից հետո պարգեւատրում են՝ մոռանալով, որ մահը չէ, որ պարգեւատրելու է արժան, այլ մահին պատրաստ լինելը... Այստեղ էլ իմ տունն ունեմ: Դռան վրա ﬔծ, կարﬕր տառերով գրել եմ՝ Կակաչ. այն վերջինն էր, որ տեսա այդտեղ, բավականին մոտիկից, հենց դեմքիս վրա: Հետո ոչինչ չեմ հիշում, հիշում եմ ﬕայն այն, որ զարթնեցի, ու ինձ ասացին, որ ես հերոսաբար զոհվել եմ՝ հանուն հայրենիքի, ու հիմա մայրս լալիս է ինձ համար: Այն աղջկա մասին ոչինչ չասացին, քանի որ ես նրա նկատմամբ զգացմունքներս գաղտնի եմ պահել, փաստորեն՝ նաեւ այստեղից: Հետո ասացին, որ եթե բան ունեմ ասելու մորս, կարող եմ ասել, իրենք կփոխանցեն՝ երազի սուրհանդակների ﬕջոցով: Դեռ չեմ ասել, ﬕնչեւ հիմա մտածում եմ. ի՞նչ ասել, ինչո՞ւ ասել, զոհվելն արդեն իսկ ասել է՝ նաեւ մորը, մանավանդ մորը: Վաղն առավոտյան ﬔզ տանելու են աղաﬖի ընտրելու: Այստեղ յուրաքանչյուրը պետք է ունենա աղաﬖի: Չանհանգստանաս, մամ, անվճար են տալու:
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ