Մենք հլո՜ւ-խաղաղ ենք...

Մենք հլո՜ւ-խաղաղ ենք...

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտնի հարցազրույցը հանրային տիրույթում բավականաչափ քննարկվել է, նաեւ քննադատվել ու դատափետվել, սակայն այդ կնոջ պատասխաններում կա մեկ-երկու բառ, որ, ինչպես գիտական մեթոդաբանության մեջ է ասվում, հանգուցային բառի կամ բանալի-բառի արժեք ունի․ դրանք իրենցով բացում են ասելիքային մեծ խորքեր, ուրեմն արժանի են ավելի խոր անդրադարձի։ Հարցազրույցում նա նշել է․ «․․․ Պետք է փորձենք երկարատեւ խաղաղություն ունենալ մեր բոլոր հարեւանների հետ. տարածաշրջանը պետք է վերջապես մարդկային դեմք ունենա»։

Ահավասիկ բանալի-բառերը՝ «վերջապես մարդկային»։ 2020 թվականին հայերիս համար խայտառակ պարտությամբ ավարտված արցախյան պատերազմը, ուրեմն, ստեղծել է մի իրավիճակ, որը, Լ․ Նազարյանի պատկերացմամբ, տարածաշրջանին «վերջապես» մարդկային դեմք է հաղորդել։ «Վերջապես»-ին, բնականաբար, նախորդել են 5 հազարից ավելի հայ երիտասարդի նահատակությունը, տասնյակ հազարավորների խեղված ճակատագրերը, հայրենալքությունն ու բնավերությունը։ Ինչպես տեսնում ենք, զարհուրելի թանկ «վերջապես» է, չնայած մեր պացիֆիստ տիկնոջ շուրթերից բառը հնչում է անխռով, մեծ հոգսից ազատվածի հոգոցի պես՝ «վերջապես»։ Բառը նաեւ խաչ է քաշում մեր վերջին տասնամյակների պատմության վրա, այդ տարիների ձեռքբերումների, հաղթանակների, դրանք պահելու անօրինակ ոգորումների վրա, քանի որ, իմքայլականի այս տրամաբանությամբ, մենք այլեւս որեւէ բան պահել-պաշտպանելու պարտադրվածության առջեւ չենք, մենք ոչ մի նպատակ այլեւս չունենք, մենք հլո՜ւ-խաղաղ ենք․․․ «Վերջապես»։ 

Բանալի բառերից երկրորդից՝ «մարդկային»-ից արդեն զարհուրելի բացվածքով երեւում են բառն արտաբերողի անմարդկային խորքերը։ Պարզվում է՝ մինչեւ արցախյան վերջին պատերազմը մենք, դարձյալ տասնամյակներ շարունակ, ունեցել ենք ո՛չ «մարդկային» տարածաշրջան՝ ուրիշից զավթված հողեր, խլված հարյուրավոր բնակավայրեր, դժբախտ ու դժգույն Շուշի, որոնց սիրույն զոհվում էին մեր զավակները, «դասականի» ասած՝ «հանուն ոչնչի»։ Ահա եւ հասնում ենք «քաղաքական գործիչ» Լ․ Նազարյանի հարցազրույցի բուն ասելիքին․ Արցախը խանգարում էր մեզ, Արցախը գլխացավանք էր, որ ստիպում էր մշտապես լինել ռազմատենչ՝ «անմարդկային», ինչին, բնականաբար, Լենայի եւ իր նման թավշյաների բարակ սիրտը չէր դիմանում։ Իսկ հիմա, երբ Արցախը գրեթե չկա, նույնիսկ Արցախի խնդի՛ր չկա՝ ըստ թշնամու, մեր տարածաշրջանը «վերջապես»․․․ «մարդկային» տեսք է ստանում։ 

Ահա՛ իշխող քաղաքական ուժի՝ մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ «Հայաստան՝ առանց Արցախի» տեսլականը՝ Լենա Նազարյանի մանկամիտ բերանով ասված։ Այս պնդումը հարցազրույցում հետո էլի՛ հիմնավորում է ինքը՝ Լ․ Նազարյանը՝ իրեն իրավունք վերապահելով մի ամբողջ ժողովրդի զրկել նույնիսկ երազելու իրավունքից։ Այդ կնոջ ըմբռնմամբ՝ ցանկացած մտածություն՝ ուղղված ռեւանշին, կորսված տարածքները ետ նվաճելուն եւ ընդհանրապես մեր հայրենիքի քարտեզն արժանապատվորեն վերագծելուն՝ «հետադիմական է եւ վնասակար» («Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք եւ մեր բաժին հաղթանակը կունենանք։

Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական եւ վնասակար»)։ Իմքայլականի համոզմամբ՝ եղածը եղել է, հետեւաբար, ա՛յ ձեզ ղուրբան, ի՛նչ «հզորանալ», ի՛նչ «վերազինվել», ի՛նչ «մեր բաժին հաղթանակ»։ Ապա փոխխոսնակն անում է, իր կարծիքով՝ հումանիստական, բայց իրականում՝ նողկալի հարցադրում․ «Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»։ «Դա»-ն մեր ազգային երազանքն է, «դա»-ն ապագայի մեր տեսլականն է, «դա»-ն մեր ազգային արժանապատվությունն է։ «Դա»-ով այսպես մեզնից օտարելով մեր իսկ երազանքն ու տեսլականը, մեր հազարավոր զոհերի արյան դիմաց վրեժխնդիր լինելու պարզ մարդկային ակնկալությունը՝ փոխխոսնակը փորձում է հանրության մեջ սերմանել այն որոմը, որից հետո պիտի միայն մանկուրտներ աճեն։ 

Չգիտեմ՝ Նազարյանի որդին քանի՞ տարեկան է, որքա՞ն է «հեռու» 18 տարեկան, ասել է թե՝ հայրենիքի համար հավանական նահատակ լինելու տարիքից, բայց սույն արարածին ասեմ, որ իր բերանից դուրս պրծած (= դուրսպրծուկ) նսեմ բառերը անարգանք են բոլոր այն 18 տարեկանների հասցեին, որոնց ճակատագիրը մատով արդեն «ցույց է տվել»՝ նրանք մարտնչել են կամ զոհվել հանուն հայրենիքի։ Թող աստված պահի-պահպանի փոխխոսնակի սիրասուն որդուն, բայց ոչ ոք սույն կին արարածին իրավունք չի տվել անարգելու մեր որդիների հիշատակն ու անունը, ինչ է թե ինքը․․․ անմեղսունակ է։ 

Կամ՝ «քաղաքական գործիչ» է, ինչպես պնդում է հարցազրույցում։ Իսկ Նիկոլի եւ նրա ուսապարկի բառարանում դրանք հոմանիշներ են։