Ճախրելու վայելքը․․․
Համոզել են, որ կտրել են ձեր «թևերը» ու հիմա զարմանում եք՝ ինչու՞ չեք կարողանում թռչել, ինչու՞ եք անշարժացել ու գամվել գետնին։ Ինչու՞ ոտքի չեք կանգում, երբ Հայոց պատմությունն է պղծվում ու հերոսների նվաստացմանը չեք արձագանքում։
Այսօր ում էլ հարցնես, կասի՝ տրորվում է հայի մարմինը, արժանապատվությունը, ինքնությունը, հողը, հայրենիքը։ Կասի ու կկախի գլուխը։ Հեզ լռությունն է նրա արձագանքը։ Ինչու՞ է հայ մարդն այս ամենին արձագանքում լռությամբ, հարցրե՞լ եք ձեզ։ Լռող մարդուն մեղադրելուց առաջ փորձե՞լ եք հասկանալ, թե ինչ կա նրա լռության տակ։ Դա անզորության լռություն է, երբ մարդն ամոթից կախում է գլուխը։ Ինքը բերեց այս «արհավիրքը» , ինքը մասնակիցը եղավ այս «արհավիրքին» ու հիմա ինքն իր մեջ եփվում, եռում է։ Բոլոր ֆիզիկական ու հոգեկան ցավերին դարման կա, բայց ամոթի ցավին դարման չկա։ Երբ տեսնում ես, որ քո դավանած արժեքներն աչքիդ առաջ տրորվում են, ու դու ես բերել այն մարդուն, որ «տրորի այդ արժեքները, քեզ» , ողջ մարմինդ ամոթից անասելիորեն ցավում է․․․ Կա նաև վախի ցավ։ Դա առաջացավ, երբ ում բերել էիք, հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, երբ հայաթափվեց Արցախը։ Կորցրիք ձեր ունեցածը։ Հայրենիքից ձեզ մնաց այլևս «հայրենիքի մնացորդ»։
Տագնապ, անհանգստություն, վախ ստեղծվեց, որ դուք կկորցնեք նաև «մնացորդը» ու վախի բնազդով կառչեցիք կեղծ խաղաղության սարդոստայնական ցանցաթևերին։ Լռում եք, որովհետև վախենում եք, որ եղածն էլ կկորցնեք։ Դա արյան պես, ձեր արյան փոխարեն ամեն ժամ ներարկվում է ձեր բերած իշխանության կողմից ու վախը, որ ամենազորեղ զգացումն է, ծնկի է բերում ձեզ։ Ամոթն ու վախը։ Ավերվում է ձեր հիշատակների գերեզմանները, ձեր պատմությունը, ձեր հոգևոր արժեքները, ու դուք հավատում եք այն կռռոցին, որ առանց թևերի թռչուն եք։ Ամեն օր չարագուշակ ծղրտյունով նորանոր սարսափներ է տարածվում սոցիալական հարթակներում․․․ Առանց թևերի, առանց ոտքերի սիրուն աղջիկների նկարներ են տարածվում, որոնք բոլորը ժպտում ու երջանիկ են, որոնք մինչ այդ շատ քիչ էին ու նկատելի չէին․․․ Դա սիմվոլների լեզու է, որի հետ առնչվել եք 2018-ից հետո համարյա ամեն օր։ Այս համատարած սիմվոլիկ չարագույժի մեջ կարող եք լավը որոնել՝ եթե երկու ոտք, երկու թև չունեցող աղջիկները ժպտում են, թող դա ձեզ դրական էներգիա հաղորդի։ Դուք թևեր ունեք, պարզապես մոռացել եք օգտագործել․․․Բարձրացրեք, թափահարեք ձեր թևերը և զգացեք օդում սավառնելու վայելքը։ Երամի ուժը, համախմբվածությունը ձեզ վեր կբարձրացնի։
Կարծիքներ