Մեր իրականությունը ներառում է իրար հակադիր երկու իրողություն

Մեր իրականությունը ներառում է իրար հակադիր երկու իրողություն

Արեւելյան ժողովուրդների մոտ տարածված է ջրի աղբյուրին տիրացած վիշապի վերաբերյալ առասպելը. որպեսզի ջուր բաց թողնի, վիշապը յուրաքանչյուր տարի պահանջում է քաղաքի գեղեցկուհիներից մեկին, իսկ նրա հետ մենամարտող եւ նրան հաղթող երիտասարդները, գայթակղվելով վիշապի հարստությունից, հերթով իրենք են վերածվում վիշապի: Միայն իմաստուն ծերունու կողմից դաստիարակված՝ մաքուր հոգով երիտասարդին է հաջողվում սպանել նրան եւ չվերածվել վիշապի: Առասպելի մոտիվներով, սակայն 180 աստիճանով շրջված բովանդակությամբ, պիես-պամֆլետ է գրել ռուս խորհրդային գրող Եվգենի Շվարցը («Վիշապ», 1944): Այն բեմադրվել է 1944-ին, սակայն 1-ին ներկայացումից հետո հանվել է խաղացանկից՝ կրկին բեմադրվելով միայն 18 տարի անց: Շվարցի «Վիշապ»-ում քաղաքի բնակիչները ոչ թե փորձում են սպանել նրան, այլ «բարեհաջող» ապրում են նրա տիրապետության ներքո: Հետո հայտնվում է Լանցելոտ անունով ծպտյալ ասպետը, սիրահարվում արխիվարիուսի աղջկան, սպանում է վիշապին՝ հաղթահարելով քաղաքացիների կողմից հարուցված բազմաթիվ դժվարությունները, եւ մնում զարմացած. քաղաքացիներին ձեռք էր տալիս վիշապի իշխանությունը:

Արեւելյան հինավուրց առասպելի եւ խորհրդային գրող Շվարցի պիեսից անցում կատարենք մեր օրերը: Հանրապետության նախկին իշխանություններին ժամանակ առ ժամանակ բազմաթիվ գիտակից քաղաքացիներ (եւ այդ թվում տողերիս հեղինակը) նմանեցրել են վերը նշված վիշապին՝ պայքարելով այդ իշխանությունների դեմ: 2018-ի ապրիլին պայքարը պսակվել է հաջողությամբ, եւ մեզ թվացել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ հոգով մաքուր երիտասարդն է, եւ մենք վերջապես ազատվեցինք վիշապի տիրակալությունից: Բայց հաղթանակի բերկրանքը շատ կարճ տեւեց, ու նույն գիտակից քաղաքացիները (եւ այդ թվում տողերիս հեղինակը) կարճ ժամանակ անց հասկացան, որ վիշապից ազատողը դարձել է հերթական վիշապը: Մեր իրականության այդքան մասը համապատասխանում է արեւելյան հինավուրց առասպելին, սակայն այնուհետեւ պարզվեց, որ ոչ գիտակից քաղաքացիները, իսկ դրանք մեծամասնություն են կազմում, իրենց լավ են զգում վիշապի տիրակալության ներքո, եւ այդ հատվածով էլ մեր իրականությունը նմանվեց Շվարցի ստեղծագործությանը: 

Այսպիսով՝ զարմանալի է, սակայն մեր իրականությունը ներառում է իրար հակադիր երկու մոտիվ՝ արեւելյան հինավուրց առասպելի եւ Շվարցի ստեղծագործության մոտիվները: Կենցաղային մակարդակում այդ երեւույթն առկա է պաղպաղակի պահպանման պարագայում՝ ամառային շոգին պաղպաղակը ընկղմում են «տաք սառույց» կոչվող նյութի մեջ, որպեսզի այն չհալվի: Գիտության մեջ առկա է «Քվանտային մեխանիկա» կոչվող բնագավառը, որում երեւույթները դրսեւորվում են հենց հակադրամիասնության օրինաչափությունների տեսքով: Սակայն հասարակությունը զարգանում է եւ բարեկեցիկ կյանքով ապրում ոչ թե հակադրամիասնության, այլ իր բոլոր անդամների արժեքային համերաշխության հիման վրա, ինչը, դժբախտաբար, բացակայում է մեզանում: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ