Պետության գլխավոր ֆունկցիան անվտանգության ապահովումն է, ինչը հիմնավորապես տապալված է

Պետության գլխավոր ֆունկցիան անվտանգության ապահովումն է, ինչը հիմնավորապես տապալված է

Հայաստանում բոլորն անվտանգության որոնումների մեջ են, որովհետեւ Փաշինյանի կառավարումը երկիրը հասցրել է մի կետի, որտեղ մարդիկ կորցրել են անվտանգության զգացողությունը: Մարդիկ գիտակցորեն եւ ենթագիտակցորեն հասկանում են, որ Հայաստանի գործող իշխանությունն այլեւս ի վիճակի չէ ապահովել երկրի անվտանգությունը, որը ցանկացած պետության ամենակարեւոր ֆունկցիան է: Եթե երկրի անվտանգությունը վտանգված է, դրա արդյունքում յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը վտանգված է, դրա արդյունքում է, որ Հայաստանում հայտնվել են արեւմտամետներ, ռուսամետներ, իրանամետներ եւ նույնիսկ թուրքամետներ: Քանի որ Հայաստան պետությունը եւ Հայաստանի իշխանությունն ընդունակ չեն լուծել երկրի անվտանգությունը, մեկը համարում է, որ անվտանգության ապահովման հարցում պետք է հույսը դնել Արեւմուտքի, մյուսները` Ռուսաստանի, երրորդները` Իրանի կամ նույնիսկ Թուրքիայի վրա:

Հայաստանում իրականում պետական իշխանություն գոյություն չունի կամ գոյություն ունի մասնակիորեն.  պետության եւ իրավունքի տեսության համաձայն՝ պետության եւ պետական իշխանության ամենակարեւոր գործառույթը պետության սահմանների, նրա քաղաքացիների եւ շահերի պաշտպանությունն է: Հայաստանի իշխանությունը տապալել եւ փաստացի հրաժարվել է այս ֆունկցիայի կատարումից: Գտնվելով Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում, երբ այդ երկիրը բացահայտ հավակնություններ է ներկայացնում Հայաստանի տարածքի, նրա քաղաքացիների ունեցվածքի նկատմամբ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Հայաստանն ընդունակ չէ ապահովել իր անվտանգությունը: Գիտակցելով, որ իր իշխանությունը տապալել է Հայաստանի անվտանգության ապահովման առաքելությունը, Փաշինյանը երկար ժամանակ փնտրում էր Հայաստանի անվտանգության արտաքին երաշխավորներ, բայց թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ ԵՄ-ն եւ դրա առանձին անդամ երկրներ հրաժարվեցին Հայաստանի անվտանգության երաշխավորի դերից, ինչով եւ բացատրվում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման հետաձգումը: Հայաստանն ուզում է, որ ինչ-որ մեկն իր վրա վերցնի այդ պայմանագրի կատարման երաշխավորի դերը, որ երբ Ադրբեջանը խախտի այն, ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն միջամտի եւ «պատժի» Ադրբեջանին, բայց այդ հարցում եւս Փաշինյանը ձախողվեց: Հանուն ինչի՞ պետք է որեւէ երկիր իր վրա նման ֆունկցիա վերցնի եւ ստանձնի Հայաստանի խնամակալությունը: ԵՄ-ն դիտորդների մի խումբ է ուղարկել Հայաստան, սակայն Հայաստանի սահմաններին տեղի ունեցած զինված միջադեպերը ցույց տվեցին, որ նրանք իսկապես դիտորդ են եւ ոչ անվտանգության երաշխավոր: ԵՄ-ն նույնիսկ իր սահմանակից Ուկրաինայի անվտանգությունը չի կարող երաշխավորել, որի ղեկավարությունն ամեն օր հայտարարում է, թե ուկրաինացիները կռվում եւ մեռնում են հանուն համաեվրոպական անվտանգության:

Փաշինյանը հասկանում է, որ իր քաղաքականությունը երկիրը հասցրել է կործանման: Բայց քանի դեռ ինքը շարունակում է մնալ իշխանության ղեկին, փորձում է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել՝ անձնական կարողությունը մեծացնելու եւ հեռանալու պահին դրսում ավելի մեծ կապիտալ ունենալու համար: Նրա վերջին բոլոր կադրային փոփոխություններն ուղղված են նրան, որ պաշտոններում նշանակվեն իրենցից ոչինչ չներկայացնող, իր հրահանգներն անվերապահ կատարող անձինք, որոնք իր համար խնդիրներ չեն առաջացնի եւ առանց իրեն փող տալու չեն աշխատի: Փաշինյանը, անշուշտ, գիտեր, որ ծորակի գինն առնվազն չորս անգամ ուռճացված է, բայց նրան հունից հանում է այն փաստը, որ ինքը մասնակից չէ այդ գնային մանիպուլյացիաներին կամ չնչին մասով է մասնակից: Նոր մարզպետների կամ նախարարների հետ նա այլեւս այլ պայմաններով է աշխատելու: Փաշինյանը զգում է, որ իր իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել, եւ այդ ժամանակը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործել` բոլոր իմաստներով: Սեթեւեթելու եւ ազնիվ խաղալու ժամանակներն ավարտվել են, նրան պետք չեն տեղական ուժեղ կլանների աջակցությունը, հանրային գիտակցության մեջ ազնիվի, չկոռումպացվածի իմիջը, որովհետեւ հասկանում է, որ հաջորդ ընտրություններին ինքը կարող է եւ չհասնել:

Քանի որ երկրի իշխանություններից անվտանգության ապահովման հարցում որեւէ ակնկալիք չկա, Հայաստանի քաղաքացիներն արտաքին սպառնալիքից պաշտպանվելու հարցում երեք լուծում ունեն. մի մասը համոզված է, որ սեփական անձը եւ ունեցվածքը պաշտպանելու լավագույն լուծումը Հայաստանում ունեցածը վաճառելն ու երկրից հնարավորինս արագ հեռանալն է, ընտանիքով տեղափոխվել մի երկիր, որի իշխանությունը պատրաստ է պաշտպանել իրենց եւ իրենց աշխատանքի արդյունքը: Անցած տարվա ընթացքում կապիտալի արտահոսքի աննախադեպ աճող ծավալը դրա վառ վկայությունն է: Այս տարի այն պահպանվելու եւ ավելանալու է: Անշարժ գույքի վաճառքով զբաղվողները կհաստատեն, որ բնակարանային շուկայում առաջարկը մեծացել է, իսկ պահանջարկ գրեթե չկա: Մի մասն անտարբեր է թե՛ իր, թե՛ երկրի ճակատագրի նկատմամբ՝ մտածելով, որ ինչ լինելու է, կլինի, ի վերջո, ինչ-որ երկիր, հենց իր շահերից ելնելով, Հայաստանի անվտանգության երաշխավոր կկանգնի եւ թույլ չի տա, որ Ադրբեջանը կամ Թուրքիան գրավեն Հայաստանը: Երրորդ մասը կարծում է, որ քանի դեռ ժամանակ կա, պետք է երկիրն ազատել Փաշինյանից ու նրա կամակատարներից, ինչը հնարավորություն կտա, բառի բուն իմաստով, փրկել Հայաստանը:
Ամենասարսափելին այն է, որ ստեղծված իրավիճակում իրենց անհասկանալի իներտ ու վախվորած են պահում Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր երկրի փլուզման դեպքում ամենաշատ կորցնելու բանն ունեն, եւ իրենք ամենաշահագրգիռը եւ նախաձեռնողը պետք է որ լինեին փրկության կազմակերպման գործում: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչների նման պահվածքը մի բացատրություն ունի` նրանք մի կողմից վախենում են հարաբերություններ փչացնել դեռեւս իշխանության որոշակի լծակների տիրապետող Փաշինյանի իշխանության հետ, որը չկարողանալով ապահովել երկրի եւ նրա քաղաքացիների անվտանգությունը՝ դեռ բավարար ուժ ունի վնասելու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ մյուս կողմից նրանք Հայաստանից դուրս եւս ունեցվածք ունեն, որը համարում են իրենց անվտանգության բարձիկը՝ Հայաստանի վերջնական կործանման դեպքում:

Հայաստանում հասունանում է այն գիտակցումը, որ Փաշինյանը եւ իր իշխանությունը սպառնալիք են ոչ միայն Հայաստանի գոյությանը, այլեւ երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար, ով իր եւ իր ընտանիքի ապագան կապում է Հայաստանի հետ: Մարդիկ, ովքեր հանդուրժում էին Փաշինյանին՝ համարելով, որ նա թեկուզ պարտության միջոցով իրենց խաղաղություն է բերելու, համոզվել են, որ քանի դեռ Փաշինյանը կա, խաղաղություն չի լինելու, այլ լինելու են անընդհատ պատերազմ եւ անվերջ կորուստներ: Մնացածը յուրաքանչյուրի որոշելիքն է:

Ավետիս Բաբաջանյան