Առաջ կոռուպցիայի դեմ «պայքարում» էր Հովիկ Աբրահամյանը, հիմա՝ Նիկոլ Փաշինյանը

Առաջ կոռուպցիայի դեմ «պայքարում» էր Հովիկ Աբրահամյանը, հիմա՝ Նիկոլ Փաշինյանը

Օրերս Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին: Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ «Վարչապետը կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարում եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը եւ բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է, եւ գործադիրը հետեւողականորեն շարժվում է հակակոռուպցիոն մեխանիզմների զարգացման եւ ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ»: 

Նման ճռճռան պաշտոնական հայտարարությունները մեզ լավ ծանոթ են, որպիսիք մենք լսել ու կարդացել ենք ե՛ւ «նախկինների» օրոք, ե՛ւ հիմա: ԱՄՆ պաշտոնյաների կողմից հնչող՝ օժանդակության ու օգնության պատրաստակամության մասին էլ ենք շատ լսել: Այդ օգնությունը, բնականաբար, փողի տեսքով է… շատ փողի։ «Ռիչարդ Նեֆյուն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման եւ կոռուպցիայի դեմ պայքարում: ԱՄՆ-ն բարձր է գնահատում վերոնշյալ ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած քայլերը»: 

Նման հանդիպումներ եւ ընդունելություններ ունենում էին նաեւ նախկին վարչապետները, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանը, ով 2015-ին դարձավ նորաստեղծ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ: Աբրահամյանին նման պաշտոն տալն այն ժամանակ դարձավ հումորի ու սարկազմի թեմա: Արգամիչն էլ էր հանդիպում ԱՄՆ պաշտոնյաների հետ, ճռճռան խոսքեր ասում, խոստումներ տալիս, թե տեսեք՝ էսա ոնց եմ կոռուպցիան արմատից փրթելու-թափելու, արմատախիլ անելու: ԱՄՆ պաշտոնյաներն այն ժամանակ էլ էին ոգեշնչվում ու խոստանում օգնել։ Ու գալիս էր օգնությունը, բայց Հայաստանում ո՛չ կոռուպցիան էր վերանում, ո՛չ էլ Արգամիչի ախորժակն էր փակվում. Արարատյան դաշտավայրի ջրերը դարձան նրա անձնական ձկնաբուծարանների սեփականությունը: Դրանից մինչ օրս դաշտավայրի գյուղատնտեսությունը խելքի չի գալիս: Այս տարածքի լավագույն հողերն ու այգիները նույնպես դարձան Արգամիչինը: Դա էլ «կապ չուներ» նրա պաշտոնեական դիրքի չարաշահման ու կոռուպցիայի հետ: Առհասարակ, Արգամիչն ու նրա թիմը քիչ «ներդրում» չեն ունեցել իշխանության հանդեպ ժողովրդի ատելության գանձարանում: Բայց գանք մեր օրեր․

2019-ին Փաշինյանը լուծարեց Արգամիչի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը. անունն իրենց սրտով չէր, կապված էր նախկինների անվան հետ, պետք է իրենցը ստեղծեին եւ ստեղծեցին՝ է՛լ խորհուրդ, է՛լ կոմիտե, է՛լ դատարան։ Սասուն Խաչատրյանի Հակակոռուպցիոն կոմիտեն, օրինակ, պարբերաբար աղմկահարույց հայտարարություններ է անում, թե այսինչ նախկինի այնինչ թալանը բացահայտվել է, ձերբակալել են, ծեփել պատին: Հասարակությունն էյֆորիա է ապրում այդ պահին, իսկ աղմկահարույց ձերբակալությունից հետո նույն անձը սուսուփուս ազատ է արձակվում: Եվ մարդիկ հասկացան, որ սա մի տաղտկալի ու անհետաքրքիր շոու է: Իսկ թե ինչպես են կոռուպցիայի դեմ պայքարում, երբ մարդիկ տեսնում են, որ անհայտությունից եկած երիտիշխանավորները կարճ ժամանակում դարձել են մեծ կարողությունների տեր, արդեն հասկանալի է: Մարդիկ տեսնում են, որ բան չի փոխվել. ԱՄՆ պաշտոնյաներին խոստացել են նախկինները, խոստանում են ներկաները, իսկ կոռուպցիայի դեմ «անողոք պայքարը» շարունակվում է: «Միամիտ» ամերիկացիներն էլ հավատում են ու աջակցում Հայաստանին՝ կոռուպցիայի դեմ պայքարում, գովերգում ՀՀ իշխանավորներին եւ նրանց բարեփոխումները։