ՀՀ վարչապետի՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով ուղերձի համեմատական վերլուծություն

ՀՀ վարչապետի՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով ուղերձի համեմատական վերլուծություն

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համեմատական վերլուծության ենթարկեցի ՀՀ վարչապետի ուղերձը հայերեն եւ ռուսերեն լեզուներով, քանի որ ցերեկը, երբ այն կարդացի, զգացի, որ շատ պրոֆեսիոնալ էր կազմված, բայց մի տեսակ խրթին էր կարդացվում։ Համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ տեքստը կազմվել է ռուսերեն լեզվով հմուտ մասնագետի կողմից։ Թարգմանիչն էլ շատ լավ է աշխատել, բայց ռուսական տեքստի մեջ ներդրված լեզվամտածողությունը միեւնույնն է մատնում է, որ տեքստը ռուսերեն է գրվել։ Օրինակ, այս նախադասությունը՝ «Գնահատման ենթակա չէին և անվերականգնելի մեր ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությանը հասցված վնասները»։ Հիմա ռուսերեն տեքստում տեսեք ինչ սահուն է հնչում՝ "Невозможно оценить ущерб, нанесенный культурному и религиозному наследию нашего народа"։ Կամ վերջին նախադասությունը։ Հայերենում ասվում է՝ «Միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային և քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է դիմակայել այդ մարտահրավերներին»։ Ռուսերենում շատ հստակ ու սահուն է՝ "Только Армения с ведущей экономикой, современной системой безопасности и политической системой, которая объединит вокруг себя всех армян, может противостоять этим вызовам"։ Այս նախադասության մեջ հենց քաղաքական համակարգի մասին է խոսքը, որը կարող է համախմբող դեր խաղալ, սակայն թարգմանիչը այն միաձուլել է նաեւ անվտանգային համակարգին։

Վերջում մի նրբության մասին։ Բաղդասարովի տելեգրամ ալիքը այսօր երեկոյան տեղադրեց այս գրառումն ու կցեց գրառմանը համապատասխան արխիվային փաստաթուղթը․
Совместная декларация Франции, Великобритании и России от 29 мая 1915.
Ввиду новых преступлений Турции против человечества и цивилизации, правительства Союзных государств публично заявляют Высокой Порте о личной ответственности за эти преступления всех членов Османского правительства, а также тех их агентов, которые вовлечены в такую резню.

Նիկոլ Փաշինյանի ուղերձում նույն այս փաստի վկայակոչումն է՝ «Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության և մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն»։ Որքանով են այս համընկնումները միմյանց հետ կապված՝ չեմ կարող ասել, բայց աչքիցս չվրիպեցին համընկնումները ու ցանկացա կիսվել։ Ի դեպ, ուղերձի տեքստում իմ նշած հմուտ մասնագետը «մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն» է գրել համապատասխան հատվածը, հավանաբար որպեսզի շատերը տվյալ փաստաթղթի «քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն» բառակապակցությունը հանկարծ չասոցացնեն «հայկական քաղաքակարթության» հետ։ Բնագրում իսկապես նկատի է առնված ընդհանրապես քաղաքակրթության դեմ հանցանքը, սակայն հայի մտքով երբեք չէր անցնի ավելացնել «մարդկային» բառը, որպեսզի կարդացողները «քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն» բառակապակցությունը հանկարծ չասոցացնեն «հայկական քաղաքակարթության․ հետ։